Մատչելիության հղումներ

Փետրվարի 2-ի մամուլ


Արձագանքելով երեկ մայրաքաղաքում տեղացած առատ ձյանը քաղաքային իշխանությունների պատրաստ չլինելուն` «Առավոտ»-ի խմբագրականը գրում է. - «Երբ Երեւանում ուժեղ ձյուն է տեղում, դա իսկական աղետ է բնակիչների համար: Ընդ որում, վերջին տարիներին օդերեւութաբանների տեխնիկական միջոցները այնքան են զարգացել, որ նրանք բավականին ճշգրիտ են կանխատեսում` երբ եւ որքան ձյուն է գալու, այնպես որ ոչ մեկի լեզուն չի պտտվի ասել, թե ձյունը անսպասելի էր: Այս տարի, օրինակ, մենք մոտ 10 օր առաջ գիտեինք, որ Երեւանում փետրվարի 1-ին ձյուն է գալու: Դրա մասին, ենթադրում եմ, քաղաքապետարանում նույնպես գիտեին, եւ շատ տրամաբանական կլիներ, որ հունվարի 31-ի երեկոյան կազմուպատրաստ սպասեին այդ իրադարձությանը: Մինչդեռ տպավորությանն այն է, որ քաղաքապետարանը հանկարծակիի էր եկել, որի հետեւանքով երեկ առավոտյան ճանապարհների վիճակը ահավոր էր: Վկա` մի քանի տասնյակ վթարներն ու բազմաթիվ խցանումները»: «Փոխվում են հասարակարգեր, ռեժիմներ, սեւ եւ սպիտակ քաղաքապետեր, բայց այդ տխուր փաստի արձանագրումը կրկնվում է բոլոր հասարակարգերի եւ քաղաքապետերի ժամանակ», - ընդհանրացնում է խմբագիրը:

Առատ ձյանն ու դրա հետեւանքներին է անդրադառնում նաեւ «Երկիր»-ը` գրելով. - «Ձյունը քիչ էր, ԱՊՊԱ-ն էլ վրադիր եկավ: Պարզվում է, ձյուն պետք է գար, ավտովթարներ լինեին, որ հասկանայինք, որ ԱՊՊԱ-ն ժամանակավրեպ էր: Ի՞նչ օգուտ ստացան պարտադիր ապահովագրության անցած այն վարորդները, ովքեր ահազանգում էին, իսկ գործակալները լռում էին… Ասում են` պատրաստ չեն: Պարտադրելիս պատրաստ էին, չէ՞: Նման պատճառաբանությունից հետո մարդը զգում է, որ հերթական անգամ խաբված է եւ պաշտոնյաներին, ովքեր, ցավոք, ասոցիացվում են պետության հետ, մտովի հիշելը, բնական է, դառնում է արդարացված: Իսկ կարելի էր, չէ՞, ամեն ինչ կազմակերպել այնպես, որ լավ լիներ, մանավանդ, երբ օրվա կեսին արդեն մաքրման աշխատանքները ընթացքի մեջ ընկան»:

Ներքաղաքական թեմաների շրջանակում մամուլը շարունակում է վերհանել Հայաստան-Եգիպտոս զուգահեռները: «Չորրորդ ինքնիշխանություն» թերթում կարդում ենք. - «Քաղաքական դաշտում աշխուժորեն քննարկվում է այն հարցը, թե ինչու Հայաստանում տեղի չունեցավ այն, ինչ այս օրերին տեղի է ունենում Եգիպտոսում: Ամեն մեկը մի բան է ասում: Մեկն ասում է` Հայաստանում դրա նախադրյալները չկան, մի ուրիշն ասում է` պատճառը մեր ազգային մենթալիտետն է, որովհետեւ մեր ժողովուրդը բունտ անել չի սիրում, երրորդն ասում է` պատճառը ընդդիմության որակն է կամ վճռականության պակասը եւ այլն: Մի քանի նկատառումներ էլ մենք ներկայացնենք: Միջազգային հեղինակավոր վերլուծաբանները որպես Եգիպտոսի սոցիալական ահավոր վիճակի ապացույց նշում են մի փաստ` մարդիկ իրենց եկամուտների 41 տոկոսը ծախսում էին սննդամթերքի վրա, իսկ դա համարվում է խայտառակ ցուցանիշ: Իսկ գիտե՞ք, թե Հայաստանում մարդիկ իրենց եկամտի քանի տոկոսն են ծախսում սննդամթերքի վրա. 70-72 տոկոսը: Այնպես որ, սոցիալական բունտի նախադրյալները Հայաստանում պետք եղածից դեռ մի բան էլ շատ են: Ինչ վերաբերում է ընդդիմության որակներին, ապա այդ թեման քննարկելուց առաջ երեւի արժե հիշել, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանում 2008-ի մարտի 1-ին, եւ ինչ է տեղի ունենում այսօր Եգիպտոսում: Երեք տարի առաջ Երեւանում բանակը դուրս բերվեց ժողովրդի դեմ, իսկ Եգիպտոսում բանակը ոչ թե ժողովրդի դեմ է դուրս բերվել, այլ` հանուն կարգուկանոնի հաստատման: Ինչո՞ւ: Որովհետեւ Եգիպտոսի իշխանություններն ամեն դեպքում նաեւ պետության մասին են մտածում, բանակն էլ մոնոլիտ կառույց է, եւ «կողքից վենա մտած» կրիմինալ ստրուկտուրաներ չունի»: Այս եւ մի շարք այլ դիտարկումներ ներկայացնելուց հետո թերթը եզրակացնում է. - «Մեղքն ընդդիմության վրա բարդելն արդարացի չէ: Պատճառն իշխանություններն են, ավելի ճիշտ այն փաստը, որ Հայաստանն իշխանություններ չունի: Դրա փոխարեն իշխանությունը զավթել է քրեական հանցագործների փոքրիկ մի խումբ, որի դեմ պայքարելը պարզապես վտանգավոր է կյանքի համար: Ահա եւ ողջ տարբերությունը»:

Թեման արծարծվում է նաեւ «Հայոց Աշխարհ» թերթում. - «Թունիսում, Եգիպտոսում ու Եմենում տեղի ունեցած իրադարձությունները, որոնք ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում դարձել են բուռն քննարկման առարկա, ակնհայտորեն խառն զգացումներ են առաջացրել հայրենի հեղափոխականների հոգում ու սրտում: Ինչ խոսք, Տեր-Պետրոսյանի կոնգրեսն անչափ ոգեւորված է, ավելին` հանդես գալով հայ հասարակության անունից, հայտարարում է, թե արաբական աշխարհում իրար հաջորդող իշխանափոխությունները ոգեւորել են նաեւ մեր հասարակությանը, ինչը հազիվ թե կարելի է իրական համարել: Քանզի հետաքրքրությունը այլ բան է, ոգեւորությունը` այլ: Մեր հասարակությանը չի կարող ոգեւորել այն քաոսային իրավիճակը, հարյուրավոր մարդկային զոհերն ու անիշխանությունը, որ մասնավորապես տիրում է Եգիպտոսում: Եվ ընդհանրապես դժվար թե որեւէ նորմալ հասարակություն կցանկանար իր երկրում տեսնել «Պոմպեյի վերջին օրը» կտավը հիշեցնող տեսարաններ, ինչպիսին վերջին օրերին տեսնում ենք Կահիրեի փողոցներում»:

«Հրապարակ»-ը գրում է. - «Մեր պետության առաջին դեմքերը, պարզվում է, չեն խորշում իրենց վրա նորանոր, առավել ծանր բեռ վերցնելուց: Այլ կերպ հնարավոր չէ անվանել այն, որ երկրի նախագահը համաձայնում է դառնալ Երեւանի պետական, վարչապետը՝ մանկավարժական, Ազգային ժողովի նախագահը՝ տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահ: Կամ այս անձինք այնքան ազատ ժամանակ ունեն, որ կարող են նաեւ հասարակական հիմունքներով նման պատասխանատու աշխատանք կատարել: Կամ՝ այդ աշխատանքը չի պատասխանատու, ընդամենը ձեւ է, հարսանիքի գեներալի նման մի բան»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG