Մատչելիության հղումներ

«Դոմոդեդովո»-ի պայթյունից տուժածների թվում հայեր կան


Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում երկուշաբթի օրը տեղի ունեցած պայթյունից տուժածների ցուցակում հայկական կամ հայկականին նման առնվազն չորս ազգանուն կա:

Զոհվածներից 8-ի ինքնությունը դեռեւս չի պարզվել: Վիրավորվածների թվում են 42-ամյա Կարեն Միխայիլի Գալուստյանը, 57-ամյա Յուրի Ալբերտի Վարդանովը, 65-ամյա Գուրիան Վարդանի Խաչատուրովը եւ 58-ամյա Անատոլի Աշոտի Պողոսբեկովը: Նրանք մոսկովյան հիվանդանոցներում են: Հայտնի է, որ Կարեն Գալուստյանի վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության: Գուրան Խաչատուրովի եւ Անատոլի Պողոսբեկովի վիճակը ծանր է: Յուրի Վարդանովի մասին տեղեկություններ չկան: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մամլո խոսնակ Գեւորգ Մինասյանը:

Հունվարի 24-ին «Դոմոդեդովո» օդանավակայանի միջազգային տերմինալի ժամանման սրահի մոտակայքում Մոսկվայի ժամանակով 16:32 տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության` երեքշաբթի վաղ առավոտյան հրապարակած տվյալների համաձայն, 35 մարդ զոհվել է, մոտ 180-ը` վիրավորվել:

Վերջին տվյալներով` վիրավորներից 110-ը հիվանդանոցներում են, մի մասը` ծանր վիճակում:

Երկուշաբթի երեկոյան Հայաստանի արտգործնախարարությունը հայտնել էր, որ նախնական տվյալներով` զոհվածների թվում Հայաստանի քաղաքացիներ չկան:

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը երեքշաբթի առավոտյան հրապարակել է զոհվածների ոչ լրիվ ցուցակ` 26 անուն-ազգանուններով. դրանց թվում հայկական կամ հայկականին նման ազգանուններ չկան:

Զոհվածների թվում կան արտասահմանցիներ:

«Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դմիտրի Մեդվեդեւին:

Հեռագրում, որի տեքստը երեքշաբթի օրը տեղադրվել է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում, մասնավորապես, ասված է. - «Խորապես ցնցված եւ վրդովված եմ «Դոմոդեդովո» օդանավակայանում մի քանի տասնյակ անմեղ մարդկանց կյանք խլած արյունալի ահաբեկչության մասին տեղեկատվությունից: Անկեղծ ցավակցությունս եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին, բոլոր ռուսաստանցիներին: Այդ սարսափելի հանցագործության զոհերի հարազատներին եւ մտերիմներին ցանկանում եմ հոգու տոկունություն եւ արիություն, իսկ վիրավորներին` շուտափույթ ապաքինում եւ վերականգնում: Վստահ եմ, որ ձեռնարկված միջոցները թույլ կտան հայտնաբերել եւ պատժել մեղավորներին, հետագայում կանխել նմանատիպ հանցագործությունները»:

Հունվարի 26-ին Մոսկվայում եւ Մոսկվայի մարզում սգո օր է հայտարարվել:

Անկախ փորձագետները արձանագրում են, որ վերջին տարիներին` 2008-ից սկսած, Ռուսաստանում ահաբեկչական հարձակումների թիվը աճել է:

2009-ի նոյեմբերի 27-ին ահաբեկիչները պայթեցրել են Մոսկվան եւ Սանկտ Պետերբուրգը իրար կապող «Նեւսկի էքսպրես» գնացքը, որի արդյունքում 28 մարդ զոհվել էր, 92-ը` վիրավորվել: 2010-ի մարտի 29-ին Մոսկվայի մետրոյի երկու կանգառներում տեղի ունեցած պայթյունների արդյունքում 39 մարդ էր զոհվել, 60-ը` վիրավորվել:

Ռուսաստանյան լրատվամիջոցները հաղորդում են, որ պայթյունի բոլոր հետքերը Հյուսիսային Կովկաս են տանում, եւ կատարվածի մեջ մեղադրում են հյուսիսկովկասյան ահաբեկչական խմբավորումներին եւ Ռուսաստանի իրավապահ մարմիններին:

Վերլուծաբանները նկատում են, որ երեկվա ահաբեկչությունից հետո կավելանան ազգամիջյան հողի վրա բախումները Ռուսաստանում:

«Դոմոդեդովո»-ում զոհերի թիվը հասել է 35-ի
please wait

No media source currently available

0:00 0:01:45 0:00

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG