Մատչելիության հղումներ

logo-print

Արմեն Հարությունյանը հաջորդ շաբաթ պաշտոնապես հրաժարական կտա


Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյան

Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյան

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հաջորդ շաբաթ պաշտոնապես հրաժարական կտա եւ կանցնի նոր աշխատանքի:

Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց օմբուդսմենի մամլո խոսնակ Ծովինար Խաչատրյանը:

«Պաշտոնապես պետք է հայտարարի [հրաժարականի մասին], այնուհետեւ իր դիմումը պետք է հաստատվի, որից հետո կանցնի իր նոր պարտականությունների կատարմանը», - ասաց Ծովինար Խաչատրյանը:

Արմեն Հարությունյանը նշանակվել է Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցիչ:

Ներկայումս արտերկրում գտնվող Արմեն Հարությունյանը վերադառնալուն պես, փետրվարի սկզբին մամլո ասուլիս կհրավիրի, Ազգային ժողովին հրաժարականի դիմում կներկայացնի, 3 օր անց կվերահաստատի իր հրաժարականը: Մինչ հեռանալը նա պետք է ԱԺ-ին եւ հանրությանը ներկայացնի մարդու իրավունքների վերաբերյալ 2010 թվականի իր տարեկան զեկույցը:

Հարությունյանը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի պարտականությունների կատարմանն է անցել 2006 թվականի փետրվարի 20-ից եւ պաշտոնավարել շուրջ 5 տարի:

Համաձայն Հայաստանի Սահմանադրության` Մարդու իրավունքների նոր պաշտպանի թեկնածությունը պետք է առաջարկի նախագահ Սերժ Սարգսյանը` խորհրդակցելով ԱԺ-ի հետ: Թեկնածուն պետք է առաջադրվի պատգամավորների առնվազն 1/5-ի կողմից: Պաշտպանին 6 տարի ժամկետով ընտրում է Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով: Այս պաշտոնում կարող է ընտրվել 25 տարին լրացած, հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող, վերջին 5 տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հադիսացող եւ մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:

Թեեւ օմբուդսմենի պաշտոնական հրաժարականը դեռ չկա, սակայն մամուլում արդեն շրջանառվում են Մարդու իրավունքների նոր պաշտպանի թեկնածուների մի շարք անուններ: Այս բոլոր անձինք «Ազատություն» ռադիոկայանի հետ իրենց զրույցներում ասացին, որ պաշտոնական ոչ մի առաջարկ չեն ստացել:

Մամուլում առաջինը շրջանառվեց «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ, Երեւանի պետական համալսարանի դասախոս Շուշան Դոյդոյանի անունը: Նա այսօր ասաց, որ իր թեկնածության լուրերը շարունակում են մնալ բացառապես խոսակցությունների եւ ենթադրությունների մակարդակում:

Որոշ լրատվամիջոցներ գրում են «Դիֆենս» իրավաբանական ընկերության հիմնադիր, փաստաբան Կարեն Անդրեասյանի հնարավոր թեկնածության մասին: Անդրեասյանը խուսափեց մեկնաբանել իր թեկնածության մասին շրջանառվող լուրերը, ասաց, թե ինքը պաշտոնական կամ ոչ պաշտոնական որեւէ առաջարկ չի ստացել:

Ըստ հայկական մամուլի` հավանական թեկնածու է համարվում նաեւ Հայաստանի Արդարադատության խորհրդի անդամ, Հանրային խորհրդի Պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Գրիգոր Բադիրյանը: Նա հավաստիացրեց, թե «Ազատություն» ռադիոկայանի հետ ունեցած զրույցից տեղեկացավ հնարավոր թեկնածուների շարքում իր անվան շրջանառվելու մասին:

«Քանի որ նման առաջարկ չկա, նման խոսակցություն չկա, կարծում եմ, դրա մասին խոսելը անառարկա է», - ասաց Բադիրյանը:

Գերմանական GTZ իրավական խորհրդատվության հայաստանյան գրասենյակի համակարգող, սահմանադրագետ Վարդան Պողոսյանն էլ ասաց, թե չի հետեւում օմբուդսմենի հնարավոր թեկնածուների վերաբերյալ խոսակցություններին, իսկ առաջարկ ստանալու դեպքում կմերժի այն:

«Որովհետեւ դա քաղաքականության հետ շատ սերտ կապված պաշտոն է, իսկ ես քաղաքականություն չեմ ուզում վերադառնալ», - ասաց Պողոսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG