Մատչելիության հղումներ

«Ընդհատված երգը»-ը հանդիսատեսին կներկայացվի մայիսի վերջին


«Ընդհաատված երգը» ֆիլմի պրոդյուսեր Աշոտ Պողոսյանը:

«Ընդհաատված երգը» ֆիլմի պրոդյուսեր Աշոտ Պողոսյանը:

Հայ-ադրբեջանական հարաբերությունների թեման շոշափող «Ընդհատված երգ»-ը գեղարվեստական կինոնկարը, որ նկարահանում է մոսկովաբնակ երիտասարդների մի խումբ` Արիկ Մանուկյանի եւ Աշոտ Պողոսյանի գլխավորությամբ, հանդիսատեսի դատին կներկայացվի գալիք մայիսի վերջին:

Ֆիլմի սյուժեն հետեւյալն է. Ղարաբաղյան պատերազմի ընթացքում հայն ու ադրբեջանցին ընկնում են մի հորի մեջ, եւ նրանց միջեւ երկխոսություն է ծավալվում երկու ժողովուրդների միջեւ հարաբերությունների, պատերազմի մասին: Նրանցից յուրաքանչյուրը, բնականաբար, փաստարկներ է բերում հօգուտ սեփական դիրքորոշման:

Ըստ հեղինակների մտահղացման, ֆիլմում կերպարները պետք է մարմնավորեն մեկական հայ եւ ադրբեջանցի դերասան: Սակայն Ադրբեջանի կողմից լուրջ ճնշումների ենթարկվելով` Մոսկվայում բնակվող ադրբեջանցի դերասանը հրաժարվեց մասնակցել նկարահանումներին: Ադրբեջանական լրատվամիջոցներում, հիշեցնենք, մեծ արշավ է սկսվել ֆիլմի դեմ:

«Մամուլում հրապարակումներ եղան, որ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլ-բյուլօղլին հանդիպումներ է ունենում Մոսկվայի` ազգությամբ ադրբեջանցի դերասանների հետ եւ հորդորում նրանց որեւէ կերպ մասնակցություն չունենալ մեր նախագծին: Մենք նամակով դիմեցինք Բյուլ-բյուլօղլուն, դեռեւս որեւէ մեկնաբանություն չենք ստացել այս հարցի վերաբերյալ», - չորեքշաբթի օրը Երեւանում լրագրողների հետ հանդիպմանը հավելեց ֆիլմի պրոդյուսեր Աշոտ Պողոսյանը:

Իսկ ադրբեջանական այդ արշավի պատճառը նա համարում է այն, որ ֆիլմը կարող է ստանալ «լայն հասարակական արձագանք» եւ «միջազգային հանրությանը կներկայացնի կոնֆլիկտի եւ հետագա իրադարձությունների իրական պատկերը` չհամեմված ադրբեջանական պրոպագանդայով»:

Պողոսյանը փոխանցեց, որ արդեն բանակցել են մեկ այլ ադրբեջանցի դերասանի հետ եւ ստացել են նրա համաձայնությունը: Այս անգամ դերասանի անունը գաղտնի է պահվում, որպեսզի ադրբեջանցիները չկարողանան ճնշում գործադրել նրա վրա:

Հայ զինվորի դերը ֆիլմում կկատարի Մոսկվայում բնակվող 28-ամյա դերասան Կարեն Մարտիրոսյանը:

Ինչ վերաբերում է ֆինանսավորմանը, ապա Պողոսյանի խոսքով, նկարահանումները սկսելու համար ինքը վաճառել է իր ավտոմեքենան:

«Սկզբից ֆինանսավորման մասին մենք չէինք էլ մտածում: Ֆինանսավորում էինք մեր անձնական միջոցներով. մոտ 10 հազար դոլարի չափ էր բյուջեն: Բայց այս աղմուկից հետո սկսեցին հետաքրքրվել որոշ ներդրողներ, որոնց հետ այժմ տարվում են բանակցություններ», - նշեց պրոդյուսերը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG