Մատչելիության հղումներ

logo-print

Եգիպտոսի ընդդիմությունը խոստանում է մեկ միլիոն մարդ դուրս բերել փողոց


Ցուցարարները Կահիրեի Թահրիր հրապարակում հունվարի 30-ի երեկոյան

Ցուցարարները Կահիրեի Թահրիր հրապարակում հունվարի 30-ի երեկոյան

Երեքշաբթին կարող է դառնալ այն որոշիչ օրը, երբ պարզ կդառնա` ի վիճակի՞ է արդյոք Հոսնի Մուբարաքը պահպանել նախագահի պաշտոնը:

Անցած գիշեր Եգիպտոսի ընդդիմադիր «Ապրիլի 6»-ի շարժումը հանդես եկավ հայտարարությամբ` իր բոլոր կողմնակիցներին կոչ անելով երեքշաբթի օրը համազգային գործադուլ հայտարարել:

«Փետրվարի 1-ին մենք պետք է առնվազն մեկ միլիոն մարդ դուրս բերենք Կահիրեի փողոցներ», - հայտարարում են ընդդիմադիրները:

Չդադարող բողոքի ակցիաների ֆոնին որոշիչ է դառնում երկրի Զինված ուժերի դիրքորոշումը: Թե' ընդդիմությունը եւ թե' գործող նախագահը փորձում են բանակն իրենց կողմը գրավել:

Լրատվական գործակալությունների փոխանցմամբ, կիրակի ողջ օրվա ընթացքում Մուբարաքը բանակցում էր Զինված ուժերի հրամանատարների` պաշտպանության նախարար Մոհամեդ Թանթավիի եւ Գլխավոր շտաբի պետ Սամի Ալ-Անանի հետ: Որպես հետեւանք` Կահիրեի կենտրոնում տեղակայված ստորաբաժանումների պահվածքը երկուշաբթի առավոտից սկսել է ավելի կոշտ դրսեւորումներ ստանալ: Կենտրոնական Թահրիր հրապարակի մերձակայքում գտնվող բանակային ստորաբաժանումները փորձել են շրջափակել հրապարակը` թույլ չտալով ցուցարարների նոր խմբերին միանալ բողոքի ակցիաների մասնակիցներին: Զինվորականների այս փորձը, սակայն, անհաջողության է մատնվել, եւ ընդդիմության կողմնակիցները շարունակել են հավաքվել քաղաքի կենտրոնում:

Ընդհանուր անորոշության ֆոնին սաստկանում է նաեւ արեւմտյան պետությունների ճնշումը պաշտոնական Կահիրեի նկատմամբ:

Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կիրակի օրը հստակեցրեց, թե ինչ քայլեր են Հոսնի Մուբարաքից ակնկալում Վաշինգտոնում. - «Ամերիկայի ուղերձը շատ հստակ է` մենք ցանկանում ենք Եգիպտոսում ազատ եւ արդար ընտրություններ տեսնել եւ կարծում ենք, որ դա կլինի այնտեղ ծավալված իրադարձությունների արդյունքներից մեկը»:

Արեւմուտքում, սակայն, լուրջ մտավախությունների կան, որ Մուբարաքի հրաժարականի եւ արտահերթ ընտրությունների դեպքում իշխանության կարող են գալ «Մահմեդական եղբայրություն» շարժումը ներկայացնող ծայրահեղ իսլամիստները:

«Մենք որոշակի մտավախություն ունենք, որ Եգիպտոսում կարող է ծայրահեղական կառավարություն ձեւավորվել: Դուք գիտեք, որ Եգիպտոսը շատ կարեւոր դերակատություն ունի Մերձավոր Արեւելքում խաղաղության հաստատման, ողջ տարածաշրջանում կայունության պահպանման գործում: Դա է պատճառը, որ տեղի ունեցողը մեզ չի կարող չանհանգստացնել», - նշել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգը:

Առաջիկա ժամերին Եգիպտոսում ստեղծված իրավիճակը Բրյուսելում քննարկելու են Եվրամիության անդամ պետությունների արտգործնախարարները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG