Մատչելիության հղումներ

Նախնական տվյալներով` Ռուսաստանի մայրաքաղաքի «Դոմոդեդովո» օդանավակայանում երկուշաբթի օրը տեղի ունեցած պայթյունից զոհվածների թվում չկան Հայաստանի քաղաքացիներ, «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:

Ռուսաստանյան լրատվամիջոցների` տեղական ժամանակով ժամը 20:00-ի սահմաններում հաղորդած տվյալներով, պայթյունի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 35-ի: Հիվանդանոցներում են գտնվում, օդանավակայանի մամուլի քարտուղարի տվյալներով` 46, Ռուսաստանի առողջապահության եւ սոցիալական զարգացման նախարարության տվյալներով` 58 մարդ: Չի ճշգրտվում այն անձանց թիվը, որոնց օգնություն է ցուցաբերվել տեղում:

Ավելի վաղ հաղորդվել էր 31 զոհերի եւ շուրջ 130 վիրավորների մասին։

Պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 16:32 ուղեւորների ժամանման սրահում։

Փաստի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ահաբեկչության, սպանության եւ ապօրինի զենք-զինամթերքի հատկանիշներով: Իրավապահները չեն բացառում, որ պայթյունը իրականացրել է մահապարտ ահաբեկիչը:

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը կարգադրել է անվտանգության հատուկ ռեժիմ սահմանել երկրի բոլոր օդանավակայաններում եւ այլ տրանսպորտային հանգույցներում:

Ինչպես «Սիբիր» ավիաընկերությունից տեղեկացրել էին «Ազատություն» ռադիոկայանին, Երեւանից ժամը 17:55-ին Մոսկվա թռչող ինքնաթիռը (թռիչքը 2.5 ժամ է տեւում) վայրէջք էր կատարելու հենց «Դոմոդեդովո»-ում:

Իսկ Մոսկվայից Երեւան ուղեւորվող «Արմավիա» ավիաընկերության ինքնաթիռը ժամը 16:35-ին նորմալ վայրէջք է կատարել Երեւանում:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG