Մատչելիության հղումներ

Հայաստանի արտաքին պարտքը «լիովին կառավարելի է»


Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը լրագրողների հետ հանդիպմանը: 24-ը հունվարի, 2011թ.

Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը լրագրողների հետ հանդիպմանը: 24-ը հունվարի, 2011թ.

Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի պնդմամբ, Հայաստանի արտաքին պարտքը լիովին կառավարելի է: Նախարարի ներկայացմամբ, 2010 թվականին Հայաստանի արտաքին պարտքը կազմել է 3 միլիարդ 795 միլիոն դոլար, կամ ՀՆԱ-ի 44,4 տոկոսը, եւ առաջիկա տարիներին այդ համամասնությունը չի աճի ու չի մոտենա օրենքով թույլատրված 50 տոկոս սահմանին:.

«2011 թվականին մենք ենթադրում ենք, որ դա կլինի նույն չափի վրա, այսինքն` մենք 2011 եւ 2012 թվականներին կունենանք նույն «համախառն պարտք - ՀՆԱ» հարաբերակցությունը, չենք մոտենա օրենքով սահմանափակված սահմանին, եւ պարտքի բեռը արդեն 2013 թվականից կսկսի նվազել»:

Արտաքին պարտքի նվազմանը, ըստ նրա, կնպաստի այն հանգամանքը, որ միջնաժամկետ ծրագրերում պետական բյուջեի դեֆիցիտը կնվազի։

Թեեւ Հայաստանի կառավարությունը արդեն հայտարարել է արտաքին ֆինանսավորմամբ ենթակառուցվածքային խոշոր ծրագրերի` ատոմակայանի, Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման մասին, սակայն, ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան նշեց Վաչե Գաբրիելյանը, գոյություն ունեն դրանք ֆինանսավորելու բազմաթիվ տարբերակներ, որոնք պարտադիր չէ, որ ներառեն պետական պարտք:

«Եթե անգամ ինչ-որ մասեր ֆինանսավորվեն երաշխիքների կամ ինչ-որ բանի ձեւով, դրանք էլ ամբողջովին պետական պարտքի մեջ չեն ընդգրկվի: Սակայն այս պահին կոնկրետ ծրագրեր, որ հատկապես պետական պարտքով ֆինանսավորվեն` թե' երկաթուղու, թե' ատոմակայանի շինարարությունը, չկան: Քննարկվում են բազմաթիվ մոտեցումներ, այդ թվում` հնարավոր է ամբողջովին մասնավոր ֆինանսավորումը», - հայտարարեց նախարարը:

Հիշեցնենք, որ 2013 թվականին Հայաստանը պետք է 500 միլիոն դոլար վճարի արտաքին պարտքի սպասարկման համար, ինչը, որոշ տնտեսագետների կարծիքով, կարող է հանգեցնել դեֆոլտի:

Ֆինանսների նախարարը խոսքով, իրենք վերլուծել են տարբեր «շոկային սցենարներ», ու հանգել են եզրակացության, որ արտաքին պարտքի սպասարկման խնդիրներ Հայաստանը չի ունենա.

«Բայց կան ֆինանսավորման մեխանիզմներ, եւ եթե մենք բոլոր միջոցները համադրում ենք, ապա այս ցուցանիշները, որոնք ցույց են տալիս պարտքի կայունության կամ առողջության աստիճանը, մեզ մտահոգվելու տեղիք չեն տալիս», - նշեց նախարարը:

Ինչ վերաբերում է գնաճին, որը տարեվերջին կազմեց 9,4 տոկոս, ապա, Գաբրիելյանի պնդմամբ, խնդիր ունեինք «առաջարկի շոկի հետ»: Սակայն Կենտրոնական բանկի կողմից դրամավարկային պայմանների խստացումը, իսկ ֆինանսների նախարարության կողմից առաջիկա տարիներին դեֆիցիտի կրճատումը կնպաստեն գնաճի զսպմանը:

«Մեր գնահատականներով, 2011-ին գնաճը կլինի տարեվերջին երեւի 5-5.5 տոկոսի շրջանակներում», - հայտարարեց Գաբրիելյանը:

Անդրադառնալով 2010 թվականի բյուջեի կատարմանը` Վաչե Գաբրիելյանը նշեց, որ անցած տարի հավաքագրվել է 591 միլիարդ դրամ` նախատեսված 570 միլիարդի փոխարեն, ինչը, սակայն, լուրջ բարելավում համարել չի կարելի. - «Ցավոք սրտի, 2010 թվականին բարելավում այդ ոլորտում մենք չենք արձանագրում: Կանխատեսված տնտեսական աճը 1.2 տոկոսի փոխարեն մենք կունենանք, ամենայն հավանականությամբ, 2.6 տոկոս»:


Այս տարի արդեն, ըստ ֆինանսների նախարարի, հարկեր - ՀՆԱ հարաբերակցությունը կկազմի 17 տոկոս:

Արդյո՞ք սատարում եք հանքարդունաբերության ոլորտում հարկային բեռի ավելացմանը միտված ու Համաշխարհային բանկի մշակած «Ընդերքի մասին» նոր օրենսգրքի ընդունմանը` «Ազատություն» ռադիոկայանի հարցին նախարարը արձագանքեց. - «Բնականաբար, մենք ունենք ոլորտներ, որոնք հարկման մեծ արդյունավետությամբ չեն փայլում: Արդյո՞ք այդպիսին է հանքարդյունաբերության ոլորտը եւ արդյո՞ք նման մոտեցման ընդունումը ամբողջովին կլուծի այնտեղի հարցերը, թե պետք են որոշ` ավելի կամ պակաս միջոցառումներ, ցույց կտան քննարկումները: Մենք վերջնական մեր դիրքորոշումը կարտահայտենք այդ ուղղությամբ»:

Խոսելով Ֆինանսների նախարարությունում կառուցվածքային եւ կադրային փոփոխությունների մասին` նորանշանակ նախարարը նշեց, թե այս պահին իր կողմից կադրային փոփոխություններ դեռ չեն կատարվել: Իսկ նախարարության եւ պետեկամուտների կոմիտեի միաձուլման մասին խոսք անգամ չկա:

Վեջում տեղեկացնենք, որ Վաչե Գաբրիելյանի տեղեկություններով, Դավոսի տնտեսական համաժողովին այս տարի հայաստանյան որեւէ պաշտոնյա չի մասնակցելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG