Մատչելիության հղումներ

Եգիպտոսից Հայաստանի քաղաքացիների տարհանման խնդիր առայժմ դրված չէ


Կահիրեի Թահրիր հրապարակը հունվարի 30-ին
Կահիրեի Թահրիր հրապարակը հունվարի 30-ին
Հայաստանը առայժմ չի պատրաստվում Եգիպտոսից տարհանել իր քաղաքացիներին: Արտգործնախարարության տվյալներով` այս պահին Եգիպտոսում է գտնվում Հայաստանի մոտ 200 քաղաքացի:

«Այս պահին մեր տրամադրության տակ եղած տվյալներով` մոտ 20-30 Հայաստանի քաղաքացի կա Կահիրեում եւ 164 Հայաստանի քաղաքացի` Շարմ էլ-Շեյխում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Հարցին, թե «ինչպիսի՞ն է նրանց վիճակն այնտեղ, վիրավորների, զոհերի թվում կա՞ն Հայաստանի քաղաքացիներ կամ հայեր», Բալայանը արձագանքեց. - «Բարեբախտաբար, այս պահին եղած տեղեկատվությամբ` վիրավորների, զոհերի մեջ հայեր կամ Հայաստանի քաղաքացիներ չկան, եւ հուսով եմ, որ ոչ էլ կլինեն»:

Իսկ թե ի՞նչ է ձեռնարկվում Եգիպտոսում գտնվող Հայաստանի քաղաքացիների անվտանգությունը ապահովելու կամ նրանց այնտեղից դուրս բերելու համար` այս առնչությամբ արտգործնախարարության մամուլի քարտուղարը նախ վստահեցրեց, որ «Հայաստանի քաղաքացիների անվտանգությանը որեւիցե բան Շարմ Էլ-Շեյխում եւ Կահիրեում չի սպառնում», ապա հիշեցրեց, որ Կահիրեում Հայաստանի դեսպանությունում բացվել է «թեժ գիծ», եւ «Հայաստանի քաղաքացիները կարող են զանգահարել համապատասխան կարիքի կամ օժանդակության կարիքի պարագայում»:

«Իսկ ինչ վերաբերում է նրանց տարհանելուն, ապա այդպիսի խնդիր դրված չէ այսօր», - նշեց Տիգրան Բալայանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG