Մատչելիության հղումներ

logo-print

Եգիպտոսի կառավարությունը հրաժարական է տվել. ցույցերը շարունակվում են


Եգիպտոսի կառավարությունն այսօր հրաժարական է ներկայացրել նախագահ Հոսնի Մուբարաքին: Վերջինիս հրաժարականի պահանջով բողոքի զանգվածային ցույցերը երկրի խոշոր քաղաքներում, սակայն, շարունակվում են:
Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի հեռուստաուղերձը
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման կոչ է արել եգիպտական իշխանություններին ձեռնպահ մնալ խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումից: Օբաման ասել է, որ Միացյալ Նահանգները շարունակելու է պաշտպանել Եգիպտոսի ժողովրդի իրավունքները` ներառյալ խոսքի ու խաղաղ հավաքների իրավունքը:

Միացյալ Նահանգների նախագահը փոխանցել է, որ հեռախոսազրույց է ունեցել Մուբարաքի հետ, որին կոչ է արել «կոնկրետ քայլեր» ձեռնարկել խոստացված ժողովրդավարական եւ տնտեսական բարեփոխումներն իրականացնելու ուղղությամբ:

ԱՄՆ-ը, որը տարեկան Եգիպտոսին տրամադրում է շուրջ 1.5 միլիարդ դոլարի տնտեսական ու ռազմական աջակցություն, այս պահին վերանայում է այդ օգնության ծավալը:

Ուրբաթ օրը ելույթ ունենալով պետական հեռուստատեսությամբ` Մուբարաքը խոստացել էր ցուցարարներին երաշխավորել նրանց ազատությունները:

Սակայն Մուբարաքի ելույթից հետո ցուցարարները կրկին դուրս եկան փողոց՝ զայրացած բացականչություններով պահանջելով նախագահից անհապաղ հրաժարական տալ:

Հաղորդագրությունների համաձայն, Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում զինված ուժերի ստորաբաժանումներ են տեղաբաշխվել՝ մինչեւ նախագահի եւ կառավարության հրաժարականը պահանջող ցուցարարները ամբողջ երկրի տարածքում շարունակում են բախումները ոստիկանության ուժերի հետ:

Եգիպտոսի պետական հեռուստատեսությունը հաղորդում է, որ նախագահ Հոսնի Մուբարաքը զինված ուժերին հրամայել է ոստիկանության հետ համատեղ ստանձնել երկրի ներքին անվտանգության պատասխանատվությունը եւ վերահսկել Կահիրեում, Ալեքսանդրիայում եւ Սուեզում երեկոյան 18:00-ից մինչեւ առավոտյան 7:00 մտցված պարետային ժամի իրագործումը: Ցուցարարները փորձել են խախտել պարետային ժամը: Հաղորդվում է նաեւ այն մասին, որ հարձակումներ են տեղի ունեցել պետական հեռուստատեսության եւ Արտգործնախարարության շենքերի վրա:

Հաղորդագրությունների համաձայն, երկրի 28 մարզերից 11-ում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել:

Գործակալությունները հաղորդում են, որ ցուցարարները գրավել են իշխող Ազգային ժողովրդավարական կուսակցության Կահիրեում գտնվող կենտրոնական գրասենյակը եւ հրկիզել այն: Հարձակման են ենթարկվել նաեւ իշխող կուսակցության գրասենյակները Մանսուրա եւ Սուեզ քաղաքներում:

Բարձրացող գներից, աշխատատեղերի բացակայությունից եւ ավտորիտար իշխանություններից դժգոհ եգիպտացիները բողոքի ցույցեր են անցկացնում հունվարի 25-ից: Ոստիկանության հետ բախումներում, շաբաթ երեկոյան հրապարակված տվյալներով, շուրջ 100 մարդ է զոհվել, հազարավոր մարդիկ մարմնական վնասվածքներ են ստացել:

Իշխանությունները արգելափակել են բջջային կապի ծառայություններն ու սահմանափակել ինտերնետային ծառայությունները՝ փորձելով խոչընդոտել ցույցերի կազմակերպիչներիի կողմից բողոքի նոր ակցիաների կազմակերպումը:

Իրավիճակը Հոսնի Մուբարաքի իշխանության համար խիստ մտահոգիչ դարձավ հինգշաբթի ուշ երեկոյան, երբ երկրի ամենաազդեցիկ իսլամիստական շարժման` «Մահմեդական եղբայրության» ղեկավարները հայտարարեցին, որ միանում են արեւմտամետ երիտասարդական շարժումների կողմից կազմակերպվող բողոքի ակցիաներին:

Էլ-Բարադեյի ժամանումը


Բողոքի ալիքը նոր թափ ստացավ հինգշաբթի օրը, երբ Վիեննայից Եգիպտոս ժամանեց Նոբելյան մրցանակի դափնեկիր եւ ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) նախկին ղեկավար Մոհամեդ Էլ-Բարադեյը, ով անցումային շրջանում երկիրը ղեկավարելու պատրաստակամություն է հայտնել:

Այսօր, սակայն, Էլ-Բարադեյի նկատմամբ տնային կալանք է սահմանվել:

30 տարի Եգիպտոսը ղեկավարած նախագահ Հոսնի Մուբարաքը ցուցարարների հետ բանակցելու պատրաստակամության նշաններ ցույց չի տալիս:

Ընդամենը օրեր առաջ տեղի ունեցած Թունիսյան հեղափոխությունից հետո Եգիպտոսում ծայր առած հուզումներին մեծ ուշադրությամբ են հետեւում հատկապես արաբական աշխարհի այն երկրները, որտեղ գործում են համանման ավտորիտար ռեժիմներ:

Եգիպտոսի իշխանությունները նաեւ միջազգային լուրջ ճնշման են ենթարկվում:

Ուրբաթ օրը շվեյցարական Դավոսում ելույթ ունենալով` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը հայտարարել է. - «Տեղեկատվություն ստանալու քաղաքացիների իրավունքի ապահովումը պետք է լինի Եգիպտոսի իշխանությունների պարտավորություններից մեկը»: Բացի այդ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Եգիպտոսի իշխանություններին կոչ է արել բռնի ուժով չպատասխանել մարդկանց բողոքներին:

Հինգշաբթի երեկոյան Վաշինգտոնից Եգիպտոսի իշխանություններին եւ ժողովրդին կոչով էր դիմել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման: «Իմ գլխավոր հույսն է, որ բռնությունը Եգիպտոսում առկա խնդիրների լուծման ճանապարհը չէ: Թե' կառավարությունը եւ թե' փողոց դուրս եկած մարդիկ պետք է զգուշավորություն ցուցաբերեն` զերծ մնալով բռնի մեթոդներից: Կարծում եմ, որ շատ կարեւոր է, որպեսզի մարդիկ օրինական մեխանիզմներ ունենան իրենց դժգոհություններն արտահայտելու համար», - նշել էր Սպիտակ տան ղեկավարը:

Ավելի ուշ Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարեց, որ իր կառավարությունը խորապես մտահոգված է Եգիպտոսի անվտանգության ուժերի կողմից խաղաղ ցուցարարների դեմ ուժ գործադրելու փաստի առթիվ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG