Մատչելիության հղումներ

Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաեւը այսօր ստորագրել է Սահմանադրության մեջ լրացումներ կատարելու մասին օրենքը, որով սահմանադրական հիմքեր են ստեղծվում իր կողմից արտահերթ ընտրություններ նշանակելու եւ անցկացնելու համար:

Ավելի վաղ այսօր Ղազախստանի խորհրդարանի երկու պալատների` Սենատի եւ Մեջլիսի համատեղ նիստում միանգամից երկու ընթերցմամբ ընդունել է Սահմանադրության մեջ ամրագրված կարգը փոփոխող օրենքը, որը թույլ է տալիս երկրի նախագահին արտահերթ ընտրություններ նշանակել:

Սահմանադրության չփոխված` նախկին տարբերակը նախատեսում էր, որ արտահերթ ընտրություններ կարող է նշանակել միայն Մեջլիսը:

Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահը արտահերթ ընտրություններ անցկացնելու առաջարկ արեց երկու օր առաջ` հունվարի 31-ին: Միեւնույն ժամանակ նա հայտարարեց, որ կողմ չէ իր լիազորությունները առանց ընտրությունների մինչեւ 2020 թվականը երկարաձգելու հարցով հանրաքվե անցկացնելուն:

«Ես որպես նախագահ եւ Սահմանադրության երաշխավոր, չեմ կարող նախադեպ ստեղծել, որը սխալ կողմնորոշիչ կլինի քաղաքական գործիչների հաջորդ սերունդի համար: Ես առաջարկում եմ արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել` չնայած, որ դրանով գրեթե 2 տարով կրճատվում է իմ ներկայիս լիազորությունների ժամկետը», - հայտարարել է Նազարբաեւը:

Նորսուլթան Նազարբաեւի լիազորությունները մինչեւ 2020 թվականը հանրաքվեի միջոցով երկարաձգելու գաղափարն առաջարկել էր խորհրդարանը` միաձայն ընդունելով այդ օրինագիծը: Որը, սակայն, հունվարի 14-ին Նազարբաեւը չստորագրեց եւ ուղարկեց Սահմանադրական խորհրդի քննությանը:

Ղազախստանի սահմանադրական խորհուրդը հանրաքվեի անցկացնելու խորհրդարանի ընդունած օրենքը համարեց հակասահմանադրական:

Եվրոպան եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները բավական կոշտ արձագանքեցին հանրաքվեի գաղափարին` դա համարելով «ժողովրդավարական հետընթաց Ղազախստանում»:

Ղազախստանի ընդդիմադիրների մի մասը դեմ է արտահերթ նախագահական ընտրությունների անցկացմանը եւ դա համարում է «ժողովրդին մոլորեցնելու հերթական փորձ»:

Նազարբաեւը Ղազախստանը ղեկավարում է արդեն 20 տարուց ավելի, նրա նախագահության ժամկետն ավարտվելու է 2012 թվականին:

Սահմանադրության համաձայն` Ղազախստանի նախագահը կարող է իր թեկնածությունն առաջադրել երկու անգամ, սակայն Նազարբաեւի համար բացառություն է արված` նա կարող է առաջադրվել որքան ցանկանա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG