Մատչելիության հղումներ

Հայաստանը Եվրոպական դատարանի որոշումներ չկատարող երկրների ցանկում է


Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շենքը Ստրասբուրգում
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շենքը Ստրասբուրգում

Հայաստանը հայտնվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներ չկատարող երկրների շարքում:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) չորեքշաբթի օրը ընդունած 1787 բանաձեւում նշում է, որ Եվրոպայի խորհրդին անդամակցող մի շարք երկրներ, որոնց թվում են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Ալբանիան չեն կատարում Եվրոպական դատարանի որոշումները:

Այս երկրներին ԵԽԽՎ-ն հանձարարում է «առաջնահերթ դիտարկել պարտավորությունների չկատարմանը եւ աչքի զարնող հիմնախնդիրների լուծմանը առնչվող հարցերը»:

Բանաձեւում ԵԽԽՎ-ն կոչ անում արդյունավետ մեխանիզմներ մշակել եվրոպական դատարանի որոշումները արագ կատարելու համար, ինչպես նաեւ հորդորում է անդամ երկրների ազգային խորհրդարաններին ներկայացնել Եվրոպական դատարանի որոշումների կատարման ընթացքի արդյունավետ խորհրդարանական վերահսկողության մեխանիզմներ: ԵԽԽՎ-ն նաեւ նշում է, որ իրավունք է վերապահում համապատասխան գործողությունների դիմել, եթե տվյալ պետությունը շարունակի չձեռնարկել դատարանի վճռով համապատասխան միջոցներ կամ ազգային խորհրդարանը համապատասխան ճնշում չգործադրի Կառավարության նկատմամբ դատարանի վճիռները կատարելու համար:

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ Եվրոպական դատարանի որոշումները չկատարող երկրների շարքում Հայաստանի հայտնվելու պատճառը «Ա1+» հեռուստաընկերության հետ կապված Եվրոպական դատարանի որոշումն է, որը մինչեւ օրս չի կատարվել:

2008 թվականին Եվրոպական դատարանը որոշել էր, որ «Ա1+» անկախ հեռուստակայանի եթերազրկումը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածին, որը վերաբերում է ազատ խոսքի իրավունքին: Դատարանը պարտավորեցրել էր վերականգնել խախտված իրավունքները:

«Այս բանաձեւից հետեւում է, որ Հայաստանը նույնպես արատավոր վարքագծով տեղ գրավեց այս արատավոր երկրների ցուցակում, որոնք պարբերաբար չեն կատարում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները», - ասաց Զարուհի Փոստանջյանը:

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների կատարման մասին» զեկույցի հեղինակ, ԵԽԽՎ-ում Մարդու իրավունքների եւ իրավական հարցերի կոմիտեի նախագահ Քրիստոս Պուրգուրիդեսը, անդրադառնալով Հայաստանին, իր զեկույցում նշում է, որ դեռեւս իրական առաջընթաց չկա «Մելտեքս» ընկերությունը եւ Մեսրոպ Մովսեսյանը ընդդեմ Հայաստանի» գործով որոշման կատարման ուղղությամբ:

please wait

No media source currently available

0:00 0:03:04 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG