Մատչելիության հղումներ

Եգիպտոսի կառավարության փոփոխությունն ու բարեփոխումների խոստումը ցուցարարներին չեն բավարարել


Կահիրեում շարունակվում են բողոքի ցույցերը, որոնց մասնակիցները պահանջում են 30 տարի երկիրը ղեկավարած նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականը։

Ավելի քան 100 մարդ զոհվել, հազարավոր մարդիկ վիրավորվել են արդեն հինգերորդ օրը շարունակվող անկարգությունների, ցուցարարների եւ անվտանգության ծառայությունների միջեւ Եգիպտոսի ողջ տարածքում տեղի ունեցող բախումների արդյունքում։

Ոստիկանության ուժերի անգործության արդյունքում երկրի ողջ տարածքում ծայր առած թալանին դիմագրավելու համար տարբեր համայնքներում մարդիկ համախմբվել եւ հսկողություն են սահմանել՝ փորձելով պաշտպանել իրենց ունեցվածքը։

Չնայած Մուբարաքի կառավարության կողմից սահմանված պարետային ռեժիմին՝ ցուցարարները այս գիշերը եւս փողոցներում են անցկացրել։

Եգիպտոսում նախագահ Հոսնի Մուբարաքը իր պաշտոնավարման 30 տարիների ընթացքում առաջին անգամ նշանակել է փոխնախագահ: Այդ պաշտոնը ստացել է Եգիպտոսի հետախուզական ծառայության ղեկավար Օմար Սուլեյմանը:

Շաբաթ օրը, ավելի վաղ, հրաժարական էր տվել Եգիպտոսի կառավարությունը։ Մուբարաքը ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար, այնուհետեւ` քաղաքացիական ավիացիայի ղեկավար Ահմեդ Շաֆիքին հանձնարարել է նոր կառավարություն ձեւավորել։

Չնայած փոփոխություններին եւ աննախադեպ բարեփոխումների մասին Մուբարաքի խոստումներին՝ ցուցարարները շարունակում են պահանջել նրա հրաժարականը։

Նոբելյան մրցանակի դափնեկիր, ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության նախկին ղեկավար Մոհամեդ Էլ-Բարադեյը, ով Եգիպտոս էր ժամանել հինգշաբթի օրը եւ այժմ տնային կալանքի տակ է, շաբաթ օրը հայտարարել է, որ նախագահ Հոսնի Մուբարաքը պետք է հեռանա:

«Հոսնի Մուբարաքը պետք է հրաժարական տա, եւ պայմաններ ձեւավորվեն իշխանության փոխանցման համար. դա է միակ ճանապարհը` վերջ տալու Եգիպտոսը ցնցող անկարգություններին», - ասել է էլ-Բարադեյը՝ ով պատրաստակամություն է հայտնել ղեկավարել երկիրը Մուբարաքի հրաժարականի դեպքում։

Միջազգային հանրությունը եւս շարունակում է ուշադրության կենտրոնում պահել եգիպտոսյան զարգացումները։

ԱՄՆ-ի պետդեպարտամենտի խոսնակ Ֆիլիպ Քրոուլին հայտարարել է, որ կառավարության «վերաբաժանումը», որը Մուբարաքը իրականացրել է, բավարար չէ։ Քրոուլին կրկնել է ԱՄՆ–ի դիրքորոշումը՝ Եգիպտոսը պետք է ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնի։

Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, Եգիպտոսի նախագահի կոչ անելով «ամեն գնով խուսափել անզեն քաղաքացիական անձանց դեմ ուժ կիրառելուց» եւ թույլ տալ ցուցարարներին իրականացնել խաղաղ հավաքների իրենց ազատությունը։

Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի համատեղ հայտարարությունում նաեւ կոչ է արվում հարգել մարդու իրավունքները եւ ցուցարարների ժողովրդավարական ազատությունները։

«Թեժ գիծ» Հայաստանի դեսպանատանը


Ինչպես կիրակի օրը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, Կահիրեում Հայաստանի դեսպանությունում բացվել է «թեժ գիծ», եւ Եգիպտոսում գտնվող հայաստանցիները անհրաժեշտության դեպքում կարող են զանգահարել +20122163850 հեռախոսահամարով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG