Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը հանրահավաքների շարք կանցկացնի


ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյան
ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյան

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը նախատեսում է փետրվարի 18-ից հանրահավաքների շարք անցկացնել:

Ուրբաթ օրը կայացած մամլո ասուլիսում ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյան հայտարարեց, որ հանրահավաքների շարքը անցկացնում են փետրվարի 19-ին ընդառաջ:

«Փետրվարի 19-ը այնպիսի օր է, որը արդեն կրում է խորհրդանշական մի իմաստ, որովհետեւ ե'ւ 2003 թվականին, ե'ւ 2008 թվականի ընտրությունները կեղծվել են հենց այդ օրը: Ուստի որոշել ենք փետրվարի 19-ին նախորդող ուրբաթ օրը, այսինքն փետրվարի 18-ին սկսել մեր այս տարվա հանրահավաքային սեզոնը», - ասաց Զուրաբյանը:

Ընդդիմությունը որոշել է հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում:

2008 թվականի նախագահական ընտրություններին հաջորդող դեպքերից հետո Երեւանի քաղաքապետարանը սովորաբար մերժել է Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու ընդդիմության հայտերը:

Հարցին, թե որքանո՞վ է հավանական, որ քաղաքապետարանը ի գիտություն կընդունի եւ չի մերժի Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու հերթական հայտը, Զուրաբյանը պատասխանեց. - «Նոր քաղաքապետի հետ խոսել են նաեւ այն մասին, որ ինքը պարտավոր է կատարել օրենքները: Բոլորի համար ակնհայտ է, որ օրենքի կոպտագույն խախտումներ են եղել մինչեւ հիմա, երբ թույլ չեն տվել Ազատության հրապարակում անցկացնել հանրահավաք»:

Զուրաբյանի խոսքով` ՀԱԿ-ը դեռեւս հնարավոր է համարում արտահերթ ընտրությունների անցկացումը (Ազգային ժողովի հերթական ընտրությունները նախատեսված են 2012 թվականին, իսկ նախագահական ընտրությունները` 2013-ին):

Լեւոն Զուրաբյանը պատասխանեց նաեւ «կեղծ» ու «իսկական» ընդդիմության վերաբերյալ հարցին:

«Կան մի քանի ցուցիչներ, որոնք կարող են ամենապարզ կերպով ցույց տալ, թե տվյալ քաղաքական ուժը ընդդիմություն է, բռնապետության դեմ պայքարող ուժ է, թե` ոչ: Ի՞նչ է պահանջում որեւէ քաղաքական ուժ, ընդհանրապես համարձակվում է Սերժ Սարգսյանի անունը տա՞լ: Ամենալավը իշխանությունները գիտեն, թե ով է իսկական ընդդիմությունը եւ ով` ոչ: Ու շատ լավ էլ, միանգամից իրենց վերաբերմունքով դա ցույց են տալիս: Եթե իշխանությունները չեն փակում հանրահավաքի օրը ճանապարհները, դա նշանակում է, որ գործ չունես իսկական ընդդիմության հետ: Եթե փակում են, ուրեմն իսկական ընդդիմություն է», - ասաց ՀԱԿ համակարգողը:

Նա նաեւ անդրադարձավ երկրում տիրող սոցիալական իրավիճակին:

«Հասունանում է ժողովրդի ընդվզումը այդ սոցիալական հողի վրա: Այս իրավիճակում միակ համարժեք մոտեցումը կլինեին արմատական ռեֆորմները, բայց իշխանությունները նման ռեֆորմներ կատարելու փոխարեն իրենց կոնվուլսիվ գործողություններով միայն ավելի են սրում իրավիճակը: Ցավոք, այսօր Հայաստանում ունենք ոչ լեգիտիմ, ոչ կեմպետենտ, կոռումպացված իշխանություն, որը իսկապես ի վիճակի չէ լուծել երկրի խնդիրները», - ասաց Զուրաբյանը:
please wait

No media source currently available

0:00 0:02:52 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG