Մատչելիության հղումներ

logo-print

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Հայաստանում սպառողական գները 2010 թվականի ընթացքում աճել են 10.6 տոկոսով:

Թանկացել է գրեթե ամեն ինչ` սննդամթերքը, խմիչքը, ծխախոտը, դիզելային վառելիքը, ծառայությունները: Գների ամենամեծ աճը, սակայն, գրանցել են պարենային ապրանքները:

Աճ է արձանագրվել նաեւ անցած տարվա դեկտեմբերի եւ այս տարվա հունվարի համեմատության արդյունքում: Վերջին ուսումնասիրությունը դիտարկել է 13 անուն ապրանք, որոնցից, պարզվել է, միայն երկուսը չեն թանկացել: Հիմնականում մեծ է ձվի, մրգի, բարջարեղենի (հատկապես կաղամբի ու կարտոֆիլի) գնաճը:

Խնձորը, օրինակ, մեկ ամսվա ընթացքում թանկացել է մոտ 60 տոկոսով: Կարտոֆիլը` 24 տոկոսով, կաղամբը` ավելի քան 50 տոկոսով: Ընդհանուր առմամբ, մրգերն ու բանջարեղերը 25 տոկոսանոց գնային աճ են արձանագրել:

Ոչ-պարենային ապրանքների դեպքում աճը ավելի փոքր է եղել:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում երեւանցիները անհանգստացած էին հատկապես պարենի թանկացմամբ:

«Ես կարծում եմ, դա հատուկ քաղաքականություն է, որ հայերը ուղղակի թողնեն, այստեղից գնան», - ասաց միջին տարիքի մի տղամարդ:

Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը (ՀՀԿ) «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պարենային ապրանքների գների անցած տարվա աճը պայմանավորեց գյուղատնտեսության համար անբարենպաստ տարով:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի տնտեսական հանձնախմբի անդամ Վահագն Խաչատրյանի գնահատմամբ, գնաճը, առաջին հերթին, մենաշնորհները չզսպելու արդյունքն է:

«Մոտեցումը իշխանության կողմից եղել է սա` մենք ունենանք հլու-հնազանդ մարդիկ, որոնք չեն ունենա ֆինանսական աղբյուրներ, կամակատարներ կլիներ, որոնք ընտրությունների ժամանակ 1000, 3000 կամ 5000 դրամով կվաճառեն իրենց ձայնը: Դրա շարունակությունը հիմա մենք զգում ենք իրական կյանքում, երբ գները ֆանտաստիկ տեմպերով աճում են: Համակարգը, որը այսօր աշխատում է մեզ մոտ, ուղղված չէ ժողովրդին, ուղղված չէ քաղաքացուն: Այդ համակարգը ուղղված է այդ մի խումբ մարդկանց հարստանալուն», - մեկնաբանեց Խաչատրյանը` հալելելով, որ նման ընթացքը հնարավոր է դարձնում սոցիալական խռովությունները` հավելելով. - «Բոլոր պայմանները կան, որ սոցիալական բունտ լինի»:

«Բունտով երբեմն որեւէ դրական արդյունքի հասնել հնարավոր չէ», - հակադարձեց Գագիկ Մինասյանը. - «Խնդիրները պետք է լուծվեն այլ հարթության մեջ, որովհետեւ իշխանությունները ունեն իրենց գործառույթները եւ նրանք պետք է անեն այդ գործառույթները հավուր պատշաճի»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG