Մատչելիության հղումներ

Վերջին օրերին երեւանյան խանութներում նկատվում է հացի թանկացում 10 - 20 դրամով:

«Սպառողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանը եւ տնտեսագետ Սամվել Ավագյանը երկուշաբթի օրը լրագրողների հետ կայացած հանդիպմանը չբացառեցին առաջիկայում հացի նոր թանկացումները:

Ներկայումս ալյուրի մեծածախ վաճառքով զբաղվող երեւանյան երկու շուկաներում 50 կիլոգրամանոց մեկ պարկ ալյուրը թանկացել է մոտ 10 տոկոսով` հասնելով գրեթե 12 հազար դրամի: Վաճառողները տեղեկացրին, որ ալյուրը թանկացել է ցորենի թանկացման հետեւանքով:

Սամվել Ավագյանի խոսքով` ներմուծող ընկերությունները կրկին թանկացրել են ալյուրը` ցորենի միջազգային գների աճի պատճառով: Ըստ տնտեսագետի, ներմուծողները դեռ ունեն անցած տարվանից մնացած համեմատաբար էժան ցորենի պաշարներ, բայց երբ այդ պաշարները սպառվեն ու ընկերությունները շուկա հանեն միայն թանկ ցորենը, ապա ալյուրի, հետեւաբար նաեւ հացի գինը է'լ ավելի կբարձրանա:

«Վերջին տվյալներով ցորենի միջազգային գինը հասել է 330 դոլարի մեկ տոննայի դիմաց, իսկ Փարիզի բորսայում` մինչեւ 350 դոլարի, որը բարձրակարգ ֆրանսիական ցորենն է: Մեր տարածաշրջանում, որի հետ մենք առեւտուր ենք անում, ձեւավորվել են հետեւյալ գները` Ուկրաինայում 300 դոլարով են գնում` նախկին 250-ի փոխարեն, եւ Ղազախստանում 305 դոլարով են գնում` նախկին 220-ի փոխարեն: Փոթիի նավահանգստում մեկ տոննա ցորենը վաճառվում է 400 դոլարով, այսինքն հունվար ամսին Հայաստան ցորեն ներկրվում է զգալիորեն ավելի թանկ գներով, քան 2010-ին կամ 2009-ին, եւ դա որոշ չափով անդրադարձել է ալրաղացների կողմից սահմանվող մեծածախ գների վրա», - ասաց Սամվել Ավագյանը:

Ցորենի միջազգային գների թանկացումը, ինչպես Ավագայանն ասաց, «որոշ չափով են անդրադարձել» Հայաստանում ալյուրի թանկացման վրա: Ըստ նրա, կան նաև ներքին պատճառներ` այդ թվում շուկայում առկա մոնոպոլ վիճակը:

«Հացահատիկի բիզնեսում միջին բիզնեսը չի կարող մուտք գործել, որովհետեւ հացահատիկ ներկրելու համար պետք է մեծ խմբաքանակներ ներկրես, որպեսզի դա արդարացնի իրեն: Բայց փոքր կամ միջին բիզնեսը կարող է ներմուծել ալյուրը, մեզ մոտ վերջին երեք տարիների կտրվածքով ալյուրի ներկրման կտրուկ անկում կա, որի պատճառները ոչ ոք չգիտի: 2008 թվականին ներմուծել ենք 20 հազար տոննա ալյուր, 2010-ին` 4 հազար տոննա, այսինքն ալյուրի ներկրումը հինգ անգամ նվազել է», - ասաց տնտեսագետը:

«Ազատություն» ռադիոկայանին Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տրամադրած վերջին տվյալների համաձայն` 2009-ին Հայաստան ներկրվել է ավելի քան 438 հազար տոննա հացահատիկ` այդ թվում ցորեն, իսկ Հայաստանում արտադրվել է գրեթե 375 հազար տոննա: Այսինքն հայաստանյան պահանջարկի 53.8 տոկոսը ներմուծվել է:

«Սպառողների ասոցիացիա» հկ-ի նախագահ Արմեն Պողոսյանի համոզմամբ` Հայաստանում ալյուրի ու հացի հերթական թանկացումների պատճառը նախ եւ առաջ պետք է փնտրել երկրի ներսում:

«Պատճառը անվերահսկելիությունն է եւ անպատժելիությունը: Պատասխանատուն այս առումով Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն է», - ասաց Պողոսյանը:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամլո քարտուղար Նելլի Դանիելյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց հետեւյալը. - «Կոնկրետ հացի շուկան` որպես այդպիսին հանձնաժողովի իրավասություններից դուրս է, քանի որ շուկան ազատականացված է, այստեղ բազմաթիվ արտադրող սուբյեկտներ են գործում: Հանձնաժողովի իրավասությունների ներքո է միայն ցորենի ալյուրի շուկան: Հանձնաժողովի ուրբաթ օրվա մոնիտորինգը արձանագրել է ընդամենը ութ դրամ աճ` 1 կգ-ի համար», - ասաց Դանիելյանը` հավելոլով, որ այսօրվա մոնիտորինգի տվյալները դեռ պատրաստ չեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG