Մատչելիության հղումներ

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, երեքշաբթի օրը խոսելով Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի վերստեղծման վերաբերյալ Վեհաժողովի Բյուրոյի որոշման մասին, կարծիք հայտնեց, թե «Վեհաժողովն իրեն խայտառակ արեց»:

«Հայ - ադրբեջանական հարաբերությունների առումով տենդենցը կամ Վեհաժողովի ակնհայտ միակողմանի մոտեցումը ակներեւ է, կարծում եմ, բոլորի համար: Վեհաժողովը իրեն խայտառակ արեց նման ակնհայտ կողմնակալ գործելակերպով», - հայտարարեց Հարությունյանը:

Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի վերստեղծման որոշումը ԵԽԽՎ-ի Բյուրոն անցած շաբաթավերջին կայացրեց` չնայած հայկական պատվիրակությունը ողջ կազմով դեմ էր արտահայտվել: Դավիթ Հարությունյանը այստեղ կարեւորեց Վեհաժողովի նախագահ` ազգությամբ թուրք Մեւլութ Չավուշօղլուի գործոնը:

«Կարծում եմ, պատճառը այն է, որ պարոն Չավուշօղլուն զգում է, որ իրեն մնացել է մեկ տարի` ղեկավարելու այդ կառույցը, եւ նա ունի որոշակի ծրագիր` առաջ շարժվելու: Դրանով պայմանավորված` գործընթացը դադարեց արժանահավատ լինելուց», - ասաց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարը:

Հայտարարելով, որ իրենք լուրջ վերապահումներով են վերաբերվում այդ գործընթացին, գործընթացը կասկածելի են համարում, Հարությունյանը, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցի, մատնանշեց երկու հնարավոր վտանգ:

Ներկայացնելով դրանցից առաջինը` նա ասաց. - «Սա նոր հարթակ է փոխադարձ մեղադրանքներ ներկայացնելու: Փոխանակ մենք մտածենք` ինչպես մեր հարաբերությունները բերենք ավելի քաղաքակիրթ դաշտ, հայտնվելով մի հանձնաժողովում, որտեղ կան կողմնակի դիտորդներ, մենք ստեղծում ենք նոր հարթակ` մեղադրանքներ ներկայացնելու, այլ ոչ թե ուղիներ փնտրելու միմյանց հետ քաղաքակիրթ բանավեճի»:

Հայաստանյան պատվիրակության ղեկավարի երկրորդ մտահոգությունն էլ հետեւյալն է. - «Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, կարծում եմ, քաջ գիտակցում է, որ նա չի կարող գործ ունենալ այնպիսի հարցերի հետ, որոնք, ենթադրենք, վերաբերում են զինված ուժերին, տարածքներին, եւ այլն: Եվ փորձ է արվում փոխարինել դա մարդասիրական հարցերով: Սակայն մարդասիրական հարցերը եւս համարվում են բանակցային փաթեթի մաս: Որեւէ կերպով այդ մի հարցը առանձնացնելը, առանձին քննարկելը օգուտ չի բերելու բուն փաթեթին»:

Ենթահանձնաժողովի կոնկրետ ծրագրերն ու անելիքներն առայժմ հայտնի չեն:

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի կանխատեսումներով` Մեւլութ Չավուշօղլուն սրանով մի հստակ նպատակ է հետապնդում` ենթահանձնաժողովի աշխատանքի արդյունքում ունենալ հակահայ բանաձեւ:

«Եվ քանի որ ի տարբերություն Եվրապառլամենտի` Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բանաձեւերը կատարման համար պարտադիր են, ես կարծում եմ` նպատակը մեկն է` ունենալ բանաձեւ, որը, բնականաբար, կատարման համար կլինի պարտադիր», - ասաց Զոհրաբյանը:

Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի նախագահ է նշանակվել իսպանացի պատգամավոր Խորդի Խուկլա ի Կոստան, որին հանդիպելու հնարավորություն հայաստանյան պատվիրակության անդամները այդպես էլ չեն ունեցել:

Ենթահանձնաժողովի կազմում, ըստ Դավիթ Հարությունյանի, ընդգրկվում են Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների ղեկավարները, ընդդիմության մեկական ներկայացուցիչներ, Հայաստանի եւ Ադրբեջանի հարցերով համազեկուցողները եւ Վեհաժողովում քաղաքական խմբերի ներկայացուցիչներ:

Հարցին` հնարավո՞ր է, որ հայկական կողմը բոյկոտի ենթահանձնաժողովի աշխատանքը, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. - «Ինչպես մենք կվարվենք` մենք դրա մասին կասենք, երբ մոտենա պահը: Բայց մի բան ակնհայտ է` այն, ինչ կարող է վտանգել բանակցային գործընթացին` դրան մենք հաստատ չենք մասնակցելու: Իսկ այն, որ մենք լուրջ մտահոգություն ունենք այդ առումով` դա եւս ակնհայտ է»:

Հայաստանի խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը նաեւ Հայաստանի իշխանություններին են մեղադրում նման ենթահանձնաժողովի վերստեղծումը չկասեցնելու մեջ:

«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց` «պատճառները բոլորը թաքնված են Հայաստանում»:

«Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում նախկինում գրեթե բացակայել են Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված բարձրաձայնումները», - ասաց Սաֆարյանը: - «Հայաստանյան պատվիրակությունները այս տասնամյակի ընթացքում զբաղված են եղել բացարձակապես ներքին խնդիրներով, սակարկությունների գնալով, երբեմն` նաեւ արտաքին քաղաքական կարեւորագույն հարցերի հաշվին, երբ իշխանություններին չպատժելը ավելի բարձր է գնահատվել, քան Լեռնային Ղարաբաղի հարցի համար նպաստավոր մթնոլորտի ձեւավորումը: Եվ արդյունքը, իհարկե, սա պետք է լիներ»:

ԵԽԽՎ-ում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արման Գրիգորյանը, իր հերթին, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ «եթե Հայաստանը ենթակա չլիներ նման քաղաքական ճնշումների, «Մարտի 1»-ի պրոբլեմ չունենար, քաղբանտարկյալների պրոբլեմ չունենար, եթե Հայաստանի պատվիրակությունը ստիպված չլիներ զբաղվելու Հայաստանի իշխանությունների ներքին քաղաքականության, նրանց հակաժողովրդավարական քաղաքականության պաշտպանությամբ եւ իր ռեսուրսներն ու ժամանակը դրա վրա չվատներ, թերեւս ավելի էֆեկտիվ կերպով կարող էր պայքարել նման հանձնաժողովի ստեղծման դեմ»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG