Մատչելիության հղումներ

Հունվարի 26-ի մամուլ


«Առավոտ»-ը խմբագիրը գրում է. - «Երբ պետությունը որեւէ բան է ձեռնարկում, նա պիտի հաշվարկի այդ քայլի բոլոր հետեւանքները: Նախեւառաջ, իհարկե, սոցիալական: Վերջին օրինակներից մեկը մեքենաների պարտադիր ապահովագրումն է: Ընդհանուր առմամբ դա ճիշտ քայլ է. ամեն մի վթարից հետո այլեւս պետք չի լինելու «բազար» անել, թե ով է «ջառմեն քաշելու»: Ճիշտ է նաեւ այն, որ մեր նման երկրներում ապահովագրությունը պետք է լինի պարտադիր, մարդիկ պիտի զգան, որ դա իրենց ձեռնտու է, եւ հետո` տարիների ընթացքում, իրենք կամավոր գնան ապահովագրության: Սակայն սկսել այդ գործը այսօր, այս սոցիալական վիճակում, երբ մեր համաքաղաքացիների զգալի մասի համար տարեկան նույնիսկ 25 հազար դրամ մուծելը հսկայական ծախս է, ինձ թվում է, խիստ ժամանակավրեպ է: Մեկ այլ օրինակ. փողոցային առեւտուրը մեր մայրաքաղաքում արգելելը ճիշտ է. սկզբնական, «դախլայական կապիտալիզմի» փուլը մենք անցել ենք: Բայց այդ առեւտրով զբաղվողներին պետք է ոչ թե ինչ-որ վերացական «տեղ» առաջարկել, այլ այնպիսի տեղ, որն իրենց ձեռնտու կլինի: Չէ՞ որ խոսքը կենդանի մարդկանց եւ նրանց վաստակած հացի մասին է: Սկզբում համոզվեք, որ մարդիկ չեն տուժելու, հետո միայն քշեք նրանց առեւտրի հին կետերից»:

Ներքաղաքական զարգացումների եւ կուսակցությունների միավորումների մասին «Ժամանակ»-ը գրում է. -«Ներկա պայմաններում քոչարյանական ուղեծրի ուժերը հայտնվել են բավականին բարդ վիճակում եւ իրենք իրենց, բնականաբար, հարց են տալիս, թե` որ մի բան լինի, իրենց տերը ո՞վ է: Իսկ Հայաստանում այդ մի բան լինելու ուրվականը, կարծես թե, ավելի ու ավելի է գլուխ բարձրացնում, թե' հանրային, թե' իշխանական տիրույթներում տեղի են ունենում բաներ, որոնք եթե անգամ իմիտացիա են, ապա նախկինում դրանք դժվար էր պատկերացնել նույնիսկ իմիտացիոն էությամբ: Տրամաբանական է, որ այդ պարագայում նրանք պետք է փորձեն տեսնել իրենց «գլխի ճարը» եւ չմնալ միայն Քոչարյանի հույսին: Բնական է նաեւ, որ իրենց «գլխի ճարը» պետք է փորձեն տեսնել ոչ թե, ասենք, Դաշնակցության, որը քոչարյանական ուղեծրի մյուս հիմնական ուժն է համարվում, այլ «Բարգավաճ Հայաստան»-ի մեջ: Դաշնակցությունը բավականին կարծր է գաղափարախոսական առումով, եւ ամեն կուսակցություն չէ, որ կարող է ինքնալուծարվել եւ հայտարարել Դաշնակցությանը միանալու մասին: Այստեղ կոնտրաստը, հետեւաբար` այդ միավորման անհեթեթությունը չափազանց մեծ կլինի»:

Պատգամավոր Արտակ Դավթյանը (ՀՀԿ) «Հայոց Աշխարհ»-ի հետ զրույցում ասում է. - «Կենտրոնական բանկը արտարժութային պահուստներով լուծում է նաեւ գների կայունության ապահովման խնդիրը։ Պարենային շուկան կարգավորելու համար անհրաժեշտ են նույնատիպ միջոցներ, որոնք մեզանում ուղղակի բացակայում են։ Մինչդեռ եթե ունենայինք առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների պահուստներ, դա հնարավորություն կտար էապես մեղմել համաշխարհային շուկայում պարբերաբար արձանագրվող գնային տատանումների ազդեցությունը մեր շուկայի վրա։ Օրինակ, Նոր տարվա շեմին ձվի գների հետ կապված պատմությունը չէր լինի, եթե պետությունը մի քանի միլիոն պահեստավորած ձու ունենար եւ հաներ շուկա։ Վերջապես, պատկերացրեք՝ ինչ կլիներ, եթե ռուս-վրացական հնգօրյա պատերազմը ավելի երկար տեւեր։
Այսինքն՝ կյանքը ինքն է ապացուցում, որ դա անկանխատեսելի իրավիճակներից պաշտպանվելու ամենաարդյունավետ ճանապարհն է, եւ կառավարության առաջնահերթ խնդիրներից մեկը պետք է լինի ձեւավորել համապատասխան պահուստներ, որպեսզի բնակչությունը հնարավորինս զերծ մնա նմանատիպ վայրիվերումներից»։

«Գրանդ հոլդինգ»-ի ղեկավար Հրանտ Վարդանյանը այն հայ գործարարներից է, ով ներդրումներ է կատարել Վրաստանում: Նա Վրաստանում ներդրել է մոտ 2 միլիոն ԱՄՆ դոլար` հիմնելով ծխախոտի արտադրություն: «Հրապարակ»-ը այս հարցով զրուցում է նրա հետ: Լրագրողը հարցնում է - «Որպես գործարար Ձեզ համար որտեղ է ավելի ձեռնտու աշխատել` Հայաստանո՞ւմ, թե՞ Վրաստանում»: Վարդանյանը պատասխանում է. - «Որպես գործարար կարող եմ ասել, որ այն պետությունում, որը խթանում է տեղական արտադրությունը, այդտեղ էլ ձեռնտու է: Մեր մոտ մի քիչ անհասկանալի տնտեսական քաղաքականություն է մեր կառավարությունը վարում տեղական արտադրողի հանդեպ, նաեւ` գյուղատնտեսության: Այնպես որ, այդ հարցին չեմ կարող ստույգ պատասխանել: Այն, որ Հայաստանում հիմա ավելի ձեռնտու չէ, դա ակնհայտ է, բայց, իհարկե, մենք պայքարելու ենք մինչեւ վերջ»:

«Կապիտալ»-ը տեղեկացնում է, որ ըստ «Տարածաշրջանային տնտեսական հեռանկարները ՎԶԵԲ-ի գործունեության երկրներում»` երեկ հրապարակված ամփոփ զեկույցի տվյալների, Հայաստանի տնտեսական աճը 2011 թվականին կկազմի 4.5 տոկոս. - «Եվրոբանկի վերլուծաբանների գնահատմամբ` Հայաստանի տնտեսությունն աստիճանաբար վերականգնվում է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքով արտադրության ծավալների կտրուկ անկումից հետո: Բանկի գնահատմամբ` 2010 թվականի Հայաստանում գրանցվել է տնտեսական աճի տեմպերի աստիճանական նվազման միտում, որն առավելապես պայմանավորված է եղել գյուղատնտեսական արտադրանքի ծավալների կտրուկ անկմամբ: Զեկույցում նշված է, որ երկրի տնտեսությունը ներկայում աշխուժանում է դրսի տրանսֆերտների եւ պետական ֆինանսավորման ծրագրերի շնորհիվ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG