Մատչելիության հղումներ

Բրայզան ստանձնեց Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը


Մեթյու Բրայզան ասուլիս է տալիս Բաքվում, արխիվային լուսանկար

Մեթյու Բրայզան ասուլիս է տալիս Բաքվում, արխիվային լուսանկար

Հինգշաբթի երեկոյան Վաշինգտոնում տեղի է ունեցել Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան նշանակված Մեթյու Բրայզայի երդմնակալության արարողությունը:

Այսպիսով, Բրայզան, ում Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում հաստատվելու հարցը ձգձգվում էր անցյալ տարվա մայիսից, ստանձնեց դիվանագիտական այդ պաշտոնը առնվազն մեկ տարով ու Ադրբեջան կժամանի փետրվարի սկզբին:

Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը թափուր էր 2009 թվականի հուլիսից, ամիսներ անց նախագահ Բարաք Օբաման այդ պաշտոնում առաջարկեց ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի տեղակալ, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի թեկնածությունը:

Այս որոշումը հարուցեց հայկական շրջանակների դժգոհությունը: Ամերիկահայ լոբբիստական կազմակերպություններին, մասնավորապես, մտահոգում են Բրայզայի կապերը Ադրբեջանի իշխանությունների հետ, նրա նախկին գործունեությունը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում, նրանք գտնում են, որ Բրայզան չի կարող անկողմնակալ եւ չեզոք դիրքորոշում ունենալ տարածաշրջանային խնդիրների, այդ թվում` Ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ:

Ու չնայած ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հաստատեց Բրայզայի թեկնածությունը, սակայն նրա նշանակման հարցը Սենատի լիագումար նիստում այդպես էլ չհայտնվեց` հայամետ սենատորներ Բարբարա Բոքսերի եւ Ռոբերտ Մենենդեսի ջանքերով. օգտվելով իրենց իրավունքից` նրանք արգելափակեցին դեսպանի հաստատման հետագա գործընթացը:

Նախագահ Օբաման անցած դեկտեմբերին Մեթյու Բրայզային նշանակեց Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան` շրջանցելով Սենատի հաստատումը: Այդպիսի հնարավորություն ԱՄՆ-ի նախագահին տալիս է Սահմանադրությունը, որի համաձայն` երբ Սենատն արձակուրդում է, նախագահը իրավունք ունի ուղղակի նշանակումներ անել:

Նորանշանակ դեսպանի հաստատման հարցը, այնուամենայնիվ, քվեարկության դրվելու է նոր Սենատում` մինչեւ այս նստաշրջանի ավարտը, եւ եթե սենատորները չհաստատեն նշանակումը, ապա Մեթյու Բրայզան կդադարի Ադրբեջանում ներկայացնել Միացյալ Նահանգների շահերը:

Հինգշաբթի օրը նախագահ Օբաման կրկին Բրայզայի հաստատման հարցը ներկայացրել է Սենատին:

Թե հարցը երբ քվեարկության կդնի Սենատը` դեռ հայտնի չէ, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը` հավելելով, որ իրենք շարունակելու են աշխատել սենատորների հետ, նաեւ ուշադիր հետեւելու են, թե Բրայզան ինչպես է իրեն դրսեւորելու Բաքվում:

«Նախագահ Օբամայի հույսը այն է, որ ինքը պիտի կարողանա այս անգամ իր թեկնածուի` Սենատի կողմից վավերացումը ստանալ, եւ այդ ձեւով պարոն Բրայզայի ժամանակը Բաքվում կերկարաձգվի», - ասաց Չուլջյանը` հավելելով. - «Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը եւ ամերիկահայ գաղութը ընդհանրապես հիասթափված է, որ նախագահը մեկ անգամ եւս իր խոստումը չհարգեց եւ անտեսելով ծանր մտահոգությունները` իր կուսակցության սենատորների կողմից եւ, անշուշտ, մտահոգությունները` ամերիկահայ գաղութի կողմից ներկայացված, մեկ անգամ եւս ներկայացրեց Մեթյու Բրայզայի անունը, որպեսզի քննարկվի Սենատի կողմից»:

«Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը եւ հայ գաղութը պիտի շարունակի իր մտահոգությունները հայտնել սենատորներին այս թեկնածուի մասին», - վստահեցրեց Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի խոսնակը` պնդելով, որ Բրայզան «մի անձ է, որ կողմնակալ է եղել ի նպաստ Ադրբեջանի կառավարության»:

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակից փոխանցում են նաեւ, որ սենատոր Մենենդեսը իր հիասթափությունն է արտահայտել Օբամայի կողմից Բրայզայի նշանակման առնչությամբ:

Հայամետ սենատորն ընդգծում է, որ նշանակումը կատարվել է` առանց փարատելու սենատորների արտահայտած մտահոգությունները, «գլխավորապես` Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց նրա [Բրայզայի] հրաժարվելը»:

Սենատոր Ռոբերտ Մենենդես
«Սա հայ ժողովրդի նկատմամբ հարգանքի հարց է: Հայոց ցեղասպանությունը արդի պատմության մեծագույն վայրագություններից էր», - հայտարարել է հայամետ սենատորը` անթույլատրելի համարելով տարածաշրջան մի դիվանագետի գործուղելը, ով չի ճանաչում «այն, ինչ պատմաբանները համարում են արդի շրջանի առաջին ցեղասպանությունը»:

Մենենդեսը նաեւ ԱՄՆ-ի վարչակազմին հիշեցնում է 2008 թվականին Բարաք Օբամայի արած այն մեկնաբանությունը, թե «Հայոց ցեղասպանությունը ոչ թե պնդում է, անձնական կարծիք կամ տեսակետ, այլ փաստ, որը հաստատված է պատմական ծանրակշիռ ապացույցներով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG