Մատչելիության հղումներ

Երեւանում ձյան հետ կապված ավտոպատահարներ են գրանցվել


Այս գիշեր տեղացած առատ ձյունը Երեւանի փողոցներում խցանումներ է առաջացրել:

Ազատության պողոտայում «Ֆորդ» մակնիշի բեռնատարը սահել` հայտնվել էր փողոցի միջանցիկ գոտում: Բարեբախտաբար պատահարից ոչ ոք չէր տուժել: Պատահական անցորդները փորձում էին ավտոմեքենան դուրս բերել երթեւեկելի հատված: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նրանք դժգոհում էին, որ մայթերը մաքրված չեն, վարորդները` որ փողոցները սառցակալվել են, տրանսպորտի սպասող ուղեւորներն էլ, թե` տրանսպորտ չկա, եղած միկրոավտոբուսներն էլ խիստ ծանրաբեռնված են:

«Եղանակի տեսություն են հայտնում, բա իրիկունը ղեկավարությանը չեն ասո՞ւմ… թող ողջ գիշերն աշխատեին, այս ժամին գնային քնեին: Իսկ հեռուստացույցով ասում են` այսքան ավազ ունենք, այսքան հող ենք լցրել: Բա ո՞ւր է, չկա», - «Ազատութուն» ռադիոկայանի հետ զրույցում դժգոհեց անցորդներից մեկը:

Քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Գագիկ Խաչատրյանը, մինչդեռ, ասում է, որ բոլոր ծառայությունները առավոտյան ժամը 5-ից սկսել են աշխատել:

«Ուղղակի միանգամից տեղումները շատ ինտենսիվ եկան: Աղցան մեքենաները բոլորը դուրս էին եկել, սկսել են աղ ցանելը: Ուղղակի երբ որ երթեւեկությունը արդեն սկսեց իրականացվել, մեծ մասը կապրոնե եւ մաշված անվադողերով դուրս են եկել երթեւեկելի մաս, ճանապարհները փակել են: Բավականաչափ աղ եւ ավազ պահեստավորված ունենք, ուղղակի տրանսպորտը խանգարում է, որպեսզի մենք կարողանանք մաքրման աշխատանքները իրականացնենք», - ասաց Խաչատրյանը:

Ոստիկանությունը ձյան հետ կապված բազմաթիվ պատահարներ է արձանագրել:

«Լուրջ դեպքեր, լուրջ պատահարներ առայժմ չունենք», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատար, մայոր Արսեն Արշակյանը, նշելով, սակայն, որ նյութական վնասներով ավտովթարներ գրանցվել են` «բավականին շատ, մոտավորապես 25-30»: Նա նաեւ հավելեց, որ ապահովագրական ընկերությունները «օպերատիվ» արձագանքում են` ժամանում են դեպքի վայր:

«Կուզեինք նախազգուշացնել մեր համաքաղաքացիներին, Երեւան ժամանող մեր հայրենակիցներին, որ մեքենան շահագործեն միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Նաեւ երթուղային տաքսիների վարորդներին եւ տաքսի ծառայությունների ղեկավարությանը կուզեինք կոչ անել, որ գծամաս դուրս բերեն այն տրանսպորտային միջոցները, որոնք տեխնիկապես նորմալ վիճակում են գտնվում», - զգուշացրեց ոստիկանության ներկայացուցիչը:

Ինչ վերաբերում է հանրապետության այլ ավտոճանապարհներին, ապա ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանի խոսքով ընդհանրապես փակված ճանապարհահատվածներ չկան, ուղղակի տեղ-տեղ դժվարանցանելի են դարձել Երեւան – Սեւան եւ Երեւան – Գյումրի ճանապարհները:

Երեւանում ձյան հետ կապված բազմաթիվ ավտոպատահարներ են գրանցվել

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG