Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) Ադրբեջանում անցած տարվա նոյեմբերի 7-ին անցկացված խորհրդանական ընտրություններին նվիրված վերջնական զեկույցում խորհուրդ է տալիս պաշտոնական Բաքվին լրջորեն բարեփոխել երկրի ողջ ընտրական համակարգը:

«Անհրաժեշտ է լուրջ ջանքեր գործադրել իրական եւ ազատ ընտրական մթնոլորտի ստեղծման եւ առաջադրված բոլոր թեկնածուների համար հավասար պայմանների ապահովման ուղղությամբ», - չորեքշաբթի օրը հրապարակած զեկույցում նշում են եվրոպացի դիտորդները:

«Ի տարբերություն 2008 թվականի նախագահական ընտրությունների` 2010 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցեցին բոլոր առաջատար ընդդիմադիր քաղաքական ուժերը: Չնայած այդ իրողությանը`
Բաքվի ընտրատեղամասերից մեկը ընտրությունների օրը, 7-ը նոյեմբերի, 2010թ.
նախընտրական մթնոլորտը չէր համապատասխանում քաղաքական հայացքների եւ պլատֆորմների մրցակցային պայքարի սկզբունքին», - ընդգծում են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդները` մանրամասնելով. - «Ընդդիմության, ինչպես նաեւ սեփական նախաձեռնությամբ առաջադրված թեկնածուներից շատերն այդպես էլ պաշտոնապես չգրանցվեցին»:

ԵԱՀԿ-ի դիտորդների գնահատմամբ` նախընտրական շրջանում միակողմանի դիրքորոշում էին ցուցաբերում նաեւ ադրբեջանական հեռուստաալիքները:

«Դիտարկման ենթարկված բոլոր հեռուստաընկերությունները, այդ թվում` Ադրբեջանի հանրային հեռուստաալիքը, ընտրական համատեքստից դուրս եւ բացառապես դրական լույսի ներքո էին պատմում իշխանության ներկայացուցիչների գործունեության մասին: Այս միտմանը զուգահեռ` անկախ տեսակետները հեռուստաեթերում բացակայում էին», - նշում են դիտորդները:

Խոսելով քվեարկության օրը ծավալված իրադարձությունների մասին` զեկույցի հեղինակները նշում են. - «63 տեղամասերում դիտորդները արձանագրել են քվեատուփերի լցոնման,100 տեղամասերում` ընտրացուցակներում ընտրողների նույնական ստորագրությունների առկայության, 79 տեղամասերում` լիազորություն չունեցող անձանց ներկայության փաստեր»:

Քվեների հաշվարկի փուլում էլ, ըստ ԵԱՀԿ-ի դիտորդների, լուրջ բացթողումներ են արձանագրվել:

«Դիտարկված տեղամասերի 32 տոկոսում քվեների հաշվարկը գնահատվել է բացասաբար, ինչը բավական բարձր ցուցանիշ է», - ասված է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցում: - «Դիտարկված տեղամասերից 13-ում ընտրության արդյունքները կեղծվել են, 48 տեղամասերում հանձնաժողովների նախագահները արձանագրությունները կազմելուց առաջ նախապես չեն հրապարակել քվեարկության արդյունքները:12 տեղամասերում դիտորդները արձանագրել են, որ հաշվակին մասնակցում են անձինք, որոնք ընտրական հանձնաժողովների անդամ չեն հանդիսանում»:

Վերոհիշյալ բոլոր փաստերը հաշվի առնելով` ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը խորհուրդ է տվել ադրբեջանական իշխանություններին ստեղծել ընտրական այնպիսի համակարգ, որ կվայելի հանրության վստահությունը:

«Բացի այդ, անհրաժեշտ է բարելավել քվեների հաշվարկի գործընթացը, նախընտրական շրջանում ապահովել հավաքների ազատության սահմանադրական սկզբունքի իրացումը», - նշում են ԵԱՀԿ-ի դիտորդները` պաշտոնական Բաքվին խորհուրդ տալով նաեւ բարեփոխել երկրի Ընտրական օրենսգիրքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG