Մատչելիության հղումներ

ՊԵԿ նախագահի դեմ մահափորձի մեջ մեղադրվողը հերքում է մեղադրանքները


Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի դեմ 2009 թվականին մահափորձ կատարելու մեջ մեղադրվող Գագիկ Մաթեւոսյանը չորեքշաբթի օրը ցուցմունք տվեց Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդանուր իրավասության դատարանում:

Ըստ մեղադրական եզրակացության` Երեւանի բնակիչ Գագիկ Մաթեւոսյանը, ով հայտնի է «Մուսկուլ Գագո» մականվամբ, 2006 թվականի կեսերից ձեւավորել է 6 անձանցից կազմված բանդա եւ մշակել պաշտոնատար անձանց սպանելու ծրագրեր:

Բացի ՊԵԿ նախագահի դեմ մահափորձ նախապատրաստելու մեղադրանքից, Գագիկ Մաթեւոսյանը մեղադրվում է նաեւ մի շարք բարձրաստիճան անձանց, այդ թվում` նախագահ Սերժ Սարգսյանին եւ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, Հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզական վարչության պետ Շահեն Հովասափյանին, Տրանսպորտի եւ կապի փոխնարարար Հրանտ Բեգլարյանին սպանելու մտադրություն ունենալու մեջ:

Գագիկ Մաթեւոսյանն իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում:

«Սաղ ինչ գրված է, հեքիաթ է: Ես որեւէ կապ էս հարցի հետ չունեմ, որեւէ սպանություն չեմ նախաձեռնել», - չորեքշաբթի օրը դատարանում հայտարարեց Մաթեւոսյանը:

Ըստ մեղադրականի, ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ մահափորձ իրականացնելու նպատակով հիշյալ հանցավոր խմբի անդամները Երեւանի Տերյան փողոցի 19 շենքի բակում գտնվող կիսակառույց շենքի ամրանի վրա տեղադրել են ինքնաշեն հեռակառավարվող պայթուցիկ սարք` ուղղորդված պայթյուն իրականացնելու համար: Ըստ գործի նյութերի` պայթուցիկ սարքը հայտնաբերել էր պահակ Ալեքսանդր Ղազարյանը, որը այս գործով դատարան ներկայացող միակ տուժողն է: ՊԵԿ նախագահը դատավարության ողջ ընթացքում դատարան չի ներկայացել, թեեւ նա համարվում է տուժող: Այսօր նրա ներկայացուցիչը նույնպես դատարանում չէր:

Գագիկ Մաթեւոսյանը, ի տարբերություն այսօրվա հայտարարության, նախաքննության ժամանակ տվել է իրեն վերագրվող մեղադրանքը չհերքող ցուցմունք, որը, ըստ նրա պաշտպանի, ձեռք է բերվել «անթույլատրելի, քննությանը խորթ մեթոդներով»:

Դատավոր Գագիկ Ավետիսյանը ամբաստանյալին հարցրեց, թե նրա նկատմամբ սպառնալիքներ եղե՞լ են նախաքննության ժամանակ:

«Սպառնալիք եղել է, ոնց չի եղել: Ախպեր են բռնել, կալանավորել, ընտանիքիս հետեւից են ընկել, ընտանիքս հիմա ուրիշ տեղ է ապրում, մերս ու ախպերս` ուրիշ տեղ», - ասաց Մաթեւոսյանը:

Գագիկ Մաթեւոսյանի դեմ ցուցմունքներ տվել են նաեւ խմբի որոշ անդամներ: Նա պնդում է, որ վերջիններս սուտ են խոսել, իսկ թե ինչո՞ւ, չի կարող ասել:

Խմբի մյուս 5 անդամները` Արայիկ Ոսկանյանը, Գրիգոր Գրիգորյանը, Վազգեն Կարապետյանը, Արտակ Ղուկասյանը եւ «Երգիչ Աֆոն» մականունով հայտնի Ռաֆայել Մասումյանը դատարանում դեռ ցուցմունք չեն տվել: Փաստաբանների գնահատմամբ, նրանց նախաքննական ցուցմունքների միջեւ կան էական հակասություններ:

Մաթեւոսյանը դա այսպես է բացատրում. - «Ուղղակի մարդկանց ժամանակին խոսք են տվել, որ ինչ կարող եք ասեք, ձեզ շուտ կթողնենք, կգնաք տուն, էդ մարդիկ էլ էդ հեքիաթները պատմեցին ու հիմա չգիտեն ինչ անեն»:

Համաձայն մեղադրականի` պատվիրատուն Ռոբերտ Երիցյանն է: Նա խմբի հետ առնչվել է Ռաֆայել Մասումյանի միջոցով: Երիցյանը 2009 թվականից հետախուզման մեջ է, թեեւ չի հարցաքննվել, որեւէ ցուցմունք չի տվել, բայց նրա անունը կա մեղադրականում:

Մեղադրող Հովսեփ Սարգսյանի միջնորդությամբ այսօր հրապարակվեցին Գագիկ Մաթեւոսյանի նախաքննական ցուցմունքները: Դրանցում ամբաստանյալը ասել է, որ մտքերը շարադրել չկարողանալու պատճառով խնդրում է, որ ցուցմունքները գրառի քննիչը: Այդ ցուցմունքների համաձայն, Մաթեւոսյանի «ծանոթը 100 հազար դոլար է առաջարկել ՊԵԿ պետի համար»:

Մասումյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը տարակուսանք հայտնեց, թե ինչպե՞ս կարող էր «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում ի հայտ գալ տպագրված ցուցմունք այն դեպքում, երբ այդ հիմնարկում անհրաժեշտ պայմաններ չկան:

Ցուցմունքների հակասության վերաբերյալ Մաթեւոսյանն այսօր չհասցրեց հայտարարություններ անել: Նրա պաշտպան Անահիտ Եսայանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե չի հիմնավորվում Մաթեւոսյանի մեղադրանքը: Շահեն Հովասափյանի սպանելու, ավելի ուշ այդ մտադրությունից հրաժարվելու վերաբերյալ մեղադրական պնդումների մասին Եսայանը ասաց հետեւյալը. - «Շահեն Հովասափյանի վերաբերյալ կա դեպք, որը կատարված-ավարտված է, մարդուն մեղսագրում են հանցափորձ, որից հրաժարվել է, եւ քննություն է կատարվել այդ ուղղությամբ: Այդ ուղղությամբ ոչինչ չի հիմնավորվել, բայց մնացել է մեղադրանքի ծավալում: Նույնը Հրանտ Բեգլարյանի եւ մյուս դեպքերում»:

Իսկ 2008 թվականի մարտի 1-ի հայտնի իրադարձությունների ժամանակ Սերժ Սարգսյանի նկատմամբ մահափորձ իրականացնելու մտադրություն ունենալու վերաբերյալ պաշպտանն ասաց, որի իր հետ առանձնազրույցներում Մաթեւոսյանը բացառել է դա:

«Ինչպե՞ս կարող էի ես մահափորձ կազմակերպել Սերժ Սարգսյանի դեմ, երբ մարտի 1-ին նախորդող գիշերը ես նրա եղբոր` Լյովա Սարգսյանի ընտանիքին եմ աջակցել, որ որեւէ պրոբլեմ չունենա», - Անահիտ Եսայանի փոխանցմամբ` իրեն պատմել է Մաթեւոսյանը:

Դատավարությունը կշարունակվի վաղը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG