Մատչելիության հղումներ

«Ա1+»-ը դատի կտա ՀՌԱՀ-ին եւ Գրիգոր Ամալյանին


Հայաստան -- Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը գնահատում է «Ա1+»-ի հայտը, Երեւան, 16-ը դեկտեմբերի, 2010թ.

Հայաստան -- Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը գնահատում է «Ա1+»-ի հայտը, Երեւան, 16-ը դեկտեմբերի, 2010թ.

«Ա1+» հեռուստատեսությունը առաջիկա օրերին 2 հայց կներկայացնի դատարան` որոնք ուղղված են Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ), ինչպես նաեւ հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանի դեմ:

«Մեկով բողոքարկում ենք մրցույթի անցկացման արդյունքները. մեծ խախտումներ ենք ֆիքսել «Արմնյուզ»-ի փաթեթի մեջ, որը կարող եմ ասել` քրեական գործ է արդեն դառնում», - երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց «Ա1+» հեռուստաընկերության ղեկավար Մեսրոպ Մովսեսյանը:

«Մյուս հայցը, որը ներկայացնելու ենք, Գրիգոր Ամալյանի դեմ է` պահանջում ենք Ամալյանի հրաժարականը եւ ցրել ՀՌԱՀ-ի ամբողջ կազմը», - հավելեց Մովսեսյանը` պարզաբանելով, որ իրենք Ամալյանին մեղադրում են անգործության եւ պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեջ:

Անցած տարվա դեկտեմբերի 16-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը հրապարակեց թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու մրցույթի արդյունքները: Ըստ այդմ, «Ա1+»-ը պարտվեց նույն հաճախականության համար հայտ ներկայացրած «Արմնյուզ» հեռուստաընկերությանը:

ՀՌԱՀ-ի նախագահ Գրիգոր Ամալյանը եւ հանձնաժողովի 6 անդամները 0 միավոր գնահատեցին «Ա1+»-ի հայտը:

Ավելի քան 8 տարի առաջ եթերազրկված «Ա1+»-ը 13-րդ անգամ էր մասնակցում հեռուստահեռարձակման լիցենզավորման մրցույթին:

ՀՌԱՀ-ի հայտարարած լիցենզավորման մրցույթին ներկայացված 18 հաճախություններից միայն 2-ի դեպքում էր, որ կար մրցակցություն. միեւնույն հաճախականությունների համար էին պայքարում ԱԼՄ-ն եւ «Երեւան»-ը, «Ա1+»-ը եւ «Արմնյուզ»-ը։

Նույն մրցույթում ԱԼՄ-ն նույնպես պարտություն կրեց եւ հունվարի 20-ին եթերազրկվեց: ԱԼՄ-ի ղեկավար Տիգրան Կարապետյանը եւս ՀՌԱՀ-ին մեղադրում է իր հեռուստաընկերության նկատմամբ անարդար վարվելու մեջ եւ հունվարին մի շարք բողոքի հանրահավաքներ եւ ակցիաներ է անցկացրել:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG