Մատչելիության հղումներ

Եվրամիությունը պատրաստվում է պատժամիջոցներ սահմանել Բելառուսի նկատմամբ


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր երդմնակալության արարողության ժամանակ, Մինսկ, 21-ը հունվարի, 2011թ.
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր երդմնակալության արարողության ժամանակ, Մինսկ, 21-ը հունվարի, 2011թ.
Նախատեսվում է, որ երկուշաբթի օրը Բրյուսելում Եվրամիության երկրների արտգործնախարարների հանդիպմանը հայտարարվելու է Բելառուսի շուրջ 160 պաշտոնյաների` Եվրամիության երկրներ այցելելու արգելքի մասին, Բրյուսելում լրագրողներին ասել է Եվրամիության բարձրաստիճան մի պաշտոնյա` պայմանով, որ իր անունը չի հրապարակվելու։

Եվրամիությունը մտադիր է վերականգնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վիզայի արգելքը, նույն պատժամիջոցը նախատեսվում է կիրառել նաեւ Բելառուսի բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների հանդեպ, որոնք առնչություն են ունեցել նախագահական ընտրություններից հետո բողոքի ակցիաների մասնակիցների դեմ բռնաճնշումներին։

Դեռ 2006 թվականին` նախագահական նախորդ ընտրություններից հետո, Ալեքսանդր Լուկաշենկոյի նկատմամբ Եվրամիության երկրներ ճամփորդելու արգելք էր սահմանվել, բայց 2008 թվականին այն թուլացվեց` նպատակ հետապնդելով խրախուսել Բելառուսի նախագահին բարեփոխումներ կատարելու համար:

Եվրամիության պաշտոնյան նաեւ հայտնել է, որ Բելառուսի 40 պաշտոնյաների, այդ թվում Լուկաշենկոյի ակտիվների վրա դրված 5-ամյա ժամկետով սառեցումը ուժի մեջ կմնա, փոխանցում է Bloomberg կայքը։

Իսկ Euobserver կայքը հայտնում է, որ Եվրամիության նոր պատժամիջոցներում ընդգրկվելու են նաեւ Լուկաշենկոյի երկու չափահաս որդիները` Վիկտորը եւ Դիմիտրին, ինչպես նաեւ եւս 115 պաշտոնյաներ ավելացվելու են նախկին ցուցակին, ու ընդհանուր առմամբ Եվրամիության երկրներ ճամփորդելու արգելքը կդրվի 158 մարդու վրա։

Ցուցակում կլինեն պաշտպանության նախարար Յուրի Ժադոբինը, Անվտանգության խորհրդի քարտուղար Լեոնիդ Մալցեւը, գաղտնի ոստիկանության, ԿԳԲ-ի ղեկավար Վադիմ Զայցեւը, գլխավոր դատախազ Գրիգորի Վասիլեւիչը, պառլամենտի ստորին պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոն եւ Լուկաշենկոյի արտաքին հարցերով խորհրդական Վլադիմիր Մակեյը:

Ցուցակում ընդգրկած են նաեւ Կենտրոնական եւ տարածքային ընտրական հանձնաժողովների 24 ղեկավարներ, 30 օրենսդիրներ, 10 լրագրողներ, որոնք որակվել են որպես Լուկաշենկոյի պրոպագանդիստներ։

Երկուշաբթի օրը Եվրամիության երկրների արտգործնախարարները նաեւ որոշելու են, թե տնտեսական ինչ պատժամիջոցներ առաջարկեն Բելառուսի նկատմամբ։

Տարբերակներից մեկով առաջարկվելու է արգելել նավթամթերքների առեւտուրը «Բելնեֆտեխիմ» կոնցեռնի եւ պարարտանյութ արտադրող «Բելառուսկալի» ընկերության հետ, որոնք պետբյուջեից մեծ հատկացումներ են ստանում եւ բելառուսական այն սակավաթիվ ընկերություններից են, որոնց արտադրանքի հիմնական գնորդը Ռուսաստանը չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG