Մատչելիության հղումներ

Լավրովը, Նալբանդյանը եւ Մամեդյարովը կհանդիպեն Մոսկվայում


Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը ՆԱՏՕ-ի լիսաբոնյան գագաթնաժողովի շրջանակներում, 20-ը նոյեմբերի, 2010թ.

Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը ՆԱՏՕ-ի լիսաբոնյան գագաթնաժողովի շրջանակներում, 20-ը նոյեմբերի, 2010թ.

Երկուշաբթի օրը Մոսկվայում նախատեսված է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի, Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը։

Սպասվող հանդիպման մասին հունվարի 13-ին հայտնել էր Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը` նշելով, թե երեք երկրների արտգործնախարարները հանդիպում են անցկացնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում եռակողմ` Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների ձեւաչափով անցկացվող յուրաքանչյուր բանակցությունից առաջ:

«Արտգործնախարարներն այդ շփումների ժամանակ ձգտում են շոշափել երկու-երեք հարցերի լուծումները, որոնք թեեւ աննշան են մյուս` արդեն իսկ համաձայնեցված հարցերի համեմատությամբ, բայցեւ ավելի բարդ են համարվում», - ասել էր Լավրովը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի աշխատակազմի միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը, օրերս Բաքվում Ռուսական տեղեկատվական-մշակութային կենտրոնի բացման արարողությունից հետո զրուցելով լրագրողների հետ, ասել է, որ չնայած բանակցային գործընթացի ակտիվացմանը եւ նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի հանդիպումներին, որոնք տեղի են ունենում նաեւ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի միջնորդությամբ, չնայած Աստանայում ԵԱՀԿ-ի գագաթնաժողովի ընթացքում արված հայտարարություններին, Լեռնային Ղարաբաղի կարգավորման խնդրում սպասված առաջխաղացումը չկա։

Միաժամանակ, Մամեդովը ընդգծել է, որ, այնուամենայնիվ, հարկ է շարունակել բանակցային գործընթացը։ «Հանդիպումը պետք է հստակեցնի ղարաբաղյան բանակցությունների ուղղությունը», - ասել է Նովրուզ Մամեդովը։

Վերջին անգամ նախարարներ Լավրովը, Նալբանդյանը եւ Մամեդյարովը հանդիպել են անցյալ տարվա դեկտեմբերի 9-ին Մոսկվայում, ինչին նախորդել էր Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի մասնակցությունը Աստանայում գումարված ԵԱՀԿ-ի գագաթնաժողովին, որը, ըստ վերլուծաբանների, ղարաբաղյան բանակցային գործընթացի առումով լիովին ձախողվել է։

Գագաթնաժողովից առաջ Դմիտրի Մեդվեդեւը հույս էր հայտնել, որ Հայաստանը եւ Ադրբեջանը միջնորդ երկրների` Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների օգնությամբ կհամաձայնեցնեն այն տարաձայնությունները, որոնց առկայության պատճառով չի հաջողվում առաջ տանել բանակցային գործըընթացը, մինչդեռ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը Աստանայում նույնիսկ չհանդիպեցին։

Արդյունքում, Ղազախստանի մայրաքաղաքում ընդամենը հրապարակվեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, Մինսկի խմբի համանախագահող երկրներ` Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի, Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի համատեղ հայտարարությունը, որով կողմերը պարտավորվել են ավելի վճռական քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ուղղությամբ։

Անցած հինգշաբթի օրը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հրաձգության արդյունքում զոհվել է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայող Հովիկ Սուքիասյանը։

Պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժինը տեղի ունեցածն անվանել է «ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված հերթական սադրիչ քայլ», հավելելով, որ փոխհրաձգության ընթացքում ադրբեջանական զինուժի կրած կորուստն անհամեմատ մեծ է:

Ադրբեջանական կողմը պնդում է, որ կորուստ չի կրել։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG