Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու իրազեկումներ է ներկայացրել


Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրեց, որ երեկ իրենց ներկայացուցիչը Ազատության հրապարակում փետրվարի 11-ին եւ 18-ին հանրահավաքներ անցկացնելու վերաբերյալ իրազեկումներ է ներկայացրել Երեւանի քաղաքապետարան:

Ընդդիմության ներկայացրած իրազեկումները քննարկվելու են վաղը, սակայն ՀԱԿ-ին տեղեկացրել են, որ այդ օրերին Ազատության հրապարակում այլ միջոցառումներ են նախատեսվում:

Մասնավորապես, քաղաքապետարանի Սպորտի բաժնի պետի առաջարկով փետրվարի 15-ից մարտի 10-ը Ազատության հրապարակում սպորտային միջոցառումներ են անցկացվելու: Բացի այդ, քաղաքապետարանի Մշակույթի եւ տուրիզմի վարչության պետի առաջարկով միջոցառումների մեկ այլ շարք էլ նախատեսվում է անցկացնել փետրվարի 15-ից մարտի 15-ը: Այս երկու առաջարկները քաղաքապետարանը ի գիտություն է ընդունել:

Ստորգետնյա ավտոկայանատեղի կառուցելու հետ կապված շինարարական աշխատանքների պատճառով շուրջ երկու տարի փակ մնացած Ազատության հրապարակը` անցած տարվա մայիսին վերաբացվելուց հետո քաղաքապետարանը շարունակաբար մերժում է այստեղ հանրահավաք անցկացնելու մասին Հայ ազգային կոնգրեսի իրազեկումները: Քաղաքային իշխանությունները արդեն մերժել են Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին ընդդիմության 41 դիմումներ, եւ Լեւոն Զուրաբյանի գնահատմամբ, վաղվա որոշումը նախորդներից չի տարբերվելու:

«Ինչ արդարացում ասես` չգտան: Էլ մանկական կարուսելներ, էլ առեւտուր, էլ Նոր տարվա միջոցառումների պատրաստություն` որոնք երբեք տեղի չունեցան: Հիմա էլ հնարել են սպորտային, մշակութային միջոցառումներ: Սերժ Սարգսյանի ռեժիմի համար Ազատության հրապարակի փակումը դառել է մտասեւեռում», - նշեց Զուրաբյանը:

Նախկինում մերժելով ընդդիմության իրազեկումները` քաղաքապետարանը, այդուամենայնիվ, առաջարկել է հանրահավաքներ անցկացնել այլ վայրերում, օրինակ` Մատենադարանի հարակից տարածքում:

«Ազատության» ռադիոկայանի հարցին, թե ինչո՞ւ է ՀԱԿ-ի համար կարեւոր հենց Ազատության հրապարակում հանրահավաքի անցկացումը, Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. - «Մի քանի պատճառ կա: Նախ` Ազատության հրապարակը դա հայ ժողովրդի քաղաքական ակտիվության, ազատության խորհրդանիշն է: Մենք փորձում ենք իրականացնել մեր սահմանադրական իրավունքը` սա երկրորդ: Եվ երրորդը` հանրահավաքը Մատենադարանում ընդամենը հանրահավաք է, դա ցույց չէ: Իսկ Ազատության հրապարակում հանրահավաքը դառնում է նաեւ ցույց` ականատես են լինում երեւանցիների մեծամասնությունը»:

Երեւանի քաղաքապետարանի կազմակերպչական բաժնի ղեկավար Գագիկ Բաղդասարյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ Հայ ազգային կոնգրեսի ներկայացրած իրազեկման, եւ քաղաքապետարանի նախաձեռնած միջոցառման ժամերը համընկնում են:

«Մի օր նվաճելու ենք Ազատության հրապարակը»


Լեւոն Զուրաբյանը, մինչդեռ, նշեց, որ ուժի մեջ է մնում առանց թույլտվության Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու իրենց որոշումը:

«Եթե որեւէ հայտ Ազատության հրապարկում բավարարվի` մենք դրանից կօգտվենք: Եթե իշխանությունները չզիջեն այս «փափուկ» ճնշմանը` իրավական ճնշմանը, ուրեմն մենք մի օր նվաճելու ենք Ազատության հրապարակը: Նվաճման մասին որոշումը կարող է ընդունվել ցանկացած պահի», - հայտարարեց ընդդիմադիր գործիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG