Մատչելիության հղումներ

Հայ - թուրքական բարեկամությունը խորհրդանշող արձանը կարող է տեղափոխվել Իզմիր


Կարսում տեղադրված՝ հայ - թուրքական բարեկամությունը խորհրդանշող կիսավարտ արձանը
Կարսում տեղադրված՝ հայ - թուրքական բարեկամությունը խորհրդանշող կիսավարտ արձանը
Իզմիրի Քարշըքայա շրջանային վարչակազմը որոշում է ընդունել Կարսում ապամոնտաժման ենթակա հայ-թուրքական բարեկամությունը խորհրդանշող արձանը տեղադրել Իզմիրում։ Այս մասին հայտնել է վարչակազմի մամուլի հարցերով խորհրդական Սեդաթ Սյոզերին։

Իզմիրից Կարսի քաղաքապետարանին արդեն խնդրել են չքանդել արձանը, այլ թույլատրել իրենց այն տեղափոխել։ Որոշվել է նույնիսկ արձանը Իզմիրում տեղադրելու վայրը։

Սեդաթ Սյոզերին Իզմիրի վարչակազմի 9 աշխատակիցների եւ հուշարձանների պահպանության հանձնաժողովի անդամների հետ երեքշաբթի օրը Կարս էին այցելել՝ արձանը տեսնելու համար։

«Մենք երբեք չենք քննարկել` արձանը գեղագիտական է, թե ոչ։ Մենք քննարկում չենք ցանկանում։ Մենք դրա կարիքն ունենք ու կվերցնենք այն», - ասել է Սեդաթ Սյոզերին։

Արձանի հեղինակ, քանդակագործ Մեհմեթ Աքսոյն ասել է, թե նոր է իմացել ու շատ զարմացած է արձանը տեղափոխելու որոշումից։

«Եթե նրանք չեն քննարկել արձանի գեղագիտական առանձնահատկությունները, ապա ի՞նչ են քննարկել։ Սա խայտառակություն է։ Թե՞ նրանք շուկայից նարինջ կամ խնձոր են գնում», - Hurriyet Daily News-ին ասել է քանդակագործը։

Ըստ նրա՝ տեղափոխման դեպքում արձանի խորհրդանշական իմաստը կկորչի, քանի որ արձանը տեղադրվելու համար ընտրվել էր հայ - թուրքական սահմանին մոտ գտնվող Կարսը։

«Արձանը պետք է մնա իր ներկայիս տեղում։ Այն պետք է պահպանվի։ Ինձ` որպես արվեստագետի, սա ցավ է պատճառում», - ասել է նա՝ հավելելով, թե այդ հսկա արձանը տեղափոխել հնարավոր չէ, այն տեղից կարելի է շարժել միայն դինամիտի օգնությամբ։

Կարսի քաղաքապետարանի հանրային կապերի պատասխանատու Օզլեմ Օզթյուրքը Իզմիրից ժամանած պատվիրակության հետ գնացել էր արձանի մոտ։

Նա հերքել է քանդակագործի պնդումները, թե արձանը տեղից հնարավոր է շարժել միայն դինամիտի օգնությամբ։

«Ամեն ինչ իր մեթոդներն ունի, մենք ուսումնասիրում ենք տեխնիկական հարցերը։ Տեխնիկական հանձնաժողովը կորոշի, թե ինչպես է հանվելու արձանը», - ասել է Օզլեմ Օզթյուրքը։

Արձագանքելով քանդակագործի անցած շաբաթվա հայտարարությանը, թե դատական հայց է ներկայացնելու Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի դեմ, Օզթյուրքն ասել է. - «Դա նրա օրինական իրավունքն է, մենք ոչինչ չունենք ասելու»։

Այս ամսվա սկզբին Թուրքիայի վարչապետ Ռեջեփթ Էրդողանը Կարս էր այցելել ու հայ - թուրքական բարեկամությունը խորհրդանշող արձանի մասին ասել էր, թե այն անճոռնի է, եւ Կարսի քաղաքապետին կարգադրել էր ապամոնտաժել այն ու տեղում զբոսայգի հիմնել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG