Մատչելիության հղումներ

Հերթական ծեծկռտուքի առնչությամբ հիշատակվում է Գագիկ Բեգլարյանի անունը


Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը:
Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը:
Հունվարի 24-ի գիշերը Էդգար Մելքոնյանը ոստիկանության Կենտրոնի բաժին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ հունվարի 23-ի ուշ երեկոյան Արհեստավորների փողոցում իրեն ծեծի են ենթարկել թիվ 2 շուկայի (ԳՈՒՄ-ի շուկան, որը, ըստ որոշ տեղեկությունների, պատկանում է մայրաքաղաքի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին) անվտանգության աշխատակիցները եւ պատճառել մարմնական վնասվածք։

Այսօր մամուլում հրապարակումներ կային այն մասին, որ ԳՈՒՄ-ի շուկայի մոտ ծեծի ենթարկված Էդուարդ Մելքոնյանը Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի օգնականն է, իսկ ծեծի ենթարկողները ԳՈՒՄ-ի շուկայի անվտանգության աշխատակիցները: Ըստ որոշ տեղեկությունների, ԳՈՒՄ-ի շուկան պատկանում է մայրաքաղաքի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին։

Մամուլում որպես ծեծկռտուքի պատճառ է ներկայացվում շուկայի մոտ գտնվող տաքսիների կայանատեղի հարցը։ Ըստ այդմ՝ երկու կողմերն էլ տաքսի ծառայություն ունեն, եւ երբ Մելքոնյանին պատկանող ծառայության մեքենան կայանել է ԳՈՒՄ-ի շուկայի մերձակայքում, որտեղ կանգնում են Բեգլարյանին պատկանող ծառայության մեքենաները, վեճ է ծագել, որն էլ ավարտվել է ծեծկռտուքով։

Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ միջադեպին Բեգլարյանի առնչության վերաբերյալ տեղեկատվություն չունեն, չգիտեն նաեւ, թե որտեղ է աշխատում Մելքոնյանը։

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի խոսնակ Գայանե Գասպարյանը, մինչդեռ, փոխանցեց հետեւյալը. - «Հունվարի 23-ին միջադեպ տեղի ունեցել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական Էդուարդ Մելքոնյանի եւ ԳՈՒՄ-ի շուկայի անվտանգության աշխատակիցների միջեւ, սակայն դա, ինչպես ներկայացված է մամուլում, պայմանավորված չի եղել իբր Մելքոնյանին պատկանող տաքսի ծառայության մեքենաների կայանման հետ, որովհետեւ Մելքոնյանը տաքսի ծառայություն չունի»։

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի խոսնակի խոսքով, շուկայի անվտանգության աշխատակցին դուր չի եկել այն, որ Մելքոնյանը, Արհեստավորների փողոցով անցնելիս, իր ավտոմեքենայով ձայնային ազդանշան է հնչեցրել, որի պատճառով նա հայհոյել է Մելքոնյանին, եւ նրանց միջեւ վեճ է ծագել, որն ավարտվել է ծեծկռտուքով, Մելքոնյանը մարմնական վնասվածք է ստացել։

Միջադեպին Գագիկ Բեգլարյանի մասնակցության վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Գայանե Գասպարյանն ասաց. – «Այս տեղեկատվությունից ավելի ոչինչ ասել չեմ կարող»։

Հիշեցնենք, անցած դեկտեմբերին Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հրաժարականի դիմում ներկայացրեց այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ նա ծեծի էր ենթարկել Հանրապետության նախագահի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG