Մատչելիության հղումներ

ԱՎԾ-ն ամփոփել է 2010-ի մակրոտնտեսական ցուցանիշները


ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) հրապարակած տվյալների, անցյալ տարի Համախառն ներքին արդյունքը Հայաստանում կազմել է շուրջ 3.5 տրիլիոն դրամ կամ` արձանագրվել է 2.6 տոկոս տնտեսական աճ:

Արձանագրվել է նաեւ 9.4 տոկոս գնաճ եւ կենսամակարդակի անկում:

Հայաստանի քաղաքական ուժերը տարբեր կերպ են մեկնաբանում անցած տնտեսական տարվա արդյունքները:

Իշխող ՀՀԿ-ի ներկայացուցիչ, Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի կարծիքով, հնարավոր չէ միանշանակ գնահատել 2010 թվականը:

Դրական միտումներից, ըստ Մինասյանի, համախառն ներքին արդյունքի կրկնապակումն է (նախատեսվածի համեմատ), արդյունաբերության` որպես «տնտեսության լոկոմոտիվի» հանդես գալը եւ արտաքին ապրանքաշրջանառության մեջ արտահանման տեսակարար կշռի ավելացումը:

«Սրանք արտաքին հիմնական դրական բաներն են, որոնք բխում են մակրոտնտեսական ցուցանիշներից, սակայն այստեղ մենք ունենք նաեւ խիստ բացասական ցուցանիշ` դա գնաճի շատ բարձր մակարդակն է, որը երկու անգամ գերազանցում է պետական բյուջեով նախատեսված մակարդակը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում շեշտեց Մինասյանը:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի խոսքով, մինչդեռ` հաստատվում են «ամենահոռետեսական գնահատականներն այն մասին, որ Հայաստանում ոչ միայն 2009, այլեւ 2010 եւ 2011 թվականներն են ճգնաժամային». - «Այն, որ 2.6 տոկոս անվանական տեսակետից աճ կա, դա ոչինչ չի նշանակում. նույն հաջողությամբ կարող էր լինել շատ ավելի բարձր: Սակայն կյանքը եւ մարդկանց կենսամակարդակը երբ դիտվում է, մենք տեսնում ենք, որ կա հետընթաց: Եվ այդ հետընթացը արտահայտվում է ոչ միայն սպառողական նվազագույն զամբյուղի ցուցանիշում, ոչ միայն իրական աշխատավարձերի նվազման ոլորտում, այլ նաեւ տնտեսության գրեթե բոլոր ուղղություններում»

Մինասյանի կարծիքով, տնտեսական աճի բացասական կողմը «որակական հատկության բացակայությունն է», այլ կերպ ասած` «աճից օգտվում է ոչ թե Հայաստանի հասարակ քաղաքացին, այլ օլիգարխիան եւ պետական բյուջեն»:

«Հայաստանի կառավարությունը պատրաստ չէ եւ չի կարողանում եւ չի ուզում փոփոխություններ մտցնել վարվող տնտեսական քաղաքականության մեջ: Եվ հետեւանքը այն է, որ անընդհատ նոր սոցիալական դժգոհություններ են առաջանում: Սա դեռ սոցիալական հատվածում: Շուտով, կարծում եմ, կառաջանան նաեւ արտադրողերի եւ գործարարների դժգոհությունները», - հավելեց Արծվիկ Մինասյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG