Մատչելիության հղումներ

Տրանսպորտի եւ կապի նախարարը ընդունեց բողոքող առեւտրականներին


Տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյան

Տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյան

Թուրքիայից եւ Չինաստանից ապրանք ներմուծող առեւտրականներին չորեքշաբթի օրը ընդունեց Տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը: Առեւտրականները դեռ երեկվանից բողոքում են բեռնափոխադրող ընկերությունների դեմ, որոնք ապրանքի ներմուծման համար գանձվող փոխադրման եւ այլ վճարները կրկնակի բարձրացրել են:

Անցյալ շաբաթ առեւտրականները տեղեկացել են, որ Թուրքիայից ներմուծվող ապրանքի 1 կգ-ի համար նախկին 4-ի փոխարեն պետք է վճարեն 8 դոլար, իսկ Չինաստանից ներմուծելու դեպքում 15 դոլար` նախկին 7-ի փոխարեն:

Մանուկ Վարդանյանը այսօր ընդունեց նախարարության շենքի առջեւ հավաքված առեւտրականներից 10-ին, որպեսզի լսի նրանց խնդիրը: Հանդիպմանը ներկա էին նաեւ լրագրողները:

«Օֆիսները պատճառաբանում են, որ Կառավարությունը, Տրանսպորտի նախարարությունը եւ այլ պետական կառույցներն են բարձրացրել գինը: Եթե թանկացել է, թող թանկանար 20 կամ 30 տոկոսով` ելնելով համաշխարհային գների բարձրացումից: Ինչո՞ւ է դարձել 8 դոլար: Բեռնատարում մոտ 20 տոննա բեռ է տեղավորվում, դա կազմում է մոտ 80 հազար դոլար, հիմա դարձել է 160 հազար: Ես չեմ կարծում ու բոլոր անունից եմ խոսում, որ տրանսպորտը կարող է թանկանալ 80 հազար դոլարով: Ինձ հիմնավոր պատճառներ են պետք, որ ես իմանամ իմ հետագա անելիքը, այսինքն շարունակե՞մ աշխատանքս, թե` ոչ», - ստեղծված իրավիճակն այսպես ներկայացրեց առեւտրականներից մեկը:

Նախարար Մանուկ Վարդանյանն ասաց, որ երեկ վարչապետը հանձնարարել է իրեն ուսումնասիրել հարցը եւ տեղեկանք ներկայացնել բեռնափոխադրումների վերաբերյալ:

«Բայց հարցը ուսումնասիրելիս մենք հասկացանք, որ այստեղ 3 օղակ կա: Ո՞ւմ հետ կարող եք շփվել դուք` փոխադրողի հետ, որը կազմակերպում է կարգոն, զուտ մեքենայով զբաղվողի հետ, որը բեռնատարով տեղափոխում է եւ Մաքսային ծառայության: Բեռնափոխադրումների իրականացումը մեր երկրում լիցենզավորված չէ, ազատ գործունեություն է` մասնավոր: Իրենք հայտարարությամբ, մեզ նաեւ պաշտոնական տեղեկանքներ են տվել, որ իրենց վճարները չեն թանկացել», - ասաց Վարդանյանը:

Նա առեւտրականներին վստահեցրեց, որ թանկացման հետ կապ չունեն նաեւ մաքսային մարմինները:

«Որտեղի՞ց պետք է առաջանար այդ գումարը, մաքսային որեւէ ծառայություն, որեւէ մաքսատուրք չի թանկացել: Մեքենան չի թանկացել, այսինքն այն ընկերությունները, որոնք զբաղվում են բեռ տեղափոխելով: Մնաց այս մի ծառայությունը: Ուրեմն սկզբից դուք մտնում եք այդ օֆիս, հանձնում եք ձեր բեռը եւ այնտեղ իրենց հետ պայմանավորվում եք», - ասաց նախարարը:

Նախարարին հարցին, թե արդյո՞ք այդ ընկերությունների հետ կնքած պայմանագրեր ունեն, առեւտրականները պատասխանեցին, որ չունեն:

Պարզվեց, որ նրանցից ոչ մեկը մասնավոր ընկերության հետ պայմանագիր չի կնքում, փոխարենը պայմանավորվածություն է ձեռք բերում, որ իր ապրանքը հասցվի Հայաստան, որի դիմաց վճարում եւ ստանում է հաշիվ-ապրանքագիր:

Պայմանագրի բացակայության դեպքում Մանուկ Վարդանյանը առեւտրականներին խորհուրդ տվեց դիմել դատախազություն: Այս խորհուրդը առեւտրականներին այնքան էլ չգոհացրեց:

Առեւտրականները պահանջեցին, որ իրենց տրամադրվի պաշտոնական գրություն այն մասին, որ Կառավարությունը մաքսատուրքի փոփոխություն չի իրականացրել: Նախարարը խոստացավ դա անել առաջիկա օրերի ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG