Մատչելիության հղումներ

Մամեդյարով. «Ղարաբաղի հարցում տեղաշարժերի հասնելու համար պետք է օգտագործենք բոլոր միջոցները»


«Ներկայիս դրությունը չի կարող հավերժ շարունակվել: Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակում տեղաշարժերի հասնելու համար մենք պետք է օգտագործենք բոլոր միջոցները», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Russia Today հեռուստաալիքի արաբական խմբագրությանը տված հարցազրույցում:

«Չնայած երկու կողմերի միջեւ հրադադարի մասին համաձայնագրի ստորագրմանը` շփման գծում շարունակում են մարդիկ զոհվել: Մենք պետք է անենք անհրաժեշտ ամեն ինչ` լուծելու համար այդ հիմնախնդիրը», - ասել է Ադրբեջանի արտգործնախարարը:

Կրկին խոսելով «ադրբեջանական հողերի 20 տոկոսի օկուպացման», «այդ տարածքներում ադրբեջանական բնակչության նկատմամբ էթնիկ զտումների» մասին, Մամեդյարովը, միաժամանակ, վստահեցրել է. - «Ադրբեջանական կողմը համարում է, որ պետք է որոնել հակամարտության լուծման ուղիներ, որոնց ժամանակ կպաշտպանվեն բոլոր կողմերի շահերը»:

«Ես եկել եմ Մոսկվա` Ռուսաստանի միջնորդությամբ շարունակելու այդ հակամարտությունից դուրս գալու ուղիների որոնումը», - ասել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Հունվարի 24-ին ռուսական կողմի նախաձեռնությամբ Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը, Էդվարդ Նալբանդյանը եւ Էլմար Մամեդյարովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG