Մատչելիության հղումներ

Բարաք Օբամա. «ԱՄՆ-ի համար հիմա «սպուտնիկի» պահ է»


Բարաք Օբաման հանդես է գալիս իր ամենամյա ուղերձով, Վաշինգտոն, 25-ը հունվարի, 2011թ.

Բարաք Օբաման հանդես է գալիս իր ամենամյա ուղերձով, Վաշինգտոն, 25-ը հունվարի, 2011թ.

Երեքշաբթի երեկոյան Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսի երկու պալատների համատեղ նիստում հանդես եկավ իր թվով երկրորդ ամենամյա ուղերձով։ Այն հիմնականում նվիրված էր տնտեսական եւ սոցիալական թեմաներին։

Օբաման հիշեցրեց, որ տասնամյակներ առաջ` «սառը պատերազմի» տարիներին, Խորհրդային Միությունը տիեզերք էր արձակել առաջին արհեստական արբանյակը` «սպուտնիկը»։ Դա կատարյալ անակնկալ էր Միացյալ Նահանգների համար։ Ի պատասխան` Միացյալ Նահանգները վճռել էր տիեզերագնաց ուղարկել Լուսին եւ առաջ անցնել տիեզերական մրցավազքում։ Դա ոչ միայն արժանապատվության հարց էր, դա ընձեռել էր գիտությունը զարգացնելու, նոր տեխնոլոգիաներ եւ միլիոնավոր աշխատատեղեր ստեղծելու հնարավորություն։ Այսօր, ըստ Օբամայի, «Ամերիկայի համար «սպուտնիկի» պահ է», քանի որ գերտերությունը մի շարք առումներով հետ է մնում որոշ երկրներից:

Ի մասնավորի, ԱՄՆ-ի նախագահը նշել է կրթությունը, ասելով, որ մոլորակի լավագույն համալսարաններն ունեցող Ամերիկայում դպրոցները նահանջ են գրանցում, մինչդեռ Չինաստանը, Հարավային Կորեան եւ այլ պետություններ ըստ ամենայնի սատարում են իրենց կրթական համակարգերին։ Օբամայի խոսքերով, Միացյալ Նահանգները պարտավոր է խոշոր ներդրումների միջոցով վերականգնել ամերիկյան ուսումնական հաստատությունների համբավը։

Բացի այդ, ԱՄՆ-ը պետք է ներդրումներ անի ենթակառուցվածքների ոլորտում, ինչը թույլ կտա պահպանել մրցունակությունը արագ զարգացող աշխարհում եւ չզիջել մոլորակի առավել խոշոր ու զարգացած տնտեսությունն ունեցող երկրի դիրքը։

Բարաք Օբաման ասել է, որ եկել է կառավարական համակարգը բարեփոխելու ժամանակը։ «Վերջին անգամ կառուցվածքային փոփոխությունը տեղի է ունեցել սեւ-սպիտակ հեռուստատեսության դարաշրջանում», - ընդգծել է նախագահը։

Ներկաները, ավանդույթի համաձայն, ոտքի կանգնելով, բուռն ծափահարություններով եւ ոգեւորող ռեպլիկներով են արձագանքել նախագահի ելույթին, սակայն որոշ պահերին ծափահարել են միայն Օբամայի կուսակիցները` դեմոկրատները։

Նախագահը ասել է, որ երկրի առջեւ ծառացած լուրջ հիմնախնդիրները պետք է լուծել հանրապետական եւ դեմոկրատ օրենսդիրների համատեղ աշխատանքով։ Նա երկու կուսակցություններին կոչ է արել համագործակցել հարկային բարեփոխումների հարցում։

«Այսօր ընտանիքներն ամեն կերպ տնտեսում են, որ գոյատեւեն, իրենք վաստակել են նույն գործելակերպով աշխատող կառավարություն ունենալու իրավունք», - հայտարարել է Օբաման։

Միացյալ Նահանգների Սահմանադրությունը նախագահներին պարտադրում է երկրի կացության մասին պարբերաբար զեկույցներ ներկայացնել Կոնգրեսին։ Նախկինում նախագահները զեկույցները գրավոր են տարածել` օրենքը չի պահանջում անպայման հանդես գալ ելույթով, սակայն մոտ մեկ դար առաջ` Վուդրո Վիլսոնից սկսած, նախագահները ամենամյա ուղերձներն ընթերցում են Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG