Մատչելիության հղումներ

Մոհամեդ Էլ-Բարադեյն ասել է, որ Հոսնի Մուբարաքը պետք է հեռանա


Մոհամեդ Էլ-Բարադեյը Կահիրեի օդանավակայանում: 27-ւ հունվարի, 2011թ.
Մոհամեդ Էլ-Բարադեյը Կահիրեի օդանավակայանում: 27-ւ հունվարի, 2011թ.
Նոբելյան մրցանակի դափնեկիր, ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության նախկին ղեկավար Մոհամեդ Էլ-Բարադեյը, ով Եգիպտոս էր ժամանել հինգշաբթի օրը եւ այժմ տնային կալանքի տակ է, «Ֆրանս-24» հեռուստատեսության հետ հարցազրույցում այսօր ասել է, որ նախագահ Հոսնի Մուբարաքը պետք է հեռանա:

«Հոսնի Մուբարաքը պետք է հրաժարական տա, եւ պայմաններ ձեւավորվեն իշխանության փոխանցման համար. դա է միակ ճանապարհը` վերջ տալու Եգիպտոսը ցնցող անկարգություններին», - «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությանը հեռախոսով տված հարցազրույցում ասել է էլ-Բարադեյը։

Նա ասել է, որ նոր կառավարություն ձեւավորելու մասին Հոսնի Մուբարաքի ելույթը «հիասթափեցնող» էր եգիպտացիների համար. - «Հոսնի Մուբարաքի համակարգը ձախողել է Եգիպտոսի ժողովրդի քաղաքական, տնտեսական ու սոցիալական պահանջները։ Մենք ցանկանում ենք կառուցել նոր Եգիպտոս՝ հիմնված ազատության, ժողովրդավարության եւ սոցիալական արդարության սկզբունքների վրա»։

«Հիմնական պահանջն այն է, որ Հոսնի Մուբարաքը հստակ հայտարարի, որ հրաժարական կտա, կամ որ նորից չի առաջադրվի», - ասել է Մոհամեդ էլ-Բարադեյը։

Եգիպտոսում այսօր եւս հազարավոր ցուցարարներ դուրս են եկել փողոցներ` պահանջելով երկրի նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականը։

«Ժողովուրդը ցանկանում է, որ նախագահը հեռանա»,- բացականչում են ցուցարարները։

Կահիրեում բանակային ուժեր են, ծանր տեխնիկա, տանկեր են մտցվել։
Բանակը պահանջում է պահպանել արտակարգ դրության պայմանները` նախազգուշացնելով, որ խախտողները կենթարկվեն օրինական պատասխանատվության։

Բախումները մայրաքաղաք Կահիրեում շարունակվում են: 29-ը հունվարի, 2011թ.
Սակայն հակակառավարական ցույցերը արդեն հինգերորդ օրն է անընդմեջ շարունակվում են։

Արաբական «Ալհուրա» հեռուստաընկերության թղթակից Թարեք էլ-Շամբին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ «այսօր եւս մի շարք ցույցեր են անցկացվում տարբեր վայրերում` Կահիրեում, Ալեքսանդրիայում, Իսմայիլիա եւ այլ խոշոր քաղաքներում». - «Բոլորը պահանջում են, որ Հոսնի Մուբարաքը հեռանա։ Նրանց չի համոզել նրա [Մուբարաքի] անցած գիշերվա ելույթը, որ կառավարությունը կփոխվի, նրանք պնդում են, որ հարցը կառավարությունը չէ։ Խնդիրը Եգիպտոսի ամբողջ քաղաքական ռեժիմն է։ Նրանք ցանկանում են իրական փոփոխություններ, որ կարող են օգնել բարելավելու քաղաքական, գործարար ու սոցիալական կյանքը Եգիտոսում»:

Թարեք ալ-Շամբին նաեւ հայտնել է, որ երեկ գիշերը թալանի շատ դեպքեր են եղել. Եգիպտոսի տարբեր վայրերում հրկիզվել են շատ խանութներ, բանկեր, «ակնհայտորեն մարդիկ իրենց ապահով չեն զգում»:

Ըստ հաղորդագրությունների, ցուցարարների ու անվտանգության ուժերի միջեւ բախումները նորից վերսկսվել են։

Անվտանգության համակարգի պաշտոնյան այսօր հայտնել է, որ ընդհանուր առմամբ այս օրերի բախումների արդյունքում 25 ցուցարար է սպանվել եւ 10 ոստիկան։ Պաշտոնյաները նաեւ նշել են, որ հիվանդանոցներից ու դիարաններից շարունակում են տեղեկատվություն ստանալ, ու զոհերի թիվը կարող է աճել։

Անցած գիշեր Հոսնի Մուբարաքը իր հեռուստաուղերձում ասել էր, որ խնդրել է կառավարությանը հրաժարական տալ: Նա խոստացել է ցուցարարներին երաշխավորել նրանց ազատությունները, քաղաքական ու տնտեսական բարեփոխումներ իրականացնել մոտ ապագայում։

Այդ խոստումները, սակայն, չեն բավարարում ցուցարարներին։Նրա ելույթից հետո ցուցարարները նորից փողոցներ դուրս գալով պահանջել են, որ նա անհապաղ հրաժարական տա։

«Նախագահի խոսքերը չեն կարող ժամացույցի սլաքները հետ շրջել։ Ժողովրդին խաբելու քաղաքականությունն այլեւս չի աշխատի», - «Ռոյթերզ»-ի փոխանցմամբ, ասել է ցուցարարներից մեկը։

Եգիպտոսի կառավարությունը հրաժարական է տվել
please wait

No media source currently available

0:00 0:01:12 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG