Մատչելիության հղումներ

Շարմազանով. «Հանրապետականը երբեք եթեներով չի խոսել ոչ «Բարգավաճ Հայաստանի», ոչ էլ պարոն Ծառուկյանի մասին»


Հայաստանի նախագահ, Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը (ձախից) եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը (աջից)

Հայաստանի նախագահ, Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը (ձախից) եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը (աջից)

Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը արձագանքել է կոալիցիոն գործընկեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանն այն մասին, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարող էր Հանրապետականի նախագահը լինել` եթե ցանկանար:

Շաբաթ օրը կայացած Երիտասարդական կուսակցության արտահերթ համագումարից հետո, որի ժամանակ այդ կուսակցությունը որոշեց լուծարվել եւ ընդգրկվել «Բարգավաճ Հայաստան»-ի կազմում, Գագիկ Ծառուկյանը ասել էր. - «Ռոբերտ Քոչարյանը երբեք ու երբեք ո´չ ցանկացել է կուսակցություն ունենալ, ո´չ կուսակցության նախագահ լինել: Եթե նա ցանկանար, վաղուց կլիներ կա´մ Հանրապետական կուսակցության պատվավոր նախագահ, կա´մ նախագահ: Հիմնական իր միտքն այն է եղել, որ կուսակցությունները ստեղծվելով, կարողանան մրցակցություն ստեղծել: Ոչ թե հզոր կուսակցությունը դա որեւիցե մեկի սեփականությունն է, այլ մրցակցություն լինի, աշխատեն, որ կարողանան գրավեն ժողովրդի վստահությունն ու հավատքը, եւ ինքն էլ լինի արբիտրի դերում»:

Երկուշաբթի օրը հրավիրած ասուլիսում Հանրապետականի խոսնակը, մասնավորապես, հայտարարեց. - «Չեմ կարծում, որ կառուցողական դաշտից են հրապարակային մտորումները այն մասին, թե անցյալում ո՞վ կարող էր լինել գործընկեր կուսակցության նախագահ: Հանրապետականը երբեք եթեներով չի խոսել ոչ «Բարգավաճ Հայաստանի» մեր գործընկերների, ոչ էլ պարոն Ծառուկյանի մասին, եւ փոխադարձության սկզբունքով նույն բանը խորհուրդ կտայի նաեւ պարոն Ծառուկյանին»:

«Հանրապետականը իր ընտրությունը կատարել է, եւ համախմբված է իր նախագահ Սերժ Սարգսյանի շուրջ», - շարունակեց Էդուարդ Շարմազանովը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG