Մատչելիության հղումներ

logo-print

Փորձագետները պահանջում են խստացնել մանկապղծության համար սահմանված պատժամիջոցները


Արխիվ -- Բողոքի ակցիա` Նուբարաշենի հատուկ դպրոցի սաների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարած նախկին ուսուցչի համար առավելագույն պատիժ սահմանելու պահանջով, 19-ը մայիսի, 2010թ.

Արխիվ -- Բողոքի ակցիա` Նուբարաշենի հատուկ դպրոցի սաների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարած նախկին ուսուցչի համար առավելագույն պատիժ սահմանելու պահանջով, 19-ը մայիսի, 2010թ.

Ոլորտի մասնագետները կոչ են անում խստացնել անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների համար օրենքով նախատեսված պատժամիջոցները:

«Ցանկացած հայ մարդ պետք է հասկանա` հանկարծ փորձեց երեխային 5 մետրից ավելի մոտենա այլ նպատակով, դա իր համար ունենալու է անդառնալի հետեւանք: Պետության քաղաքականությունը դա պետք է լինի», - չորեքշաբթի օրը հրավիրած ասուլիսում հայտարարեց Հայաստանի գլխավոր դատախազության իրավական ապահովման եւ եվրաինտեգրման բաժնի ավագ դատախազ Արթուր Ղամբարյանը:

Նա մասնավորապես վկայակոչում է Քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածը, որով տասնվեց տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելը պատժվում է պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2009 թվականի տվյալներով`18 նման դատական ակտերից միայն 3-ի դեպքում է որպես պատիժ նշանակվել ազատազրկումը, մնացած դեպքերում սահմանվել է տուգանք: Սա, ըստ Ղամբարյանի, անթույլատրելի է:

«Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպությունը հանդես է եկել Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ, որով առաջարկվում է հանել տուգանքի ձեւով պատժատեսակը եւ խստացնել ազատազրկման առավելագույն պատժաչափը մինչեւ 6 տարի:

«Եթե ունենան այդ մտավախությունը, [որ պատիժը տուգանքով չի սահմանափակվի], իրենք էլ կմտածեն գործողությունն անելուց առաջ», - վստահեցրեց ասուլիսում մյուս բանախոսը` People in Need չեխական կազմակերպության «Երեխաների թրաֆիքինգը Հայաստանում» ծրագրի ղեկավար Տաթեւիկ Բեժանյանը:

Ոլորտի փորձագետները վստահ են, որ դատավորներին չպետք է այլընտրանքի` տուգանք նշանակելու հնարավորություն թողնել:

Հայաստանի դատական դեպարտամենտի տվյալներով, 2000-2010 թվականների ընթացքում ընդհանուր իրավասության դատարաններում քննված գործերի վիճակագրության համաձայն սեռական բնույթի հանցագործություններից տուժել է շուրջ 100 անչափահաս:

Հաշվի առնելով այս հանցագործությունների լատենտային` գաղտնի բնույթը, սա միայն այսբերգի երեւացող մասն է, ասում են փորձագետները:

«Եթե մենք ջայլամի քաղաքականության պես գլուխներս թաքցնենք, որ իբրեւ թե ամեն ինչ նորմալ է մեր հասարակությունում, մի քանի տարի հետո դրա հետեւանքները կլինեն բավականին ծանր», - կարծում է Արթուր Ղամբարյանը:

Այս օրերին հասարակական քննարկումների թեմա են դարձել «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի» սեփականատեր, ԱՄՆ քաղաքացի Սերոբ Տեր-Պողոսյանին մանկապղծությամբ զբաղվելու մեջ մեղադրող լուրերը: Տեր-Պողոսյանը, սակայն պնդում է, որ ինքը շանտաժի եւ չարակամության զոհ է:

«Այս հանցագործությունը գաղտնի չէ, ամբողջ Ախթալան գիտի դրա մասին», - հայտարարեց Տաթեւիկ Բեժանյանը` շարունակելով. - «Նույնիսկ գիտեն այն երեխաներին, ովքեր ունենում են այդպիսի հարաբերություններ այդ մարդու հետ: Գումարի չափն էլ գիտեն անգամ»:

Հունվարի 31-ին, հիշեցնենք, «Հետք» էլեկտրոնային պարբերականը գրել էր, թե ախտալացիները լեռնահարստացման կոմբինատի սեփականատիրոջը մեղադրում են սոցիալապես անապահով ընտանիքների անչափահաս երեխաներին մեծ գումարներով պղծելու մեջ:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Տեր-Պողոսյանը երեկ հերքել է բոլոր մեղադրանքները:

Այսօր հայտնի դարձավ, որ Լոռու մարզի դատախազը, ով երեկ «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, թե Տեր-Պողոսյանի հանցանքն ապացուցող տեսագրություն իրենք չեն ստացել, մեկնել է արձակուրդ:

Իսկ մարզի ոստիկանապետը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կրկին փաստեց, որ «որեւէ տեսանյութ կամ հաղորդում» իրենք չեն ստացել:

Արթուր Ղամբարյանը հայտարարեց, որ գործը բացահայտելու համար անհրաժեշտ է այն շտապ բերել Ոստիկանության գլխավոր քննչական վարչություն` ընգծելով, որ եթե տուժողները չառնվեն հատուկ պաշտպանության տակ, «գործը կմտնի փակուղի»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG