Մատչելիության հղումներ

logo-print
Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցում Հայաստանի իշխանությունների հասցեին հնչեցրած քննադատական գնահատականները որակում է «ոչ այնքան օբյեկտիվ»։

Human Rights Watch–ը իշխանություններին քննադատել էր 2008–ի մարտի 1–2–ի իրադարձությունների պատշաճ հետաքննություն չանցկացնելու, ոստիկանությունում բռնարարքներ թույլ տալու, հավաքների ազատությունը խոչընդոտելու համար:

Իշխող կուսակցության ներկայացուցիչ Ռազմիկ Զոհրաբյանը չորեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, մասնավորապես, ասաց. – «Քննադատությունները Հայաստանի հասցեին այդքան էլ օբյեկտիվ չեն, որովհետեւ 2008–ի իրադարձություններից մինչեւ այսօր բավականին շտկումներ են եղել, ուղղումներ են եղել մարդու իրավունքների հարցում»։

Հայաստանյան իրավապաշտպանները, մինչդեռ, միանշանակ ողջունում են զեկույցում ամրագրված գնահատականները։ Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այն անվանեց «վերջին տարիների ամենալավ զեկույցներից մեկը»։

Հայաստանյան իրավապաշտպանները որպես դրական տեղաշարժ կարեւորում են հատկապես Human Rights Watch-ի զեկույցում Հայաստանի միջազգային գործընկերների հասցեին տեղ գտած քննադատությունը եւ այն դիտարկումը, որ միջազգային գործընկերները ամբողջությամբ չեն օգտագործել իրենց հնարավորությունները` մարդու իրավունքների ապահովման տեսանկյունից Հայաստանի վրա ներազդելու համար:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ նման դիտարկում առաջին անգամ է տեղ գտնում Human Rights Watch–ի զեկույցներում։

«Նախորդ տարիներին, նկարագրելով մարդու իրավունքների վիճակը, ինքը իրավիճակի փոփոխման առումով հիմնական մեսիջը ուղարկում էր իշխանություններին։ Այս զեկույցում մեսիջ է ուղարկված ոչ միայն իշխանություններին, այլեւ միջազգային կառույցներին, որոնց անդամակցում է Հայաստանը, եւ այդ կառույցներում նաեւ որոշակի պարտավորություններ է վերցվել մարդու իրավունքների, ժողովրդավարության առումով», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Սաքունցը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG