Մատչելիության հղումներ

Կենսաթոշակների վճարման հերթերը գոյացել են վճարող կազմակերպության փոփոխության պատճառով


Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյան
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյան

Կառավարության հինգշաբթի օրվա նիստում վարչապետը բացատրություն պահանջեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարից կենսաթոշակների վճարումների վերաբերյալ:

«Հունվար ամսվա ընթացքում մենք ունեցանք խնդիրներ թոշակների վճարման գործում: Հերթեր էին կուտակվում «Հայփոստ»-ում, եւ արդարացի դժգոհություն կար», - ասաց վարչապետը:

Նախարար Արթուր Գրիգորյանը այս խնդիրները կապեց թոշակները վճարող կազմակերպության փոփոխության հետ:

«Վճարող կազմակերպության փոփոխության արդյունքում 2011թվականի հունվար ամսին 2010 թվականի դեկտեմբերի համեմատությամբ Երեւան քաղաքում շուրջ 4000 կենսաթոշակառուի կենսաթոշակ կամ շուրջ 500 մլն դրամ չի վճարվել, ինչը մտահոգում է մեզ», - տեղեկացրեց նախարարը:

Նախարար Գրիգորյանը նաեւ տեղեկացրեց, որ արդեն պայմանագրեր են ստորագրվել 12 բանկերի եւ 4 վճարահաշվարկային կազմակերպությունների հետ։

«Կենսաթոշակառուն կարող է այդ կազմակերպություններից ընտրել լավագույն ծառայություններ մատուցողին եւ ստանալ որակյալ ծառայություններ` իրեն հարմար եղանակով` կանխիկ կամ անկանխիկ», - ասաց Գրիգորյանը:

Գրիգորյանի խոսքով` հանձնարարականներ են տրվել փետրվար ամսին կենսաթոշակների վճարումները ավելի արդյունավետ իրականացնելու ուղղությամբ:

Նախարարը նաեւ անդրադարձավ արդեն լուծարված Սոցապ ծառայության վճարումների ծառայության նախկին աշխատակիցների խնդրին, որոնք այսօր եւս բողոքում էին Կառավարության շենքի դիմաց:

«Արդեն իսկ կարգավորված են «Վճարումների ծառայության աշխատակիցներին վճարման ենթակա չվճարված աշխատավարձի, արձակման նպաստների, չօգտագործած արձակուրդի դիմաց հատուցման գումարների ֆինանսավորման հարցերը` շուրջ 73 միլիոն 700 հազար դրամ, եւ առաջիկա օրերին այն կվճարվի աշխատանքից ազատված անձանց», - ասաց նախարարը:

Ըստ նրա` միաժամանակ «Հայփոստ» ընկերությանն առաջարկվել է «մրցութային կարգով ընտրել Վճարումների ծառայության առնվազն 70 աշխատակցի եւ ապահովել նրանց համապատասխան աշխատանքով»։

«Հայփոստ» ՓԲԸ-ն արդեն իսկ սկսել է հարցազրույցները դիմորդների հետ եւ պայմանագիր է կնքել նրանցից 15-ի հետ», - ասաց նախարարն եւ հավելեց, որ այդ աշխատակիցների փորձը հաշվի առնելով` նրանցով հետաքրքրված են նաև մյուս վճարահաշվարկային կազմակերպությունները:

Մինչդեռ Վճարումների ծառայության նախկին աշխատակիցները «Ազատություն» ռադիոկայանի հետ իրենց զրույցներում հերքեցին նախարարի ասածը:

«Ոչ մեկին էլ չեն կանչել [«Հայփոստից»]: Մենք 25 օր է, մեր ռեզյումները գցել ենք այնտեղ, զանգում ենք, ասում են` կտեսնենք, կհամապատասխանեք, կկանչեք, չէ` չենք կանչի», - ասաց աշխատանքից ազատված կանանցից մեկը:

Նիստից հետո Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը հանդիպեց այս աշխատակիցների հետ եւ վստահեցրեց, որ նրանց մեծ մասը կընդունվի աշխատանքի:

Լուծարված Վճարումների ծառայությունում աշխատում էր շուրջ 260 հոգի:

please wait

No media source currently available

0:00 0:04:47 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG