Մատչելիության հղումներ

Արարատի մարզի Վազգեն Սարգսյանի անվան զորամասի գումարտակի նախկին հրամանատար Վարդան Մարտիրոսյանի եւ գնդի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով նախկին տեղակալ Արթուր Կարապետյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվել է: Այս մասին ուրբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական վարչության պետ Արմեն Հարությունյանը։

«Ռոժ» մականունով Վարդան Մարտիրոսյանին եւ Արթուր Կարապետյանին սպաների նկատմամբ դրամաշորթության եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանք էր առաջադրված: Ըստ նախարարության քննչական վարչության պետի, նրանք քրեական պատասխանատվությունից ազատվել են «գործուն զղջման» հիմքով:

Ըստ մեղադրանքի՝ Վարդան Մարտիրոսյանը զինծառայողներին ստիպել է իրենց անուններով վարկեր վերցնել բանկերից եւ գումարը հանձնել իրեն։ Իսկ Արթուր Կարապետյանը մոտ 1 միլիոն դրամ շորթելու մեջ` հրամանատարի համար համակարգիչ գնելու պատրվակով: Նա նույնպես կալանավորվել էր:

Աշնանը Մարտիրոսյանն ու Կարապետյանը ձերբակալվեցին, բայց շուտով գրավի դիմաց ազատ արձակվեցին:

Նախարար Սեյրան Օհանյանի հրամանով ե՛ւ հրամանատարը, ե՛ւ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալը ամիսներ առաջ պաշտոնանկ էին արվել։

Այդուհանդերձ, ինչպես այսօր տեղեկացանք նախարարության մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանից, քրեական գործի վարույթը կարճելուց հետո նրանք իրավունք ունեն շարունակել զինվորական ծառայությունը:

Առայժմ պաշտոնապես տեղեկություններ չեն հաղորդվում նրանք արդե՞ն վերականգնվել են աշխատանքում, թե ոչ։ Սակայն մամուլում կան հրապարակումներ, թե Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը իր որդու ընկերոջը` Վարդան Մարտիրոսյանին, վերականգնել է Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչությունում։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրուցում այս զինվորականների դեմ քրեական գործը կարճելու որոշումը եւ նրանց` աշխատանքում վերականգնելու հնարավորությունը Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը «մտահոգիչ» որակեց` ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ գործը դատարան էլ չհասավ, որպեսզի հնարավորություն ստեղծվեր նախաքննության օբյեկտիվության վերաբերյալ պատկերացում կազմել:

«Սա արդեն կասկածներ է հարուցում նախաքննության օբյեկտիվության հետ կապված», - մասնավորապես ասաց իրավապաշտպանը:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը այս զարգացումները որակեց «հովանավորչություն հանցագործությանը»:

«Կարելի է շատ սարկազմով ասել, որ հիանալի նվեր էր Բանակի օրվա առթիվ հայ հասարակությանը, այն իմաստով, որ «մեր դեմ խաղ չկա» մոտեցումը իր ձեւակերպումն է ստանում», – հայտարարեց իրավապաշտպանը։

Իրավապաշտպանները նաեւ մտահոգ են Մարտիրոսյանի ու Կարապետյանի դեմ վկայություն տված զինվորների ճակատագրով` չբացառելով, որ նրանք կարող են կրկին ճնշումների ենթարկվել:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG