Մատչելիության հղումներ

«Հայաստանի իշխանությունները հաղթեցին Եվրախորհրդին»


Եվրախորհրդի անդամ երկրների դրոշները Ստրասբուրգում

Եվրախորհրդի անդամ երկրների դրոշները Ստրասբուրգում

«Հայաստանի իշխանությունները հաղթեցին Եվրախորհրդին». - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսպես գնահատեց Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության անցած 10 տարիները Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հայաստանյան պատվիրակության առաջին ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը:

Նա նշեց, թե 2001 թվականին ինքն անձամբ` իբրեւ պատվիրակության ղեկավար, իսկապես կարեւորում էր Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցությունը, սակայն անցած 10 տարիները ցույց տվեցին, որ մարդու իրավունքների վիճակը երկրում այդպես էլ չբարելավվեց:

«Մենք խորը համոզված էինք, որ Եվրախորհրդի հետ համատեղ մենք կարող էինք Հայաստանում իսկապես լուրջ բարեփոխումներ կատարել` ժողովրդավարության, մարդու իրավունքների, մամուլի, խոսքի ազատության, եւ իսկապես այդ բոլոր պարտավորությունները Հայաստանը ընդունել էր: Ցավոք սրտի, այդ պարտավորություններից հիմնական մասը չի կատարվել այս 10 տարվա ընթացքում», - ասաց Հովհաննես Հովհաննիսյանը:

«10 տարվա ընթացքում Հայաստանում ընտրությունները շատ ավելի վատ անցան, եւ քանի գնում է` ընտրությունները շատ ավելի վատ են անցնում, ընտրությունները կեղծվում են, Եվրոպայի խորհուրդը փորձում է այս 10 տարիների ընթացքում իր Մոնիտորինգի հանձնաժողովի կամ իր մնացած կառույցների հետ միասին Հայաստանի հետ որեւէ երկխոսություն սկսել, այս իշխանությունները ընտրությունները կեղծում են, հետո փոխում են Ընտրական օրենսգիրքը` ասում են, որ մեղավորը օրենսգիրքն է, եւ այդ ճանապարհն անցանք ձեզ հետ միասին մինչեւ 2008 թվականի մարտի 1-ը, որը, կարծում եմ, Եվրոպայի խորհրդի եւ Հայաստանի հարաբերությունների վերջին կիզակետն էր` այն զիջումների եւ այն երկակի մոտեցումների, որ Եվրախորհուրդն էր ցուցաբերում Հայաստանին», - մանրամասնեց ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության առաջին ղեկավարը` հավելելով. - «Եվ մինչեւ անգամ «Մարտի 1»-ից հետո Եվրոպայի խորհրդում կամ ասենք եվրոպական ինստիտուտները իրական, ռեալ հետեւություններ չարեցին «Մարտի 1»-ով եւ ռեալ գնահատականներ մինչեւ վերջ չտվեցին»:

Եվրախորհրդի նման մոտեցման պատճառի վերաբերյալ հարցին Հովհաննես Հովհաննիսյանը արձագանքեց, որ Եվրոպայի խորհուրդը եւ ընդհանրապես միջազգային կառույցները այս դեպքում միշտ նշում են, թե իրենց պարտնյորը գործող իշխանություններն են, նրանց հետ են աշխատում, եւ թեկուզ փոքր քայլերով, բայց կամաց-կամաց մոտենում են բարեփոխումներին:

Մինչդեռ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության առաջին ղեկավարի համոզմամբ, անցած 10 տարիները ցույց տվեցին, որ Հայաստանի իշխանությունները ուղղակի «հաղթեցին» Եվրոպայի խորհրդին:

«Ի վերջո, այն երկխոսությունը, որ պիտի լիներ, կամ այն օգնությունը Եվրոպայի խորհրդի կողմից` Հայաստան եւ Եվրոպայի խորհուրդ, բախվեց գործող իշխանությունների բիրտ վարվելակերպին, եւ առայժմ հաղթում են այսօրվա գործող իշխանությունները, հաղթում է կոռուպցիան, հաղթում է կաշառակերությունը, հաղթում է ընտրակեղծիքը», - ընդգծեց Հովհաննես Հովհաննիսյանը` ամփոփելով. - «Ցավոք սրտի, այսօր իշխանությունները հաղթեցին Եվրախորհրդին»:

Հայաստանը Եվրախորհրդի լիիրավ անդամ է դարձել 2001 թվականի հունվարի 25-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG