Մատչելիության հղումներ

logo-print

Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի սեփականատերը իրեն «մանկապիղծ» որակող լուրերը նախանձողների ձեռքի գործն է համարում


«Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի» տնօրինությունն այսօր հերքել է մամուլում հրապարակված տեղեկատվությունն այն մասին, թե «Մեթըլ Փրինս» ընկերության սեփականատեր, ԱՄՆ քաղաքացի Սերոբ Տեր-Պողոսյանը մանկապղծությամբ է զբաղվել: Ընկերությանն է պատկանում Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը:

Հունվարի 31-ին «Հետք» էլեկտրոնային շաբաթաթերթը գրել էր, թե ախթալացիները լեռնահարստացման կոմբինատի սեփականատիրոջը մեղադրում են սոցիալապես անապահով ընտանիքների անչափահաս տղաներին մեծ գումարներով դեպի իրեն գրավելու եւ նրանց պղծելու մեջ:

Սերոբ Տեր-Պողոսյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքեց այն ամենը, ինչ հրապարակվել է՝ ասելով, թե այս կերպ փորձում են արատավորել իր ու իր կնոջ բարի համբավը: ԱՄՆ քաղաքացին առանց անուններ նշելու ասում է, թե Ախթալայում իրեն նախանձողներ կան, որ շարունակ վատություն են ուզում իրենց անել, բայց ինքը, այս ամենին հակառակ, միշտ էլ օգնել է ախթալացիներին, ու կշարունակի օգնել:

«Չկա ընտանիք, մարդ, որին օգնած չլինեմ», - ասաց Տեր Պողոսյանը:

«Հետք»-ի հրապարակման մեջ նշվում է, որ Ախթալայի բնակիչ 25-ամյա Վահրամ Փարսադանյանը շանտաժի է ենթարկել Սերոբ Տեր-Պողոսյանին: Տղան 30 հազար ԱՄՆ դոլար պարտք է ունեցել: Գումարը պահանջել է Սերոբ Տեր-Պողոսյանից՝ սպառնալով չտալու դեպքում նրա մանկապղծության փաստը հաստատող` իր ձեռքի տակ եղած տեսագրությունը հանձնել իրավապահներին:

Սերոբ Տեր-Պողոսյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե Վահրամ Փարսադանյանն ու նրա մայրն իր աշխատողներն են: Տղան իսկապես իրենից գումար է խնդրել, բայց ինքը հրաժարվել է տալ եւ նրանց սպառնալիքներին լուրջ ուշադրություն չի դարձրել:

Վահրամ Փարսադանյանի հետ կապվել չհաջողվեց՝ նրա ընտանիքը խուսափում է այս թեմայի մասին խոսել:

Ախթալայում Տեր-Պողոսյանի վերաբերյալ տարաբնույթ լուրեր իսկապես պտտվում են, այդ թվում` խոսվում է այն մասին, որ իշխանությունները ցանկանում են ԱՄՆ քաղաքացուց խլել լեռնահարստացման կոմբինատը, իսկ քաղաքապետ Հայկ Խաչիկյանն ու իր եղբայրը` Սոցիալական պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանը, այդ հարցում աջակցում են իշխանություններին:

Քաղաքապետ Հայկ Խաչիկյանն «Ազատություն» ռադիոկայաին ասաց, թե ինքը եւս լսել է Տեր-Պողոսյանին վարկաբեկող լուրերի, ինչպես նրա մեղքն ապացուցող վերոհիշյալ տեսագրության մասին:
Հարցին, թե ու՞մ նկատի ունի Տեր-Պողոսյանը` ասելով, թե ինքն Ախթալայում նախանձողներ ունի, քաղաքապետը ասաց` «չգիտեմ, մեզ [իրեն եւ եղբորը] նկատի չունի»:

«Մեր հարաբերությունները նորմալ են»,- ընդգծեց նա:

Նշենք, որ Ախթալայի կոմբինատի սեփականատերը եւս լայն կապեր ունի կառավարությունում, իսկ մինչեւ դեկտեմբերի 31-ը` հանդիսանում էր վարչապետի խորհրդականը: Ընդ որում, մինչեւ երեկ նրա անունը` որպես վարչապետի խորհրդական, կար կառավարության կայքում:

Վարչապետ Տիգրան Սարգսյանի օգնական Արամ Անանյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, թե Սերոբ Տեր-Պողոսյանը ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից նրա պայմանագրի ժամկետի ավարտման, ոչ թե նրա անվան շուրջ տարածված լուրերի պատճառով:

Վարչապետ Սարգսյանն երեկ իր բլոգում անդրադարձել է իր արդեն նախկին խորհրդականի անվան շուրջ տարածվող լուրերին` գրելով. - «Չեմ կարողանում համապատասխան բառեր գտնել իմ զգացածն արտահայտելու համար: Կարող եմ միայն խոստանալ. հետեւելու եմ, որ այս հրապարակման հետքերով քննությունը լինի արագ, համակողմանի եւ թափանցիկ»:

Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ իրավապահները Տեր-Պողոսյանի` մանկապղծությունն ապացուցող տեսագրություն չեն ստացել, չնայած վերոհիշյալ հոդվածում արված պնդումներին: Դատախազը նշեց նաեւ, թե իրենք այս մասին հաղորդում էլ չեն ստացել:

«Նման տեսանյութ մեզ չի հատկացրել, մենք չունենք», - ասաց դատախազը` հավելելով, թե իր ցուցումով ուսումնասիրվում են հոդվածում նշված հանգամանքները:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG