Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Արմեն Հարությունյանի գործունեությունը կարեւոր ազդեցություն է ունեցել»


Հայաստան – Մարտիմեկյան բախումների արդյունքում զոհված ու կալանավորված ընդդիմադիրների հարազատները բողոքի ցույց են անցկացնում Երեւանում, 7-ը ապրիլի, 2010
Հայաստան – Մարտիմեկյան բախումների արդյունքում զոհված ու կալանավորված ընդդիմադիրների հարազատները բողոքի ցույց են անցկացնում Երեւանում, 7-ը ապրիլի, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանի գնահատմամբ, օմբուդսմեն Արմեն Հարությունյանին իր հնգամյա գործունեության ընթացքում հաջողվել է «ամրացնել Մարդու իրավունքի պաշտպանի ինստիտուտը»:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը փետրվարի 1-ին հրաժարական է ներկայացրել այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ եւ այսօր հանդես եկավ ամփոփիչ ասուլիսով:

«Անկախ այն բանից, որ տարբեր հարցերում պարոն Հարությունյանի հետ եղել են կարծիքների ու դիրքորոշումների սկզբունքային տարբերություններ, նրա գործունեությունն, անշուշտ, կարեւոր ազդեցություն է ունեցել մեր երկրում մարդու իրավունքների երաշխավորման ու պաշտպանության մակարդակի բարձրացման հարցում», - ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի գրավոր հարցմանը փոխանցել է նախագահ Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի պաշտոնավարման 5 տարիներին նրա հասցեին քննադատություն են հնչեցրել թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմությունը:

Հայաստանի նախագահի պաշտոնը 10 տարի զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից հետո հայտարարել էր, թե Արմեն Հարությունյանն իր ամենաանհաջող կադրն է եղել: Հարությունյանը մի շարք հարցեր է առաջադրել Հայաստանի իշխանություններին մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ:

Ընդդիմությունը մարտի 1-ի դեպքերից որոշ ժամանակ անց Արմեն Հարությունյանի գործունեությունից դժգոհելով` հայտարարում էր, թե նա կողմնակալ է եւ իշխանություններին հաճո գործունեություն է ծավալում:

Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, ով այժմ ընդդիմադիր «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության անդամ է, նաեւ գնահատելով Արմեն Հարությունյանի գործունեությունը, ասում է` «մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտը Հայաստանում գտնվում է բավականին տխուր վիճակում»: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Ալավերդյանը, մասնավորապես, անդրադարձավ այն փաստին, որ Արմեն Հարությունյանը մինչեւ պաշտոնավարման ավարտը խուսափեց 2008-ի հետընտրական զարգացումների առնչությամբ կալանավորված ընդդիմադիրներին «քաղբանտարկյալ» տերմինով բնորոշելուց:

«Չափազանցված է այն հիմնավորումը, որ եթե դու դա ասում ես, որպես այդ բարձր պաշտոնատար անձ [օմբուդսմեն], Հայաստանը կարող է ընկնի այն ցուցակի մեջ, որի դեպքում քաղբանտարկյալների հարցով հատուկ զեկուցող պետք է լինի», - պարզաբանեց նախկին օմբուդսմենը` ընդգծելով. - «Ես, փաստորեն, ավելի ազատ մարդ էի այն առումով, որ երբեւիցե չէի ներկայացնում իշխանություն»:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի Քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեի համակարգող Վարդան Հարությունյանի կարծիքով արդեն հրաժարական ներկայացրած օմբուդսմենի գործունեությունը պետք է բաժանել 3 փուլի. - «Դա մինչ «Մարտի 1», երբ նա եղել է Ռոբերտ Քոչարյանի ամենահաջող կադրը, «Մարտի 1» եւ դրանից հետո, երբ նա Ռոբերտ Քոչարյանի ամենաանհաջող կադրն էր այլեւս, եւ 2009-ի ամառվանից հետո, երբ նա նորից փորձում էր վերածվել հաջող կադրի»:

Վարդան Հարությունյանը նաեւ կարծիք հայտնեց, որ «Մարտի 1»-ին եւ դրան հաջորդող շրջանում Արմեն Հարությունյանը իրեն դրսեւորել է «բավականին լավ» եւ այդ ընթացքում կարողացել է մարդու իրավունքների ինստիտուտին հաղորդել «ե՛ւ միս, ե՛ւ արյուն», սակայն վերջին շրջանում փորձում էր «հստակ չարտահայտվել Հայաստանում ընթացող դեպքերի մասին, որը էլ իրավապաշտպանություն չէ»:

Արմեն Հարությունյանի գործունեությունը նորմալ գնահատեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Սաֆարյանը:

Դաշնակցություն խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչ Լիլիթ Գալստյանը վկայակոչեց միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցները, համաձայն որոնց, Հայաստանը շարունակաբար քննադատության է արժանանում:

«Ես որեւէ առարկայական եւ շոշափելի փաստեր չեմ տեսնում, որ կարողանամ բարձր գնահատական տալ նրա գործունեությանը, եւ դա ես տեսնում եմ ընդհանրապես մեր իրականության համատեքստում, որտեղ ավաղ մարդու իրավունքները շարունակում են մնալ խոցելի», - ասաց պատգամավորը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG