Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյան. «Հայկական կողմը միշտ պատրաստ է յուրաքանչյուր ոտնձգության արձագանքելու»


Խաղաղության խոստում
please wait

No media source currently available

0:00 0:03:19 0:00

Հունվարի 28-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում ՀՀ պաշտպանության նախարարը ասել է. «Ես այսօր, այս սրբավայրում խոսք եմ տալիս, որ բանակը իր առջեւ դրված խնդիրը` երկրի խաղաղությունը, 2011 թվականին եւ դրանից հետո, ապահովելու է»:

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ուրբաթ օրը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանում հայկական կողմը «միշտ տիրապետում է իրավիճակին առաջին գծում» եւ «պատրաստ է յուրաքանչյուր ոտնձգության արձագանքելու»:

«Այսօր առաջին գծում հարաբերական խաղաղություն է տիրում, բայց, ինչպես գիտեք, 1994 թվականից այս կողմ մերթընդմերթ խախտումներ են տեղի ունենում` կրակոցներ, դիպուկահարների կրակներ: 2010 թվականի վերջին` Աստանայի կոնֆերանսի նախօրեին եւ դրանից հետո կրակոցները, լարվածությունը, կարծես թե, իջել էր: Այսօր լարվածությունը նորից մի թեթեւ զարգացում է ապրում, բայց հայկական կողմը միշտ պատրաստ է յուրաքանչյուր ոտնձգության արձագանքելու: Այսօր էլ ես ասում եմ, որ առաջին գծում մենք իրավիճակին միշտ տիրապետում ենք, եւ ցանկացած խախտման Հայոց բանակի բոլոր ստորաբաժանումները ի վիճակի են արժանի պատասխան տալ», - «Եռաբլուր» պանթեունում լրագրողներին ասաց Սեյրան Օհանյանը:

Նրա ձեւակերպմամբ` 2011 թվականը Հայաստանի Զինված ուժերի համար հայտարարվել է «որակական առաջընթացի եւ մարտական վարպետության բարձրացման տարի», իսկ տարվա առաջին կիսամյակը` «կարգապահության ամրապընդման կիսամյակ»:

Սեյրան Օհանյանի խոսքով, Հայոց բանակը պատրաստ է արժանի պատասխան տալ ոչ միայն սահմանին հնչող կրակոցներին, այլեւ «այն բոլոր ռազմատենչ հայտարարություններին, որոնք իրականացնում են մեր արեւելյան հարեւանները` առանց հասկանալու, որ այն, ինչի մասին խոսում են, մենք դա մեկ անգամ արդեն տեսել ենք եւ պատվով ենք դուրս եկել»:

«Քանակությունը չէ, որ, ընդհանուր առմամբ, որոշում է բանակների մարտունակության աստիճանը», - շարունակեց նախարարը. - «Մենք պատրաստությամբ, որակական հատկանիշներով եւ մանավանդ մեր զինվորների մարտական ոգով ավելի բարձր ենք եւ մենք մեր երկիրը պատվով պաշտպանելու ենք»:

Հարցին, թե հնարավոր համարում է, որ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման դեպքում արցախյան պատերազմի մասնակիցները սոցիալական անարդարության պատճառով զենք չվերցնեն, Օհանյանը պատասխանեց. - «Ես գտնում եմ, որ իրավիճակը այսօր այլ է: Ցանկացած ազատամարտիկ, որի անձնուրաց կռվելու ջանքերի շնորհիվ է, որ մենք ունենք այսօր անկախ, ազատ պետություն, ոչ մի ազատամարտիկ վաղը` եթե հայրենիքին վտանգ սպառնա, հետ չի կանգնելու: Ոչ մի սոցիալական խնդիր չի ստիպի, որ մենք հետ կանգնենք»:

Հայաստանի զինված ուժերի գերակա խնդիրների մասին նախարար Օհանյանն ասաց. - «Մենք այսօր ձեռքբերումներ ունենալուց ուրախանում ենք իհարկե, բայց գլխակորույս չենք հրապուրվում: Խոսք ենք տվել, որ դափնիների վրա չնիրհենք, այլ ընդհակառակը` ավելի լուրջ մտածենք մեր թերությունների, բացթողումների վրա»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե զինված ուժերում ընթացող բարեփոխումների շրջանակներում հնարավոր են կադրային փոփոխություններ բանակի բարձրաստիճան ղեկավարության շրջանում, Օհանյանը արձագանքեց. - «Ես դեմ եմ պահային, կտրուկ մասշտաբային փոփոխությունների… Այն սպաները, նաեւ բարձրաստիճան, որոնք այսօր իրենց պարտականությունների կատարմամբ մտնել այն պահանջներին, որ դրված են մեր առջեւ եւ Պաշտպանության նախարարության պահանջներին, նրանք մեր հետ ծառայելու են եւ աշխատելու են մշտապես: Որոնք որ թերանում են, մենք դրանց համար իրենց հնարավորությունների սահմաններում տեղ գտնում ենք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG