Մատչելիության հղումներ

Հայաստան - Իրան համաձայնություն նավթամթերքների խողովակաշարի կառուցման շուրջ


Իրանի նավթի նախարար Մասուդ Միրքազեմին անցած շաբաթ օրը Թեհրանում Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ հայաստանցի իր պաշտոնակցի հետ համաձայնության են եկել Իրանն ու Հայաստանը կապող` նավթամթերքներ տեղափոխող խողովակաշարի կառուցման հարցում:

Իրանյան Press TV.ir կայքի փոխանցմամբ` Իրանի նավթի նախարարը նաեւ հայտնել է, որ նոր խողովակաշարը սկիզբ կառնի հյուսիսարեւմտյան Թավրիզ քաղաքից եւ կհասնի մինչեւ Հայաստանի հետ սահմանը, ինչը Հայաստանին հնարավորություն կտա բավարարել իր նավթային պահանջների մի մասը:

Միրքեզամին չի հայտնել պայմանավորվածության մանրամասները` նշելով միայն, որ նավթամթերքների արտահանման ծավալներն ու գները կորոշվեն առաջիկայում:

Նույն աղբյուրի հաղորդմամբ` Հայաստանի էներգետիկայի նախարարն Իրան կատարած այցի շրջանակներում ավելի վաղ հանդիպում է ունեցել նաեւ այդ երկրի նորանշանակ արտգործնախարար Ալի Աքբար Սալեհիի հետ եւ նրա հետ քննարկել Իրան - Հայաստան երկաթուղու հետ կապված հարցեր:

Հայաստանի էներգետիկայի նախարարությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ նախարար Արմեն Մովսիսյանի Իրան կատարած այցի մանրամասները կհրապարակվեն հայկական պատվիրակության վերադարձից հետո:


Տիգրան Ավետիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG