Մատչելիության հղումներ

Արաբական հեղափոխությունը կշարունակվի՞


Եգիպտոս - Ցուցարարները Կահիրեի Թահրիր հրապարակում, 31-ը հունվարի, 2011թ.

Եգիպտոս - Ցուցարարները Կահիրեի Թահրիր հրապարակում, 31-ը հունվարի, 2011թ.

Երեքշաբթի օրը Եգիպտոսում ընդդիմությունը ցանկանում է փողոցներ հանել մինչեւ մեկ միլիոն մարդ, ինչը պետք է համոզի նախագահ Հոսնի Մուբարաքին, որ դիմադրելու իմաստ չկա եւ հանուն պետության ու ժողովրդի ապագայի` հարկ է հրաժարական տալ։

Այս պահին հայտնի չէ` կհաջողվի՞ արդյոք ընդդիմության լիդերներին այդքան մարդ հավաքել հրապարակներում, ի՞նչ դիրքորոշում կդրսեւորեն ուժայինները, եւ արդյո՞ք բանակն առանց վարանելու կրակ կբացի հարյուր հազարավոր մարդկանց վրա։

Թունիսում իշխանափոխությունն արդեն փաստ է, Եմենում տեղի ունեցան զանգվածային ընդվզումներ, էլ ո՞ր երկրում են հնարավոր զանգվածային ակցիաներ։

Արաբական հեղափոխության հիմքում բոլոր պատմական դրամատիկ զարգացումներին բնորոշ դասական սցենարն է` առկա են պատճառները, իսկ մեկնարկի համար առիթ է պետք։ Պատճառը նախեւառաջ սոցիալական է` Թունիսում բավական բարձր կրթական մակարդակ է եւ միաժամանակ բարձր գործազրկություն, մոտ 200 հազար կրթված գործազուրկ երիտասարդներ` այդ դժգոհ, ընկճված մարդկանց զանգվածը աստիճանաբար դարձավ ռումբ, որը պայթելու էր։ Իսկ առիթը փողոցում առեւտուր անելով օրվա հացը վաստակող Մոհամեդ Բուազիզի ողբերգական մահն էր` 26-ամյա երիտասարդը անցյալ տարվա դեկտեմբերի 17-ին ի նշան բողոքի ինքնահրկիզվել է եւ այս տարվա հունվարի 4-ին վախճանվել։ Անմիջապես դրանից հետո Թունիսում սկսվեցին եւ օրըստօրե ծավալվեցին զանգվածային բողոքներ, որոնց արդյունքում նախագահ Զին Աբիդին Բեն Ալին, ով 23 տարի ղեկավարել է երկիրը, փախուստի դիմեց։

Եգիպտոսում մոտավորապես նման կացություն է։

Հունվարի 29-ին ընդվզումներ են սկսվել Ալժիրում։ Լարված վիճակ է Սուդանի հյուսիսում, որից հանրաքվեի եղանակով արդեն անջատվում է քրիստոնեական հարավը:

Վերլուծաբանների համոզմամբ` եթե Եգիպտոսում էլ տեղի ունենա իշխանափոխություն, ապա հեղափոխական ալիքը կտարածվի այսպես կոչված Մաղրիբի բոլոր երկրների վրա:

«Ալ Մաղրիբ»` նշանակում է «աշխարհ, որտեղ արեւը մայր է մտնում», այդ անունը Միջնադարում հեղինակել են արաբ աշխարհագրագետներն ու պատմաբանները։ Դա Եգիպտոսից արեւմուտք ընկած ընդարձակ տարածքն է, որտեղ գտնվում են Արեւմտյան Սահարան, Մավրիտանիան, Մարոկոն, Ալժիրը, Թունիսը եւ Լիբիան։

Արաբական այս շարժումը, որը անվանել են նաեւ «հասմիկների հեղափոխություն», կարող է ցնցել Հյուսիսային Աֆրիկան եւ մեծագույն ազդեցություն ունենալ ամբողջ աշխարհի համար, որովհետեւ տեղի է ունենում նավթով ու գազով հարուստ տարածաշրջանում, որը Մոհամեդ Բոազիզի ինքնահրկիզումից առաջ էլ պայթյունավտանգ վիճակում էր։

Արեւմուտքի գլխավոր մտահոգությունը այն է, որ «հասմիկների հեղափոխության» արդյունքում իշխանությունը կստանձնեն իսլամական արմատական խմբավորումները` «Մահմեդական եղբայրները» եւ նմանատիպ կազմակերպություններ, որոնք մերժում են արեւմտյան արժեքները եւ չեն մերվում Իսրայելի գոյության հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG