Մատչելիության հղումներ

logo-print

Օմբուդսմենը հրաժարական է ներկայացրել


Օմբուդսմեն Արմեն Հարությունյանի ասուլիսը, Երեւան, 2-ը փետրվարի, 2011թ.

Օմբուդսմեն Արմեն Հարությունյանի ասուլիսը, Երեւան, 2-ը փետրվարի, 2011թ.

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը փետրվարի 1-ին հրաժարական է ներկայացրել: Այդ մասին նա հայտնեց չորեքշաբթի օրը հրավիրած ասուլիսում:

«Համաձայն Ազգային ժողովի կանոնակարգի 97 հոդվածի 6-րդ մասի` ես հրաժարականի մասին դիմում եմ ներկայացրել Ազգային ժողով` տեղեկացնելով, որ ստանձնել եմ Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցչի պաշտոնը», - ասաց Արմեն Հարությունյանը:

Օմբուդսմենը ասուլիսում տեղեկացրեց ¸որ այդ պաշտոնը կզբաղեցնի մոտ 2 տարի, սակայն մտադրություն ունի «մարդու իրավունքների միջազային համակարգից այլեւս դուրս չգալ»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան` նա տեղեկացրեց, որ Ազգային ժողովի առաջին իսկ նիստի ընթացքում խորհրդարանի նախագահը պետք է տեղեկացնի օմբուդսմենի հրաժարականի մասին, եւ 3 օր հետո, եթե Արմեն Հարությունյանը ետ չվերցնի իր դիմումը, հրաժարականը կհամարվի ընդունված:

Փետրվարի 11-ից հետո մինչեւ նոր օմբուդսմենի ընտրությունը Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունը կստանձնի օմբուդսմենի գրասենյակի աշխատակազմի ղեկավարը:

«Այսինքն, մինչեւ ամսի [փետրվարի] 11-ը ես օմբուդսմեն եմ, իսկ 11-ից հետո` ոչ», - ասաց Հարությունյանը:

Հարցին` քննարկե՞լ է արդյոք նոր օմբուդսմենի թեկնածության հարցը հանրապետության նախագահի հետ, նա պատասխանեց, որ նման քննարկում չի եղել:

2010-ի զեկույցն` առանց «Մարտի 1»-ի


Հրաժարականի դիմումից բացի Արմեն Հարությունյանը երեկ նախագահին, օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանություններին է ներկայացրել 2010 թվականին Հայաստանում մարդու իրավունքների խախտման մասին տարեկան զեկույցը: Ընդ որում` այդ զեկույցում պաշտպանը անդրադարձ չի կատարել 2008-ի հետընտրական զարգացումներին եւ մարտի 1-2-ի իրադարձությունների առնչությամբ անազատության մեջ գտնվող ընդդիմադիր գործիչների խնդիրներին:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչո՞ւ մարտիմեկյան սպանությունները չբացահայտվեցին, արդյո՞ք իսկապես հնարավոր չէր դրանք բացահայտել, թե ուղղակի դա անելու ցանկություն չկար, Արմեն Հարությունյան ասաց, թե չի կարող ասել, որ իրավապահ մարմինները չեն ցանկացել բացահայտել այդ սպանությունները:

«Իմ մոտեցումը այն է, որ իրավապահ մարմինները օրենքով նախատեսված միջոցառումները բոլորը արել են, բայց ես դժգոհ եմ, թե ինչպես են արել: Ես այստեղ ավելի շատ իրավապահ մարմինների գործունեության որակի նկատմամբ կասկած ունեմ: Միգուցե` պրոֆեսիոնալիզմն է այդքան եղել», - ասաց օմբուդսմենը:

Ինչ վերաբերում է 2010 թվականի զեկույցին, ապա անցած տարի Հայաստանի քաղաքացիները ամենաշատը դժգոհել են Երեւանի քաղաքապետարանից եւ ոստիկանությունից:

Մասնավորապես, զգալիորեն աճել են Մարդու իրավունքների պաշտպանին հղված այն դիմում-բողոքների թիվը, որոնք վերաբերել են քաղաքացիներին ոստիկանության տարբեր բաժիններ անհիմն բերման ենթարկելուն եւ անազատության մեջ ապօրինի պահելուն, այդ ընթացքում ոստիկանության աշխատակիցների կողմից դրսեւորված դաժան, անմարդկային վերաբերմունքին, որպես մեղադրյալ ներգրավված անձանցից բռնությամբ եւ սպառնալիքի ազդեցությամբ իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ կորզելուն:

«Մինչեւ 2009-ը` ճնշումների տակ ենք գործել»


Ասուլիսում Արմեն Հարությունյանը ամփոփեց նաեւ իր պաշտոնավարման 5 տարիները` տեղեկացնելով, որ 2006-ից մինչեւ 2010 թվականը Մարդու իրավունքների պաշտպանը քաղաքացիներից ստացել է մոտ 18 հազար դիմում-բողոք: Այս ընթացքում վերականգնվել է 8 հազար մարդու խախտված իրավունք:

Արմեն Հարությունյանը ներողամտություն հայցեց բոլոր այն մարդկանցից, ովքեր ավելի շատ ակնկալիքներ են ունեցել իրենից` հավաստիացնելով, որ արել է առավելագույնը, ինչ կարող էր:

Հարցին, թե արդյոք պաշտոնավարման ընթացքում իշխանությունները իր վրա շա՞տ են ճնշումներ գործադրել, օմբուդսմենը արձագանքեց. - «Մինչեւ 2009 թվականը միանշանակ միայն ճնշումների տակ ենք գործել: 2009 թվականից դա բալանսավորվեց, եւ արդեն ինչ-որ տեղ դժվար էր ասել` ընդդիմության ճնշումն էր ավելի մեծ, թե իշխանության»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG