Մատչելիության հղումներ

Ղազախստանի Սահմանադրական խորհուրդը մերժում է Սահմանադրության փոփոխությունը


Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւ
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւ
Ղազախստանի Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական է որակել նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի լիազորությունների ժամկետը երկարաձգելու հարցով հանրաքվե անցկացնելու մասին խորհրդարանի ընդունած սահմանադրական լրամշակումը:

«Սահմանադրական խորհուրդը վճռեց, որ խոհրդարանի ընդունած օրենքը Սահմանադրության փոփոխության մասին չի համապատասխանում Սահմանադրությանը», - հայտարարել է Սահմանադրական խորհրդի նախագահ Իգոր Ռոգովը։

Նրա փոխանցմամբ` Սահմանադրական խորհուրդը փոփոխության մասին օրենքում ոչ ճիշտ ձեւակերպումներ է արձանագրել։

Այսպիսով, վերջին խոսքը հանրաքվեի անցկացման հարցում վերապահվում է Նուրսուլթան Նազարբաեւին։

«Խնդրում եմ հաշվի առնել, որ հանրապետության նախագահը, Սահմանադրության համաձայն, կարող է մեկ ամսվա ընթացքում ներկայացնել իր առարկությունները Սահմանադրական խորհրդի որոշման վերաբերյալ», - ասել է Ռոգովը։

Հարկ է նշել, որ Ղազախստանում չկա Սահմանադրական դատարան` նախագահ Նազարբաեւն այն լուծարել է 1995 թվականին, փոխարենը կազմվել է Սահմանադրական խորհուրդ, որը մեկնաբանում է Սահմանադրության դրույթները եւ օրենքների համապատասխանությունը երկրի մայր օրենքին։

Ղազախստանի խորհրդարանը այս տարվա հունվարի 14-ին է ընդունել Սահմանադրության փոփոխությունը, որը ճանապարհ էր հարթելու նախագահ Նազարբաեւի պաշտոնավարումը հանրաքվեի միջոցով մինչեւ 2020 թվականը երկարաձգելու համար։

Խորհրդարանը ավելի վաղ նախագահին դիմել էր Սահմանադրության փոփոխությունը հանրաքվեի ներկայացնելու առաջարկով, սակայն Նազարբաեւը այն մերժել էր։ Ապա ստեղծվել եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից գրանցվել է քաղաքացիների նախաձեռնող խումբ, որը ավելի քան 5 միլիոն ստորագրություն է հավաքել հանրաքվեի օգտին։

Դրանից հետո էլ խորհրդարանի երկու պալատները հունվարի 14-ին ընդունել են օրենք Սահմանադրության փոփոխության մասին, որը ենթադրում է առաջին նախագահին շնորհել «Ել Բասի»-ի` «Ազգի առաջնորդի» կարգավիճակ եւ նրա լիազորությունների ժամկետը երկարաձգել հանրաքվեի միջոցով։

Անցած ուրբաթ օրը խորհրդարանի երկու պալատների համատեղ նիստում հանդես գալով ամենամյա ուղերձով` Նազարբաեւը հայտնել էր, որ փոփոխությունը չի ստորագրելու եւ ուղարկելու է Սահմանադրական խորհրդի քննարկմանը։ Նա ասել էր նաեւ, թե մտադիր է մասնակցել 2012 թվականի նախագահական ընտրություններին։

Ներկայումս Ղազախստանի նախագահի լիազորությունների ժամկետը 7 տարի է, սակայն 2012-ին ընտրված նախագահը 5 տարի է պաշտոնավարելու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG