Մատչելիության հղումներ

logo-print

Հունվարի 25-ի մամուլ


«Հայկական ժամանակ»-ը խմբագրականում գրում է. - «Երեւանի յուրաքանչյուր նոր քաղաքապետ, համենայն դեպս` վերջին 7-8 տարիներին, իր գործունեությունը սկսել է փողոցային առեւտրի դեմ պայքարից: Այս առումով Կարեն Կարապետյանի հայտարարած պատերազմը փողոցային առեւտրի դեմ ամենեւին էլ յուրահատուկ չէ: Խնդիրը, անշուշտ, այն չէ, թե որոշ ժամանակ անց Երեւանի փողոցները կրկին կլցվեն առեւտրականներով, թե ոչ: Խնդիրն այն է, որ բոլոր քաղաքապետերը իրենց պաշտոնավարման սկզբում լուծում են հարցեր, որոնք հնարավոր է լուծել ոստիկանական մահակների օգնությամբ: Իսկ Երեւանի այն խնդիրները, որոնք շատ արմատական են եւ որոնց լուծման համար պետք են ոչ թե ոստիկանական մահակներ, այլ խելք ու կամք, այդպես էլ մնում են չլուծված: Օրինակ, տրանսպորտի հարցը: Երեւանը թերեւս միակ մայրաքաղաքն է աշխարհում, որտեղ քաղաքային տրանսպորտը բաղկացած է ոչ թե տարողունակ մեծ ավտոբուսներից, այլ երթեւեկությունը հիմնավորապես խաթարող միկրոավտոբուսներից: Այս խնդիրը հաստաբազուկ կարմիրբերետավորներով լուծել հնարավոր չէ»:

«Ժամանակ»-ը գրում է. - «Երեկ Ռուսաստանում տեղի է ունեցել երկու իրադարձություն, որոնք առաջին հայացքից որեւէ էական կապ չունեն իրար հետ: Խոսքը Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպման մասին է` ղարաբաղյան բանակցությունների շրջանակում, եւ Դոմոդեդովո օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկության, որը խլել է տասնյակ մարդկանց կյանքեր: Դոմոդեդովոյում տեղի ունեցած ահաբեկչությունը բարձրացնում է որպես պետություն Ռուսաստանի վստահելիության, կենսունակության հարցը: Արդյո՞ք այդ պետությունն այսօր վստահելի եւ կենսունակ պետություն է, որին կարելի է վստահել միջազգային խնդիրների լուծում, այդ թվում` եւ ղարաբաղյան խնդրի: Այդ հարցի պատասխանն ակնհայտորեն բացասական է: Ինչպես պարզվում է, Ռուսաստանը մի պետություն է, որտեղ ահաբեկիչներն առավել արդյունավետ են գործում, քան իշխանությունները, եթե իհարկե չդիտարկենք պարբերաբար հենց ռուսական իսկ մամուլում ի հայտ եկող վարկածը, որ իշխանություններն ու ահաբեկիչներն այդ երկրում գործում են համագործակցված»:

«Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանին «168 ժամ»-ի թղթակիցը հարցնում է. - «Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների հակամարտությունը, Ձեր կարծիքով, իրակա՞ն է, թե՞ դա այնուամենայնիվ խաղ է իշխանական դաշտում»: Մանուչարյանը պատասխանում է. - «Պետք է մի քիչ վեր բարձրանալ եւ այդ հարաբերություններին այնտեղից նայել: Ռուսաստանում կա Մեդվեդեւ-Պուտին մրցակցությունը, բայց ես համոզված եմ, որ այդպիսին գոյություն չունի: Երբ ինչ-որ մարդիկ պայմանավորվում են գլոբալ խաբեության համար, դա պետք է այնքան նման լինի ճշմարտությանը, որ մարդիկ դա այդպես ընդունեն: Այն էլ մարդիկ չէ, համակարգերը: Եթե երկուսը պայմանավորվում են, իրենցից ցածր ոչ ոք չգիտի, որ պայմանավորվածություն կա: ԲՀԿ-ն եւ ՀՀԿ-ն անկեղծ են իրենց բոլոր գործողությունների մեջ»: Հարցին, թե հնարավո՞ր է, որ հաջորդ ընտրություններին ԲՀԿ-ն դառնա իշխող ուժ, Աշոտ Մանուչարյանը արձագանքում է. - «Դեռեւս ՀՀ-ում քաղաքական ուժերը շատ թե քիչ հավասարակշռված են: Ես ասացի, որ Արեւմուտքի ազդեցությունն արդեն բավականաչափ մեծ է եւ սրընթաց աճում է: Այդ հավասարակշռությունը խախտվելու է անկասկած: Մինչեւ 2013-ը եթե այս տրամադրությունները պահպանվեցին, ՌԴ-ի ազդեցությունը չնչին է լինելու, զրոյին մոտ: Բայց քանի որ բալանսավորված է, այսօր ՌԴ-ն կարողանում է հսկայական ազդեցություն ունենալ: Հայաստանի հարցը ՌԴ-ի համար սոսկ Հայաստանի հարց չէ: Դա իր լինել-չլինելու հարցն է»:

«Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահ Գագիկ Թադեւոսյանը «Հայոց Աշխարհ»-ին ասում է. - «Եթե հիշում եք, 1995 թվականին ՀՀՇ-ն, զգալով, որ իր վարկանիշն այնքան էլ բարձր չէ, ստեղծեց «Հանրապետություն» միավորումը, որի մեջ ընդգրկվեցին Հանրապետական կուսակցությունը, ՍԴՀԿ-ն, ՀՔԴՄ-ն եւ այլ քաղաքական ուժեր։ Չեմ ուզում ասել, թե այսօր Հանրապետականը ցածր վարկանիշ ունի եւ միայնակ չի կարողանա բարձր ցուցանիշներ արձանագրել։ Քա՛վ լիցի։ Բայց վատ չէր լինի, որ ստեղծվեր ավելի հզոր նախընտրական բլոկ, օրինակ, «Առաջ, Հայաստան» դաշինք, որի մեջ մտնեն բոլոր քաղաքական ուժերը, որոնք սատարում են Հանրապետական կուսակցությանը, հանրապետության նախագահին եւ նրա ծրագրերին։ Սա մոտեցումներից մեկն է։ Կարող են լինել այլ տարբերակներ»:

«Իրատես de facto»-ի թղթակիցը Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանին հարցնում է. - «Ձեր կարծիքով` 2011 թվականին Հայաստանի քաղաքական դաշտում, նկատի ունենալով, որ տարին նախընտրական է, ի՞նչ վերադասավորումներ են հնարավոր, արդյոք ի հայտ կգա՞ միֆական երրորդ ուժը, որի մասին չեն դադարում խոսել»: Նիկոյանի պատասխանը. - «Երրորդ ուժը դրսի՞ց պետք է ներմուծվի… Իսկ Հայաստանում ինչքա՞ն ազատ քաղաքական ռեսուրս կա, որ կարելի է համախմբել ու ստեղծել այնպիսի մի երրորդ ուժ, որը լինի ազդեցիկ: Եթե կա, ցույց տվեք` ո՞րն է ու որտե՞ղ է: Այո, միմյանցից ընտրազանգված տանելու խնդիր կա, որը կլուծվի-չի լուծվի, Աստված գիտի: Իսկ կա՞ քաղաքական գործիչների այն խումբը, եւ այն լիդերները կա՞ն, ուզենք-չուզենք, քաղաքական ուժը ենթադրում է լիդերի առկայություն, որոնք կարող են ստեղծել նոր ուժ, որը էական ազդեցություն ունենա: Վերադասավորումնե՞ր` այո, ինչքան շուտ ու շատ, այնքան լավ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG