Մատչելիության հղումներ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Բյուրոն ուրբաթ օրը որոշեց վերստեղծել Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովը։

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը կտրականապես դեմ է այդ հանձնաժողովին։ Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` «Բարգավաճ Հայաստան»-ից, «Ազատություն» ռադիոկայանին օրերս ասել էր, որ եթե հավանություն տրվի ենթահանձնաժողովի վերստեղծմանը, ապա հայ պատգամավորները պարզապես պետք է բոյկոտեն դրա աշխատանքը։

Մինչդեռ, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության մեկ այլ անդամ` «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը,
Զարուհի Փոստանջյան
հինգշաբթի օրը Վեհաժողովում ներկայացրել է հռչակագիր Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը ճանաչելու մասին։

Զարուհի Փոստանջյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ հռչակագիրը ի պաշտոնե շրջանառության մեջ է դրել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մեւլութ Չավուշօղլուն։ Ի դեպ, հենց նա է Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի աշխատանքը վերականգնելու նախաձեռնության գլխավոր աջակիցներից մեկը։

Հռչակագրում ասվում է, որ «Ադրբեջանը իրեն հռչակել է 1918-20 թվականների Ադրբեջանի հանրապետության իրավահաջորդը, մինչդեռ Լեռնային Ղարաբաղը երբեւէ չի եղել այդ պետության կազմում եւ միայն քեմալական-բոլշեւիկյան գործարքի արդյունքում է մտցվել Խորհրդային Ադրբեջանի կազմ»։

«1991 թվականին Լեռնային Ղարաբաղը հանրաքվեով անկախություն է հռչակել, Արցախի հայության ինքնորոշումը մերժող Ադրբեջանը արձագանքել է լայնածավալ ռազմական գործողություններով, որոնք ավարտվել են 1994 թվականի հրադադարի պայմանագրով», - ասված է փաստաթղթում: - «Դեմոկրատական պետություն կերտելու նպատակ ունեցող Լեռնային Ղարաբաղը այլեւս կայացած պետություն է եւ արժանի է միջազգային ճանաչման ու միջազգային կազմակերպություններին անդամակցելուն»։

Այդ հռչակագիրը ստորագրել են պատգամավորներ Ռումինիայից, Չեխիայից, Ֆրանսիայից, Հունաստանից, Լիտվայից, Շվեյցարիայից, Շվեդիայից, Սան Մարինոյից եւ այլ երկրներից։

«Փաստաթղթի տակ` բացի մեր պատվիրակության անդամներից, իրենց ստորագրություններն են դրել եւս 22 պատգամավորներ տարբեր պետություններից։ Ցավում եմ, որ Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչները չեն միացել այս փաստաթղթին, բայց հուսով եմ, որ համապատասխան աշխատանքից հետո, հավանաբար, նրանք էլ կմիանան ապագայում», - «Ազատություն» ռադիոկայանին հինգշաբթի երեկոյան ասաց ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG