Մատչելիության հղումներ

Lիբանանի հայ խորհրդարանականների մեծ մասը «Հեզբոլա»-ի թեկնածուին դեմ են քվեարկել


Լիբանանի նախկին վարչապետ Սաադ Հարիրի

Լիբանանի նախկին վարչապետ Սաադ Հարիրի

Լիբանանի խորհրդարանի հայազգի պատգամավորների մեծ մասը դեմ է քվեարկել «Հեզբոլա»-ի առաջադրած թեկնածուին վարչապետի պաշտոնում նշանակելու` երկրի նախագահի որոշմանը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հնչակյան կուսակցությունը ներկայացնող լիբանանցի պատգամավոր Սեպուհ Կալպակյանը:

«Հայազգի չորս պատգամավորները` ես եւ իմ կուսակից Սերժ Թուր-Սարգսյանը, ինչպես նաեւ Ռամկավար ազատական կուսակցության ներկայացուցիչն ու մեկ չեզոք պատգամավոր դեմ քվեարկեցինք Միկաթիի նշանակմանը: Դաշնակցության երկու պատգամավորները, հակառակը, կողմ արտահայտվեցին այդ նշանակմանը», - ասաց Կալպակյանը:

Հնչակյան պատգամավորի խոսքով` ինքն ու իր կուսակիցները որոշեցին հավատարիմ մնալ դեռ 2009 թվականի նոյեմբերին ձեւավորված դաշինքին, որի ղեկավարն էր Սաադ Հարիրին: «Դա քաղաքական ու ընտրական դաշինք էր, այդ իսկ պատճառով մենք շարունակում էինք աջակցել Սաադ Հարիրիի թեկնածությանը», - նշեց Կալպակյանը:

Լիբանանի նախագահի ընտրությունը, սակայն, կանգ առավ «Հեզբոլա»-ի աջակցությունը վայելող Նաջիբ Միկաթիի թեկնածության վրա, ինչը բողոքի ալիք բարձրացրեց երկրում: Նախկին արեւմտամետ իշխանության կողմնակիցները անկարգություններ կազմակերպեցին Լիբանանի մի շարք քաղաքներում` պահանջելով նոր կառավարություն ձեւավորել, որի ղեկավարը կրկին պետք է լինի Սաադ Հարիրին:

Ինքը նախկին վարչապետը հանդարտության կոչով դիմեց իր աջակիցներին: «Ձեր ցասումն ինձ համար միանգամայն հասկանալի է: Բայցեւայնպես, ցանկացած տեսակի բռնություն հակասում է մեր դավանած արժեքներին», - հայտարարեց Հարիրին:

Երկրի հայ համայնքի հետ Լիբանանի նորանշանակ վարչապետի հարաբերությունների վերաբերյալ հարցին Սեպուհ Կալպակյանը պատասխանեց. - «Չեմ կարող ասել, թե նա առանձնահատուկ կապեր ունի [հայ համայնքի հետ]: Լիբանանցի բոլոր քաղաքական գործիչների նման, սակայն, Միկաթին եւս հարգանքով է վերաբերվում հայ համայնքի կեցվածքին ու որդեգրած դիրքորոշմանը: Այսինքն, կա որոշակի բարեկամական կապ»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG