Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «ԼՂ ճանաչումը կլինի այն դեպքում, եթե Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի»


«Մենք չենք կարող ճանաչել Աբխազիան, Օսիան կամ Կոսովոն` առանց Լեռնային Ղարաբաղը ճանաչելու», - «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հացազրույցում նշել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

«Աբխազիան, Օսիան, Կոսովոն մեզ համար շատ կարեւոր նախադեպային նշանակություն ունեն, բայց եթե մենք ճանաչենք դրանց անկախությունը, մեզ պարզապես չեն հասկանա, կասեն` իսկ ինչո՞ւ չեք ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Իսկ Ղարաբաղի ճանաչումը մեզ համար վերջին քայլն է: Մենք դե յուրե չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որովհետեւ բանակցություններ ենք վարում: Իսկ եթե ճանաչենք, էլ ի՞նչ իմաստ կունենան այդ բանակցությունները: ԼՂ ճանաչումը կլինի այն դեպքում, եթե Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի», - ասել է Սարգսյանը:

Հայ-վրացական հարաբերությունների ամենացավոտ խնդիրներից մեկին` Վրաստանում Հայ Առաքելական եկեղեցու` պաշտոնական կարգավիճակ չունենալուն անդրադառնալով` Սարգսյանը զգուշավոր լավատեսություն է ցուցաբերում. - «Սա բարդ եւ պատմություն ունեցող հարց է: Այսօր Վրաստանում պաշտոնապես գրանցված միակ կրոնական համայնքը Վրաց Ուղղափառ եկեղեցին է: Այնուհանդերձ, ես համոզված եմ, որ ոչ հեռավոր ապագայում այս խնդիրը եւս լուծվելու է: Նախ մենք անընդհատ այդ թեմայի շուրջ խոսում ենք Վրաստանի նախագահի հետ: Բացի այդ, Վրաստանը համապատասխան միջազգային պարտավորություններ ունի: Վրաստանն այդ պարտավորությունները ստանձնելով է անդամակցել Եվրոպայի խորհրդին, ուստի ես լավատեսորեն եմ տրամադրված»:

Հայաստանի նախագահը լավատեսորեն է տրամադրված նաեւ «Հյուսիս- Հարավ» գազատարի վրացական հատվածը` Ադրբեջանի նավթային պետական ընկերությանը վաճառելու հնարավորության հարցում:

«Պաշտոնապես մեզ անընդհատ հավատացնում են, որ Վրաստանի իշխանությունները չեն պատրաստավում վաճառել ո'չ խողովակաշարը, ո'չ էլ հարակից ենթակառույցները: Բայց նույնիսկ վաճառքի դեպքում Վրաստանը հստակ ամրագրված միջազգային պարտավորություններ ունի, որոնցում գրված է, որ մենք վառելիքի տարանցման իրավունք ունենք: Բացի այդ, սխալ է կարծել, թե Վրաստանը մեզ լավություն է անում` թույլատրելով գազն իր տարածքով տեղափոխել Հայաստան: Հազար խորանարդ մետրի դիմաց վճարած գնի 10 տոկոսը` այսինքն 18 դոլարը, մենք վճարում ենք Վրաստանին, ինչը բավական մեծ գին է: Բայց [անգամ վաճառքի դեպքում] մենք ստիպված կլինենք այլ կանոններով աշխատել եւ տարանցման գինն էլ համապաստախանաբար ավելի ցածր կլինի», - ասել է Հայաստանի նախագահը` միաժամանակ հույս հայտնելով, որ «գործը դրան չի հասնի»:

«Վրաստանի իշխանությունները հասկանում են այս խնդրի կարեւորությունը Հայաստանի համար», - պնդել է Սերժ Սարգսյանը:

Անդրադառնալով «Վիկիլիքս» կայքում Հայաստանին վերաբերող վերջին բացահայտումներին` նախագահ Սարգսյանը հերքել է այն պնդումները, թե պաշտոնական Երեւանը Իրանին զենք է վերավաճառել:

«Նույնիսկ «Վիկիլիքս»-ում նման պնդումներ չկան: Այնտեղ հիշատակվում էր միայն մի դեպք, որն իրոք տեղի էր ունեցել: Ինչ-որ կերպ մի քանի միանգամյա օգտագործման նռնականետներ էին Հայաստանից տեղափոխվել Իրան, եւ իբր այդ նռնականետներից տուժել էին Իրաքում ծառայող զինվորականները: Ի դեպ, Իրաքում նաեւ հայկական զորախումբ կար: Այնպես որ, Հայաստանը երբեք Իրանին զենք ո'չ վաճառել է, ո'չ էլ վերավաճառել: Մեր երկրների միջեւ երբեւէ ռազմատեխնիկական համագործակցություն չի եղել», - նշում է Հայաստանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG