Մատչելիության հղումներ

logo-print

«Հեզբոլա» շարժման առաջադրած թեկնածուն` Լիբանանի վարչապետ


Լիբանանի նորանշանակ վարչապետ Նաջիբ Միքաթին:

Լիբանանի նորանշանակ վարչապետ Նաջիբ Միքաթին:

Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանն այսօր վարչապետի պաշտոնում նշանակել է «Հեզբոլա»-ի առաջադրած Նաջիբ Միքաթիին:

Առաջին անգամ Լիբանանի պատմության մեջ շիա մահմեդականների շահերը պաշտպանող «Հեզբոլա» շարժումը հնարավորություն է ստանում կառավարություն ձեւավորել:

Լիբանանի սահմանադրության համաձայն, վարչապետի պաշտոնը կարող է զբաղեցնել միայն սուննի մահմեդական համայնքի ներկայացուցիչը: Շիա մահմեդականների «Հեզբոլա» շարժմանը հաջողվել է ընդհանուր հայտարարի գալ սուննի համայնքի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկի` խոշոր գործարար Նաջիբ Միքաթիի հետ, որը 2005-ին արդեն իսկ մի քանի ամիս զբաղեցրել է կառավարության ղեկավարի պաշտոնը:

Միքաթիի եւ «Հեզբոլա»-ի ղեկավարության միջեւ կնքված անակնկալ դաշինքը լիբանանցի սուննիների մեծամասնությունը «դավաճանություն» է որակել: Երեկ երեկոյան, երբ հայտնի դարձավ, որ Միքաթին համաձայնել է զբաղեցնել վարչապետի պաշտոնը, սուննիներով բնակեցված Տրիպոլի քաղաքում անկարգություններ սկսվեցին, որոնք արագորեն տարածվեցին երկրի մի շարք այլ բնակավայրերում: Անկարգություններն այնպիսի ծավալ ստացան, որ նախկին վարչապետ Սաադ Հարիրին ստիպված էր դիմել իր կողմնակցիներին` հանդարտության կոչով:

«Ձեր ցասումն ինձ համար միանգամայն հասկանալի է, սակայն ցանկացած տեսակի բռնություն հակասում է մեր դավանած արժեքներին», - նշել է Հարիրին:

Նորանշանակ վարչապետ Նաջիբ Միքաթին մի քանի ժամ առաջ հայտարարել է, որ նոր կառավարության ձեւավարման շուրջ քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունները մեկնարկելու են հինգշաբթի օրը:

Հիշեցնենք, որ ներքաղաքական ճգնաժամը Լիբանանում ծագեց այն բանից հետո, երբ «Հեզբոլա»-ն եւ դաշնակից քաղաքական ուժերը, այդ թվում` Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, լքեցին Սաադ Հարիրիի ղեկավարած կառավարությունը: Այդ քայլով երկրի ընդդիմությունը բողոքում էր նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանությունը հետաքննող միջազգային դատարանի եզրակացության դեմ, ըստ որի 2005-ին իրականացված սպանության կազմակերպման մեջ ներգրավված են եղել նաեւ «Հեզբոլա»-ի անդամներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG